Ռուսական “Իզվեստիա” թերթին տված հարցազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը սկանդալային հայտարարություն է արել: Խոսելով ԵվրԱզԷՍ-ի նկատմամբ ՀՀ վերաբերմունքի մասին՝ նա ասել է. “ՌԴ-ԵՄ գագաթաժողովի ժամանակ Վլադիմիր Պուտինը տվել է հստակ ձեւակերպում, որով էլ մենք ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ենք. այդ գործընթացները չի կարելի հակադրել, այլ դրանց պետք է նայել որպես փոխլրացում”: Ընդգծենք, որ այս հայտարարության հեղինակը անկախ, ինքնիշխան երկրի կառավարության ղեկավարն է: Փաստորեն, ՀՀ վարչապետի համար առաջնային են ոչ թե Սերժ Սարգսյանի խոսքերը, այլ ՌԴ նախագահի տված ձեւակերպումները: Նա առաջնորդվում է Պուտինի խոսքերով: Եւ ամբողջ ողբերգությունն այն է, որ այս մասին նա նույնիսկ չի վարանում բարձրաձայն հայտարարել միջազգային լրատվամիջոցներով:
Համաձայնե՛ք, որ ցանկացած նորմալ երկրում սա կհամարվեր անամոթություն, խայտառակություն, երկրի ինքնիշխանության դեմ ոտնձգություն, իսկ հայտարարության հեղինակ պաշտոնյան կա՛մ հրաժարական կտար, կա՛մ պաշտոնանկ կարվեր: Բայց Տ. Սարգսյանին նման ճակատագիր չի սպառնում, որովհետեւ նա պարզապես խոստովանել է իրականությունը. իսկ ո՞վ է կասկածում, որ Ս. Սարգսյանի ու նրա իշխանության ներկայացուցիչների համար կարեւորը Պուտինի ձեւակերպումներն են: