Սամվել Սարգսյանը` սերիալի «տակ մնալու» և երիտասարդների շրջանում հեղինակություն վայելելու մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Սամվել Սարգսյանն այն կարծիքին է, որ որակյալ սերիալ, ֆիլմ, ստանալու համար հարկավոր է ընդգրկել ճաշակ թելադրող դերասանների եւ գոնե նրանց լավ վարձատրել: Դերասանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է իր` «թանկ դերասան» լինելու, «դերի տակ մնալու» մասին շրջանառվող խոսակցություններին եւ այլ թեմաների:

-Պարո՛ն Սարգսյան, եթե տարիներ առաջ Հայաստանում սերիալներ նկարահանելու համար գումար չէին խնայում, ապա այսօր, կարծես թե, պատկերը փոխվել է. ինչո՞ւ:

-Մի ժամանակ հեռուստաընկերությունները նկարահանում էին բարձր վարկանիշով սերիալներ, դրանց շրջանակներում աշխատում էին պրոֆեսիոնալներ: «Կյանքի գինը», «Վերադարձ» սերիալներում լուրջ մարդիկ, լուրջ տեխնիկա էր ներգրավված, ուստի հնարավոր էր լինում որակ ստանալ: Հիմա առաջ գնալու փոխարեն հետ են գնում: Պատահաբար նայում եմ այսօրվա սերիալները ու չեմ հասկանում` դրանցում ներգրավված մարդիկ ովքեր են, որտեղից են էդ ջահել-ջուհուլներին կամ նույնիսկ ահել-մահելներին գտնում-բերում, ո՞վ է ասել, որ իրենք դերասան են… Պարզապես հեռուստաընկերությունները մի հոգու ձեռքում են, ով մոնոպոլիզացրել է դաշտը եւ որոշում է` ով ինչ ու ոնց անի: Ես այն համոզման եմ, որ գոնե ճաշակ թելադրող դերասանները պետք է նորմալ վարձատրվեն:

1

-Ձեր նշած միտումների պատճառո՞վ է, որ այս պահին չեք նկարահանվում սերիալներում:

-Ոչ միայն ես, լիքը տղերք կան, որ չեն աշխատում…Դե, ես այն դերասաններից չեմ, որին ինչ ասեն, ասի՝ եղավ, հեսա կանեմ:

-Ասում են` Դուք «թանկ» դերասան եք:

-Ռեժիսորներից մեկին մի առիթով առաջարկեցին ինձ հետ համագործակել, ասաց` չէ, ինքը թանկա, իր տեղը կարող ենք ութ հոգի վերցնել…Միայն թե մեկին գտնեն-բերեն: Այդ իրենց պատկերացմամբ եմ թանկ դերասան, գործից հասկացող մարդը երբեք նման բան չի ասի:

-Ոմանք ասում են, թե Դուք մնացել եք Բարխուդարովի «դերի տակ». ի՞նչ կասեք:

-Կասեմ, որ այդ մարդիկ ինձ խառնում են ուրիշ մարդու հետ: Ես ոչ այդ տարիքին եմ, ոչ էլ այդ խելքին եմ, որ «դերի տակ մնամ»: Թեպետ կան իմ տարիքի դերասաններ, որ մնում են իրենց «դերերի տակ». դա, երեւի, ավելի շատ խելքի հետ կապված բան է: Հաճախ նրանք վախենում են իրենց իրական դեմքը ցույց տալուց, քանի որ մտածում են, որ կարող է ժողովուրդը չսիրի, դիմակ են հագնում, իբր իրենք «կինոյի տղեն» են:

2

-Սերիալային Ձեր կերպարներին ծանոթ հեռուստադիտողները հաճախ ասոցացնում են Ձեր անձը նրանց հետ: Այս առնչությամբ հետաքրքիր դեպքեր եղե՞լ են:

-Մի առիթով գնացել էի Գյումրու ոստիկանական բաժանմունք, լուրջ ոստիկանների հանդիպեցի, որոնք ինձ տեսնելուն պես սկսեցին բողոքել, բա` պարոն Սարգսյան, հապա մեր վիճակը նայեք, մեր շենքը նայեք, մի բան արեք, օգնեք, թող մեր շենքը վերանորոգեն…Էսպես լուրջ-լուրջ խոսում են…Ես էլ մտածում եմ` հիմա ես սրանց ոնց բացատրեմ, որ տղերք, էդ դուք եք մնացել «կինոյի տակ»: Ստիպված ասացի` լավ, ես կմտածեմ…Մեկ շաբաթից այդ շենքում վերանորոգում սկսվեց, որը զուգադիպեց մեր այդ խոսակցությանը: Դրանից հետո այդ ոստիկաններն ասել էին` դե, մարդն ասաց ու արեց էլի…(ծիծաղում է): Մեկ այլ դեպք էլ մեր սերիալի դիմահարդարներն են ինձ պատմել: Եթե կհիշեք` «Կյանքի գինը» սերիալում երկվորյակ եղբայրների էի մարմնավորում: Ուրեմն աղջիկները նստել էին տաքսի, վարորդն իմ մասին էր խոսել, ասել էր` սա Բարխուդարովի եղբայրն է, չէ՞, աղջիկներն ասել էին` գիտեք, այդ եղբայրներին նույն մարդն է մարմնավորում: Տաքսու վարորդը կանգնեցրել էր մեքենան, ասել էր` դուք կյանքից բան չեք հասկանում, դրանք երկու եղբայր են, դուք ոչ մի բանից խաբար չեք: Արդյունքում աղջիկներն էլ էին կասկածել, թե կարո՞ղ է ես իրոք նմանակ ունեմ (ծիծաղում է):

-Պարո՛ն Սարգսյան, խոսակցություններ են պտտվում այն մասին, թե Դուք մեծ հեղինակություն եք վայելում երիտասարդ տղաների շրջանում, այդպե՞ս է:

-Տղաներին հարցրեք, եթե Ձեզ նման խոսակցություններ են հասել, էլ ինձ ինչո՞ւ եք հարցնում: Եսիմ…Կարող է մի կինոյում մեկն իմ թիկնապահն է եղել, էդպես շփվել ենք…

3

-Եվ վերջում անդրադառնանք մի թեմայի, որի մասին, կարծես, քիչ եք խոսել: Ձեզ հրավիրում էին թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ` դասավանդելու. ինչո՞ւ չգնացիք:

-Իմացա` ինչքան են պատրաստվում վճարել, ասացի` էդքանը միայն իմ գնալ-գալու ծախսն է, հետո իմացա` ովքեր են այնտեղ դասավանդում. մարդիկ, որոնք իմ օրոք մասսայական տեսարաններում էին հանդես գալիս…Նրանց պետք է դատի տալ, ոչ թե աշխատավարձ, էդ մարդիկ ի՞նչ գիտեն, որ ինչ էլ սովորեցնեն: Եվ եթե ինձ պետք է տանեին-հավասարեցնեին նրանց մակարդակին, ես նախըտրեցի չդասախոսել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս