Հայաստանում կրկին ավիատոմսերի թանկացումներ են արձանագրվել. այս անգամ, սակայն, դա կապված է ոչ թե դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացման, այլ սեզոնային գործոնի հետ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հիմնականում թանկացել են դեպի եվրոպական եւ ծովափնյա երկրներ ավիատոմսերի գները:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին եվրոյի եւ դոլարի փոխարժեքի բարձրացման արդյունքում թանկացումներ արձանագրվեցին նաեւ ավիատոմսերի շուկայում, ինչն էլ որոշ տուրիստական գործակալությունների փակման պատճառ դարձավ:
«Ժողովուրդ»-ը ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններից տեղեկացավ, որ հիմնականում թանկացել են դեպի Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա ավիատոմսերի գները: Մեզ հետ զրույցում ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները ներկայիս թանկացումները միաբերան կապեցին սեզոնային գործոնի հետ:
Օրինակ՝ «Գլոբուս տուր» ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ այս ամիսներին արձակուրդ մեկնողների շարժն ակտիվացել է: Այստեղ նույնպես նշեցին, որ հիմնականում թանկացել են դեպի եվրոպական երկրներ ավիատոմսերի գները, ինչպես նաեւ՝ դեպի Մոսկվա: «Երեւան-Մոսկվա ավիատոմսի արժեքը 70 հազար դրամից թանկացել եւ դարձել է 100 հազար դրամ: Մարդը մի քանի օր առաջ 70 հազար դրամով է մեկնել դեպի Մոսկվա, իսկ հիմա ստիպված է 100 հազար դրամ վճարել: Դե, պատկերացրեք իր վիճակը: Բայց նշեմ, որ ամբողջ աշխարհում այս ամիսներին թանկանում են դեպի եվրոպական երկրներ ավիատոմսերի գները, եւ դա նորություն չէ»,- նկատեց «Գլոբուս տուր» ընկերության աշխատակիցը, ով հրաժարվեց ներկայանալ:
Տեղեկացնենք, որ ավիատոմսերի վաճառքով զբաղվում են նաեւ անհատ մարդիկ, ովքեր տոմսերի վաճառքի մասին հայտարարությունները տեղադրում են list.am էլեկտրոնային կայքէջում: «Ժողովուրդ»-ը զրուցեց նրանցից մեկի՝ Կարենի հետ, ով ասաց. «Հուլիսից ավելի են թանկանալու դեպի եվրոպական երկրներ ավիատոմսերի գները: Օրինակ՝ դեպի Փարիզ, կարող եմ Ձեզ առաջարկել 300 հազար դրամով, 270 հազար դրամ արժողությամբ ավիատոմս էլ է հնարավոր գտնել: Ուղղակի օր օրի ավելի են թանկանում: Լինում է նաեւ, որ ժամ առ ժամ են թանկանում: Սեզոնն է»:
«Զբոսաշրջային ավիագործակալների ազգային ասոցացիայի խորհուրդի» նախագահ Անդրանիկ Վանցյանը ավիատոմսերի թանկացումները նույնպես կապեց սեզոնային գործոնի հետ:
«Աշնան ու ձմռան ամիսներին ուղեւորահոսքը նվազում է, եւ ավիաընկերությունները տեղափոխում են քիչ քանակի ուղեւորներ, դրա համար վնասներ են կրում: Իսկ սեզոնին, երբ ուղեւորաշրջանառությունը մեծանում է, նրանք, առիթից օգտվելով, ավիատոմսերի գները բարձրացնում են, որպեսզի կարողանան բալանսի բերել եկամուտները: Ի վերջո, պետք է կոմպենսացնեն իրենց ծախսերը»,- բացատրեց Վանցյանը:
Մասնագետի խոսքերով՝ ավիատոմսերի գները աշնան ամիսներին կրկին կնվազեն. «Հիմա այն ժամանակներն են, երբ ավիաընկերությունները մի կերպ պահպանում են շուկայում զբաղեցրած իրենց դիրքը: Այն ընկերությունները, որոնք տասյակ տարիներով աշխատում են, չեն կարող հենց այնպես վերցնել ու փակել դրանք: Վատ ժամանակներ են իրենց համար»,- լրացրեց Վանցյանը: Մեր զրուցակցից տեղեկացանք, որ այս ամիսներին ոչ միայն թանկացումներ են արձանագրվում, այլեւ կան նաեւ էժանացման դեպքեր, իհարկե, ոչ շատ ծանրաբեռնված չվերթների դեպքում. «Օրինակ՝ Երեւան-Կրասնոդար ավիատոմսը արժի 58 հազար դրամ: Երեւան-Մոսկվա ավիատոմսն էլ նախորդ տարիներին վաճառվել է 120-140 հազար դրամով, իսկ այս տարի 85-100 հազար դրամ է»,- նշեց նա:
Ի դեպ, օրերս ՀՀ ազգային ժողովում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, խոսելով ավիատոմսերի գների մասին, մեջբերեց վիճակագրություն, ըստ որի՝ 2014 թվականին, 2013 թվականի համեմատ, ուղեւորահոսքերի աճը կազմել է 20,9 տոկոս:
Իսկ թռիչքների հաճախականությունն աճել է 19 տոկոսով: Նախարարի ներկայացմամբ` սակագներն ունեցել են 5,1 տոկոսի նվազում: Իսկ, ահա, 2015 թվականին թռիչքների հաճախականությունը նվազել է, բայց ուղեւորահոսքը՝ աճել, էժանացել են նաեւ տոմսերի գները` 14 տոկոսով: Ափսոս, որ իրականությունը շատ է հեռու նախարարի ներկայացրած պատկերից:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ