Գաղտնիք չէ, որ Հայաստանում առանց միջնորդի կամ «համապատասխան վերաբերմունքի» դժվար է անգամ հավաքարար դառնալ, իսկ «յուղոտ պաշտոնների» համար մրցակցությունը թեժ է լինում: Ահա, նման թեժ մրցակցության պայմաններում ավելի քան 70 օր թափուր է Իջեւանի անտառտնտեսության տնօրենի պաշտոնը: Ապրիլի կեսին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Արծրուն Ղալթախչյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել անտառտնտեսության տնօրենի տեղակալ Արթուր Գաբրիելյանը:
Իջեւանում տարածված խոսակցությունների համաձայն` բազմաթիվ անձինք են ակնկալում դառնալ անտառտնտեսության ղեկավար, սակայն Արթուր Գաբրիելյանի անունը հավակնորդների ցանկում չկա: Իսկ այն, որ մինչ օրս այդ պաշտոնը թափուր է, ըստ տարածված խոսակցությունների, պայմանավորված է այն հանգամանքով, որ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվում «վերեւների հետ հարցերը լուծել»:
Նշենք, որ Իջեւանի անտառտնտեսությունում բացահատվել են ապօրինի մեծածավալ ծառահատումներ:
ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած Տավուշի մարզի բնակիչ Սամվել Ստեփանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը 2014թ. ընթացքում առնվազն 4 անգամ մեծ ծավալի ապօրինի անտառհատումներ է կատարել Իջեւանի անտառտնտեսության Խաչարձանի անտառպետության տարածքում եւ ամեն անգամ փայտանյութը անտառից «Ուրալ» մեքենայով տեղափոխելու համար, որպես կաշառք, խոշոր չափի գումարներ է տվել Խաչարձանի անտառպետության պետ Գիգուշ Դավթյանին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական բաժին: Այնտեղ ապրիլի 2-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասով (Յուրացնելը կամ վատնելը), 296 հոդվածի 1-ին մասով (Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը), 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խոշոր չափերով կաշառք ստանալը) եւ 312 հոդվածի 2-րդ մասով (Խոշոր չափերով կաշառք տալը): Ապօրինի կերպով ծառեր հատած եւ խոշոր չափերով կաշառք տված Սամվել Ստեփանյանը 2 հոդվածներով ներգրավվել է որպես մեղադրյալ:
Դժվար է պատկերացնել, որ Ս. Ստեփանյանը սեփական ցանկությամբ ոստիկանությանը կհայտներ իր կողմից անտառապետին խոշոր չափերի կաշառք տալու մասին, եթե իմանար, որ, ի վերջո, իրեն եւս որպես մեղադրյալ կներգրավեն:
Ոսկան Սարգսյան
Տավուշ