Արմավիրում երեխաները խմելու ջրի՞ց են հիվանդացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ամառվա սեզոնին հաճախակիանում են սննդային թունավորումներն ու աղիքային հիվանդությունները: Մասնագետների համոզմամբ՝ ամռանը պետք է հատկապես ուշադիր լինել սննդի հարցում` այս սեզոնին բնորոշ թունավորումներից խուսափելու համար: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերջին օրերին ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի հիվանդանոց եւ պոլիկլինիկա դիմող երեխաների թիվն ավելացել է: Ընդ որում, բոլորի մոտ նույն ախտանիշներն են՝ բարձր ջեմություն, հազ, կոկորդային ցավ, կարմրածություն, թուլություն:

Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ»-ը ահազանգեր է ստանում ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի եւ տարածաշրջանի գյուղերի բնակիչներից, ովքեր մտահոգված են իրենց երեխաների` խմելու ջրից հիվանդանալու հնարավոր վտանգից: Նրանց պատմելով՝ այս օրերին Էջմիածնի հիվանդանոցն ու պոլիկլինիկան լիքն են երեխաներով, որոնք ունեն նույն ախտանիշները: «Ժողովուրդ»-ին ահազանգած 23-ամյա Ալինա Դավթյանը (անունը փոխված է) նշեց, որ հիվանդանոցի մանկաբույժները ոչ միայն իրեն, այլեւ նույն խնդրով հիվանդանոց դիմած մայրերին հորդորել են ծորակի ջուրը չխմացնել երեխաներին, այլ այն գնել խանութներից: Մեկ այլ ծնողի՝ Մարգարիտայի պատմելով՝ մանկաբույժը խորհուրդ է տվել խուսափել մայթերին վաճառվող թթից, կեռասից, նաեւ խտացրած կաթից:

Վաղարշապատի հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Բորիս Թանգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նույնպես խորհուրդ տվեց, որպեսզի մարդիկ թութը լավ լվանալուց հետո միայն ուտեն: «Թող զերծ մնան մայթերի վրա վաճառվող թթից, որովհետեւ փողոցի փոշին լցվում է թթի ծակոտկեն հատվածը եւ այն դժվարությամբ է դուրս գալիս: Իսկ մեր քաղաքացիները սիրում են թութն ուտել առանց լվանալու»,- նկատեց Թանգյանը: Հարցին, թե ինչու է վերջին շրջանում ավելացել հիվանդանոց դիմած երեխաների թիվը, մանկական բաժանմունքի վարիչը պատասխանեց. «Հակառակը, վերջին մեկ ամսվա ընթացքում հաճախելիությունը նվազել է: Իսկ ինչու չպետք է գան, չէ որ անգինայով հիվանդանալու սեզոնն է: Մարդու ջերմությունը գրիպից էլ է բարձրանում եւ հասնում է 40 աստիճանի: Այս պահին մեր բաժանմունքում ընդամենը 12 հիվանդ կա»:

Նշենք, որ նման գանգատներով հիվանդանոց դիմողներին միշտ չէ, որ նշանակում են ստացիոնար հիվանդանոցային բուժում, առավել հաճախ նշանակվում են բուժումներ` կաթիլային ներարկումներ, որոնք քաղաքացիները ստանում են` ամեն օր բուժհաստատություն այցելելով, կամ իրենց տանը` տեղամասային բժշկի այցելությունների միջոցով:

Վաղարշապատի պոլիկլինիկայի տնօրեն Լիլիթ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ մոտ քսան օր առաջ է ակտիվացում նկատել: «Այն էլ կապված է եղել եղանակային փոփոխությունների հետ: Ես ինքս էլ գրիպով հիվանդացա: Եղանակային փոփոխության հետ էր կապված, բայց հիմա ակտիվացած հաճախում չունենք: Արտառոց ոչինչ չկա»,- հավաստիացրեց պոլիկլինիկայի տնօրենը:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ եւ հետաքրքրվեց՝ գուցե երեխաները ջուրն օգտագործելու պատճառով են հիվանդանում: Սակայն ընկերությունից պարզաբանեցին, որ իրենք բոլոր տեղերում լաբորատորիաներ ունեն, որտեղ ամեն օր ջուրը ենթարկում են լաբորատոր փարձաքննության: «Էջմիածնի կանխարգելիչ ախտահանման դուստր» ՓԲԸ-ի տնօրեն Ռիմա Դիլոյանը նույնպես շտապեց տեղեկացնել, որ Էջմիածնում ջուրը մշտապես ստուգվում է. «Բողոք չկա, ամեն ինչ կարգին է: Հենց ջրամբարներից վերցնում ենք ջուրը ու այն ենթարկում լաբորատոր փորձաքննության: Դա ամեն օր է կատարվում: Վերջին ժամանակներս մենք մեր նմուշներում ոչ մի շեղում չենք արձանագրել»:

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության, իրավաբանական ապահովության բաժնի պետ Նունե Բակունցն էլ, լսելով արմավիրցիների մտահոգությունը, խոստացավ խնդիրը խիստ դնել եւ հետազոտել, սակայն երեխաների մոտ առողջության հետ կապված գանգատները չկապեց ջրի հետ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս