Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ իրականության չեն համապատասխանում մամուլում տարածված տեղեկությունները, ըստ որոնց, Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը դաժան ծեծի է ենթարկվել ԱԺ “Հանրապետական” խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) պատկանող բենզալցակայանում։
“Սերգեյ Գրիգորյանը և նրա հարազատները հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել էին, որ նա վայր է ընկել տանը: Հարկ ենք համարում հիշեցնել, որ այդ կարգի միջադեպերի վերաբերյալ ոստիկանությունը տեղեկատվություն պաշտոնական կայքէջում չի տեղադրում”,- ասվում է Ոստիկանության պարզաբանման մեջ:
Նաև նշվում է, որ երբ ոստիկաններն այսօր կրկին այցելել են Սերգեյ Գրիգորյանին, նա դարձյալ հերքել է ծեծի մասին լուրերը և ասել հետևյալը. “Նոյեմբերի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում, գտնվել եմ տանը և ցանկանում էի նոր վերանորոգած տան հյուրասենյակում բացել օդանցքը, որի համար կանգնել եմ ալյումինե աստիճանի վրա, սակայն երկկողմանի բացվող փականը չեմ ամրացրել… ոտքերիս տակից աստիճանը փախել է, և ես վայր եմ ընկել լամինատե հատակին, իսկ գլուխս դիպել է բազկաթոռի թևի հատվածին … Դրանից հետո երեկոյան ժամին տուն են եկել ծնողներս, որոնց պատմեցի կատարվածի մասին և գլխիս սառը դրեցին: Հաջորդ օրը գտնվել եմ տանը, անկողնային վիճակում: Երեկոյան ժամին ուժեղ գլխացավեր եմ ունեցել և առավոտյան ապահովության համար դիմել եմ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ ունեմ գլխուղեղի ցնցում”:
“Սա կատարվածի վերաբերյալ Սերգեյ Գրիգորյանի բացատրությունն է՝ առանց մեկնաբանությունների: Տեղի ունեցածի հանգամանքները ճշտելու և ամբողջական պատկերը պարզելու ուղղությամբ ոստիկանության միջոցառումները շարունակվում են”,- նշվում է Ոստիկանության պարզաբանման մեջ:
Ստորև ներկայացվում է դերասանի բացատրության ձեռագիր գրված օրինակը։