Լոռու մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ Շնող համայնքի ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ։
“Հետք” ինտերնետային թերթի “Բացահայտվում են Հայկազ Քոչինյանի կատարած ապօրինությունները” խորագրով հրապարակման համաձայն` Քոչինյանը, ով 1996 թվականից մինչեւ 2012 թվականի նոյեմբերն աշխատել է Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավար, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2007 թվականին իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր որդուց շուկայականից զգալի ավել արժեքով 4.900.000 դրամ գումարով գնել է 1991 թվականի արտադրության “Մերսեդես- Բենց S-50” մակնիշի անսարք ավտոմեքենա, որը մինչեւ 2012 թվականը չի շահագործվել ու անսարք վիճակում կայանված է եղել գյուղապետարանի վարչական շենքի բակում:
Նույն ժամանակահատվածում համայնքի ղեկավարը հիշյալ ավտոմեքենայի առուվաճառքի գործարքի, գազալիցքավորման ու վերանորոգման համար համայնքի բյուջեից ելքագրել է առանձնապես խոշոր չափի` 10.900.000 դրամ եւ յուրացման եղանակով հափշտակել:
Բացի դրանից, 2010 թվականին նախկինում գյուղապետարանին պատկանող, սակայն հաշվառումից դուրս մնացած 1989 թվականի արտադրության T 70G մակնիշի անսարք տրակտորը ձեւակերպել է համագյուղացու անվամբ, որից հետո նույն թվականի ապրիլ 26-ին համայնքի կարիքների համար 3.740.000 ՀՀ դրամով գնել այն:
Ըստ հոդվածի՝ 2010 թվականի հունվարի 20-ին շուկայականից զգալի ավել արժեքով` 4.260.000 ՀՀ դրամ գումարով, գյուղապետարանի կարիքների համար ձեռք է բերվել “Վազ 21.21” մակնիշի ավտոմեքենա:
ՀՀ կառավարության որոշման համաձայն գյուղացիներին հողի մշակության գործում աջակցելու համար 2012 թվականի ապրիլի 2-ին գյուղապետարանը ,Ֆլեշե ՍՊ ընկերությունից 2.800.000 դրամով ձեռք է բերել 8.000 լիտր դիզելային վառելանյութ, որը, սակայն, գյուղացիներին չի հատկացվել:
Հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին: