Առավոտ. Սամվել Ալեքսանյանը թարգել է տաղանդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին չհաջողվեց “փախչել” մի խումբ լրագրողների “գործիքներից”։ Այդ մասին գրում է “Առավոտ” թերթը։
“Բյուջեի քվեարկությունից նրա անհետանալու փորձը չստացվեց: Ստիպված “հանձնվեց”՝ դժգոհելով, որ “ես էդքանիդ հետո ո՞նց կարամ խոսամ”: Լրագրողները վստահեցրին, որ շատ տաղանդավոր եք, կարող եք: “Չէ, չէ, հիմա թարգել եմ էդ տաղանդները”:
Հարցին, թե ինչպես եք վերաբերվում ՀԱԿ-ի նախաձեռնած հակամենաշնորհային փաթեթին, որը շուտով դրվելու է քվեարկության, օրինակ՝ շաքարավազի մենաշնորհի դեմ են պայքարելու՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. “Շաքար “Կոկա կոլան” էլ է բերում, “Պեպսի կոլան” էլ է բերում: Գնացեք նայեք”: Նա վստահեցրեց, որ շաքարավազի բիզնեսում մենաշնորհ ինքը չունի. “Ցավդ տանեմ, արտադրությունն է իմը, իմը զավոդ է աշխատում: Ես երկու տարուց ավելի է՝ չեմ ներկրում: Հումքն եմ բերում Բրազիլիայից, զավոդն աշխատացնում եմ: Հենց հիմա էլ կարաք նստեք, գնաք նայեք”:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է ձեր խանութներում շաքարավազը այդպես գնդիկներով, խոնավացած՝ նա վստահեցրեց, որ նման բան չկա, հորդորեց հենց հիմա գնալ խանութներն ու նայել՝ կա՞, թե՞ չկա. “Հենց հիմա նստեք մաշնես՝ գնացեք նայեք”:
Ավելին՝ նա հայտնեց, որ շաքարավազի գներն իջնելու են. “որովհետեւ աշխարհում իջել է. “Իջավ, չտեսաք, 400 քանի դրամ էր, իջավ”: Լրագրողների հարցին, թե որքա՞ն է առաջիկայում իջնելու շաքարավազի գինը՝ պատգամավորը պատասխանեց. “Ես որ իմանայի մի 3 ամիս հետո ինչ կլինի՝ աշխարհի ամենահարուստ մարդը ես կլինեի”:
Եթե մեկ այլ անձ ցանկանա շաքարավազ կամ շաքարի հումք բերի կթողնե՞ք՝ հարցին նա պատասխանեց. “Թող բերի, ո՞վ ա խանգարում: Ո՞ւմ ենք խանգարել էսքան վախտ: Հիմա “Կոկա կոլան” բերում ա, “Պեպսի կոլան” բերում ա, ո՞ւմ ենք խանգարել: Ես հիմա 100 մլն-ից ավելի զավոդի վրա փող եմ դրել, աշխատացնում եմ: Եթե մարդկանց ձեռ չի տալիս պատրաստի շաքարավազը բերեն, ես ի՞նչ անեմ”:
Սամվել Ալեքսանյանը վստահեցրեց, որ ինքը կողմ է, որ Հայաստանում չլինի մենաշնորհ: Վստահեցրեց նաեւ, որ ՀԱԿ-ի փաթեթին կողմ է քվեարկելու. “Հա, հա, որ էլ մենաշնորհ չլինի”,- ասաց ու ծիծաղը չկարողացավ զսպել”,- գրում է “Առավոտը”։




Լրահոս