ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, եթե հիվանդանոցում չկան սանիտարահիգիենիկ համապատասխան պայմաններ, ապա կարո՞ղ եմ բողոքել: Եւ արդյոք դա իրավախախտում չէ:

Թամարա Մարգարյան (29 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե, անձը պետք է բժշկական օգնություն եւ սպասարկում ստանա հիգիենայի պահանջներին համապատասխանող պայմաններում, ինչը սահմանված է ՀՀ բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում` որպես մարդու իրավունքներից մեկը: Իսկ եթե նմանատիպ պայմանները բացակայում են բժշկական հաստատություններում, ապա հարկ է նշել, որ կարող եք այդ մասին դիմում-բողոք ներկայացնել` հիմք ընդունելով վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 42-րդ հոդվածը:
Համաձայն սույն հոդվածի` սանիտարական, սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոնները եւ նորմաները (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից եւ նորմաներից), հիգիենիկ նորմատիվները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քառասնապատիկից մինչեւ հարյուրքսանապատիկի չափով:
Նույն արարքը եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թե ինչ սանիտարական պայմաններում են գտնվում մեր հիվանդանոցները, հատկապես մարզային եւ գյուղական, գաղտնիք չէ: Եւ որքան էլ օրենքը փորձում է պատժամիջոցներ կիրառել հիվանդանոցներում սանիտարահիգիենիկ վիճակը կայուն պահելու համար, այնուամենայնիվ, այն հեռու է գոհացուցիչ լինելուց:




Լրահոս