Նախիջևանի տարածքում հակառակորդի գրոհը անհանգստության պատճառ է դարձել. բնակիչները չեն հիշում՝ վերջին անգամ երբ էր նման ակտիվություն եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ` ժամը 18:30 սահմաններում, հակառակորդը գրոհել է նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդ կողմը կիրառել է մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել:

Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում, ցավոք, զոհվել է նաև ՀՀ ԶՈւ-երի զինծառայող շարքային պայմանագրային 28-ամյա Արման Եփրեմյանը:

Armlur.am-ը տեղեկացավ, որ զոհված զինծառայողը Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքի բնակիչ էր: Համայնքապետ Արմեն Խաչատրյանը մեզ հայտնեց, որ Արմանը մոտ 5 ամիս առաջ է անցել ծառայության. «Ամուսնացած էր, երկու երեխա ուներ: Մեծը 2 տարեկան է, փոքրը՝ 9 ամսական: Սովորական, հասարակ հովվի ընտանիքից էր: Անցել էր ծառայության, որպեսզի կարողանար ընտանիքին պահել»:

Արմեն Խաչատրյանը նշեց, որ Գորայք բնակավայրն Անգեղակոթից մոտ 50 մետր հեռավորության վրա է գտնվում: Թե ինչպիսին է իրավիճակն այս պահին սահմանին, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել՝ հավելելով միայն, որ չի հիշում՝ վերջին անգամ երբ է այդ տարածաշրջանում հակառակորդն ակտիվություն ցուցաբերել:

Անգեղակոթի գյուղապետի փոխանցմամբ, վերջին երկու օրը սահմանին տիրող անսպասելի լարված վիճակը սկսել է անհանգստացնել տեղի բնակիչներին: Նրանք չեն հասկանում՝ ինչն է կտրուկ ակտիվանալու պատճառը:

Հավելենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս երեկ հաղորդագրություն էր տարածել, որում հատկանշական էր համարել այն հանգամանքը, որ այդ հենակետերի հատվածում վերջին մեկ տարում կրակահերթեր առհասարակ չէին եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ պայմանագրային զինծառայող Արման Եփրեմյանի սպանության դեպքի առթիվ։

Հիշեցնենք նաև, որ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արման Եփրեմյանին՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար հետմահու Արիության մեդալով պարգևատրելու մասին:




Լրահոս