ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունն ավարտել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով նախաքննությունը, իսկ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության, 1983թ. ծնված Հարություն Սարգսյանը, ով համակրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստր Մանյա Ղուկասյանին և ցանկացել է ամուսնանալ նրա հետ, սակայն աղջկա հարազատների կողմից մերժվել է: 2012թ. մարտի վերջերին՝ տեղեկանալով, որ Մանյա Ղուկասյանը 2012թ. ապրիլի 12-ին նշանադրվելու է Կարեն Եսայանի հետ՝ Հ. Սարգսյանն, ըստ մեղադրանքի ,խանդի հողի վրա, նրանց նշանադրությունը խափանելու, միաժամանակ աղջկա հորից վրեժխնդիր լինելու նպատակով, պլանավորել և սպանել է Կարեն Եսայանինե:
Հ. Սարգսյանը մեղադրվում է նաև 2011թ. ընթացքում առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մեջև 2010-2011թ.թ. ընթացքում տարբեր անձանց անուններով ՀՀ տարածք է ներմուծել 4.897.588 ՀՀ դրամ մաքսային արժեքով թվով երեք ավտոմեքենա, դրանք 10.625.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով իրացրել է տարբեր անձանց, որի արդյունքում ստացված համախառն եկամուտը հարկային հաշվառումից դուրս է մնացել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 768.194 ՀՀ դրամի զգալի վնասև եկամտահարկև 471.904 ՀՀ դրամ և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարև 296.290 ՀՀ դրամ: Այս մասին հայտնում է “Փաստինֆոն”: