Ժողովուրդ. Մերժված ՕԵԿ-ը չի նեղացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աժ “Օրինաց երկիր” կուսակցության կողմից 2013-ի բյուջեի նախագծին ներկայացրած բոլոր առաջարկությունները ՀՀ կառավարությունը մերժել է: “Ժողովուրդ”-ը գրում է, որ դա չի խանգարել ՕԵԿ-ին, որպեսզի “կողմ” քվեարկի բյուջեի նախագծին (գոնե ձևի համար ձեռնպահ լինեին): Սա նշանակում է, որ կա՛մ նրանց առաջարկները անպիտան էին, կամ էլ ՀՀԿ-ն պարզապես արհամարհում է իր կոալիցիոն միակ գործընկերոջը:
Թերթը տեղեկացնում է, որ ՕԵԿ-ն առաջարկել էր գործադիրին, որպեսզի խմբակցության փորձագետների աշխատավարձը հավասարեցնեն պատգամավորի վճարովի հիմունքներով աշխատող օգնականների աշխատավարձին՝ նրանց ընդգրկելով սոցիալական փաթեթի մեջ: Սակայն կառավարությունը պատասխանել է, որ ելնելով ՀՀ 2013-ի պետական բյուջեի նախագծից՝ այդ խնդիրը առաջնահերթ չէ: “Ժողովուրդ”-ի հարցին, թե չի նեղացել ՕԵԿ-ը, որ այդքան մերժվել է, խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը պատասխանեց. “Խնդիրը նրա մեջ չէ, որ մենք մերժում ենք ստացել, որովհետև բյուջեում ընդգրկված են մի շարք ռազմավարական ուղղություններ, որոնք մեզ համար սկզբունքային են: Եվ այդ սկզբունքային մոտեցումները նաև մեր ծրագրերի մեջ են, և մենք կարևորում ենք, որ դրանք բյուջեի մեջ ֆիքսված են”:




Լրահոս