Էլէներգիայի թանկացման դեմ երեկ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքը, որը կազմակերպել էր «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը, վերածվեց նստացույցի: Ի սկզբանե ենթադրվում էր, որ հանրահավաքին, որն, ի դեպ, բավականին մարդաշատ էր, հաջորդելու էր երթը: Սակայն բոլորի համար անկնկալ հանրահավաքի կազմակերպիչները իրադարձությունների զարգացման երկու ճանապարհ առաջարկեցին՝ մեկը երթ անել եւ գնալ տուն, իսկ մյուսը՝ նստացույց սկսել եւ մինչեւ երկուշաբթի իշխանություններին ժամանակ տալ, որպեսզի էլէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը կասեցվի: Բողոքի ակցիայի մասնակիցները խոստացան, որ եթե մինչեւ երկուշաբթի՝ ժամը 19.00-ն, իշխանությունները չկասեցնեն էլէներգիան թանկացնելու մասին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17-ին կայացրած որոշումը, ապա իրենք երթով կգնան նախագահական: Այսպիսով, ՀՀ իշխանությունները փաստացի 2 ընտրության առաջ են կանգնած` թողնեն, որ իրադարձությունները ինքնահոս զարգանան` հույսով, որ դրանք մի ինչ-որ պահի կմարեն, կամ պատրաստվել հակահարվածի: Հայտնի է, որ ռուսական ընկերությանը պատկանող ՀԷՑ-ի քմահաճույքները չկատարելը կարող է լրջագույն հետեւանքներ ունենալ իշխանության խիստ որոշակի շրջանակների համար:
«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի շուրջ խորհրդարանում կրքերը բավականին թեժացան, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները մտադիր են «սառեցնել»: Ինչպես հայտնի է՝ այդ օրինագծով նախատեսվում էր բարձրացնել օղու, ծխախոտի եւ վառելիքի ակցիզային հարկերը: Սա այն եզակի նախագծերից է, որի առաջին ընթերցմամբ քվեարկությանը դեմ քվեարկեցին նաեւ իշխանական օլիգարխներից մի քանիսը: Ի դեպ, իշխանությունները մասնավոր զրույցներում պնդում են, թե իբր այս նախագիծը իրենք պարտադրված են ուղարկել խորհրդարան, քանի որ «դրսից» իրենց վրա ինչ-որ ճնշումներ կան: Իրենք էլ նախագիծն ուղարկել են խորհրդարան` ցույց տալու համար, որ այն անընդունելի է թե՛ ընդդիմության եւ թե՛ իշխանական գործիչներից շատերի համար: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում չէին թաքցնում նաեւ, որ օգոստոսի 1-ից հետո, երբ էլեկտրաէներգիան կթանկանա, նոր թանկացումը ՀՀ բնակչությունը հաստատ չի հանդուրժի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որը, ինչպես հայտնի է, զբաղեցնում է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը, Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում թիվ 200 դպրոցի հաշվին ցանկանում է տուն կառուցել: Ըստ նույն տեղեկությունների՝ այդ դպրոցը երեք մասնաշենք ունի, որոնցից մեկը Արման Սահակյանը սեփականաշնորհել է ու ցանկանում է այն դարձնել բնակելի տուն: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչու է որոշել հենց այնտեղ իր համար տուն կառուցել: Արման Սահակյանը հարցը լսելուց հետո երկար դադար տվեց, ապա պատասխանեց. «Ամոթ էլ է դրա մասին հարց տալը, որովհետեւ բացի նրանից, որ այդպիսի բան չկա, երկրորդն էլ ես ինձ թույլ չեմ տա, որ դպրոցի մասնաշենք սեփականաշնորհեմ ու տուն սարքեմ»: Հուսանք, որ այդպես կլինի:
Հունիսի 11-ին ԼՂՀ պաշտպանական բանակի զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Էդուարդ Մելքումյանի հայրը` Գենադի Մելքումյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր որդին ինքնասպան չի եղել, այլ այդպես «սարքել են»: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել մարտական դիրքում, ժամը 01:30-ի սահմաններում: Էդուարդ Մելքումյանը Արցախի Բերձոր համայնքի բնակիչ էր, նրա ծառայության ավարտին մնացել էր ընդամենը երկու շաբաթ: Ըստ նախնական վարկածի՝ զինվորն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն ծնոտի շրջանում հասցրել է մահացու հրազենային վնասվածք: Զինվորի հայրը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ դեպքից երկու օր առաջ խոսել է որդու հետ. «Ախր, շատ ուրախ-ուրախ խոսեց հետս: Ավելին ասեմ` ընդամենը երկու օր էր մնացել, որ դիրքերից իջներ ու …»: Որդեկորույս հայրը չցանկացավ մանրամասնել, թե որդու դիակի վրա ինչ վնասվածքներ կան, նա միայն ասաց, թե վստահ է, որ իր որդին չէր կարող ինքնասպան լինել. «Այս ամենը սարքել են, այսքանը կասեմ»:
ԱՆՀԱՄԱԿԱՐԳ
Մինչ հանրությունը ընդվզում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ` պահանջելով չեղյալ հայտարարել հոսանքը 6.93 դրամով թանկացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը, հետզհետե պարզվում է, որ Հայաստանի ողջ էներգետիկ համակարգը գտնվում է նախակոլապսային վիճակում, եւ ՀԷՑ-ի խնդիրն ընդամենը այսբերգի երեւացող մասն է: Համաշխարհային բանկի կողմից օրերս ներկայացված կանխատեսումներից պարզ դարձավ, որ արդեն առաջիկա տարիներին Հայաստանում առաջանալու է «էներգետիկ սով»` արտադրված էլեկտրաէներգիայի առաջարկի եւ դրա պահանջարկի միջեւ ստեղծվելիք հսկայական անհամապատասխանության պատճառով: Բանն այն է, որ Հայաստանի էներգետիկ հզորությունների հիմնական մասը «դարն անցած» է, եւ դրանց մաշվածությունը հասնելու է սահմանագծին գրեթե համաժամանակ` հանգեցնելով էներգետիկ ճգնաժամի:
Որպես այս հեռանկարից խուսափելու ճանապարհ դեռեւս խորհրդային տարիներից ծրագրվել էր նոր ատոմակայանի կառուցումը: Ինչպես հայտնի է` ներկայումս ՀԱԷԿ-ն ապահովում է երկրի էներգարտադրության 35-ից 40 տոկոսը, եւ սակագնի թանկացման ներկայիս ամենամեծ հիմնավորումներից մեկն էլ այն է, որ նախորդ տարի ատոմակայանը չի աշխատել 88 օրով, ինչի արդյունքում ՀԷՑ-ը կրել է հսկայական վնասներ: Բացի այդ, ինչպես հայտնի է՝ 2017-ին ատոմակայանը կես տարով կանգնեցվելու է, եւ այս ընթացքում եւս էլէներգիայի դեֆիցիտի լուրջ խնդիր է առաջանալու: Ասել է թե` ՀՀ էներգետիկ անվտանգությունը անհնար է առանց ատոմակայանի գործունեության: Իսկ ՀՀ ատոմակայանի գործունեության ժամկետը մի քանի անգամ երկարաձգվելուց հետո, ի վերջո, ավարտվելու է 2025թ-ին, եւ ՀՀ էներգետիկ ինքնաբավության ապահովման համար անհրաժեշտ է նոր ատոմակայանի կառուցում:
Հանրությունը դեռ հիշում է, թե ինչպես էր 2008թ.-ին Սերժ Սարգսյանը հանդիսավորությամբ խոստանում նոր ատոմակայան կառուցել: Սակայն, ինչպես եւ նրա բոլոր խոստումները, այս ծրագիրը եւս ձախողվեց առավելապես նրա կայացրած ոչ ճիշտ քաղաքական որոշումների արդյունքում: Եվ երբ այսօր փորձ է արվում հանրության դժգհության սլաքն ուղղել ՀԷՑ-ի ռուս ղեկավարության դեմ, հարկ է հիշեցնել, որ անգամ ամենամեծ կորուստների դեպքում էլ իրավիճակն այսպիսին չէր լինի, եթե այսօր ատոմակայանի անխափան աշխատանքի հետ կապված խնդիրներ չունենայինք: Այնպես որ, իզուր չէ, որ Սերժ Սարգսյանն այս օրերին լռում է: Էլէներգիայի սակագնի հետ կապված նրա ցանկացած անդրադարձից հետո հանրությունը հարցնելու է` իսկ ինչ եղավ նոր ատոմակայանի կառուցման խոստումը: