«ՄՆՈՒՄ ԵՄ ԵՐԵԽԱ, ՈՒԶՈՒՄ ԵՄ ՄԵԿՆ ԻՆՁ ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԻ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին Երեւանում է ամերիկաբնակ հայտնի երգիչ, երաժիշտ Հարութ Փամբուկչյանը` Ձախ Հարութը: Ներկայացնում ենք «Ժողովուրդ»-ի բացառիկ հարցազրույցը սիրված երգչի հետ:

-Պարո՛ն Փամբուկչյան, երեկ հեռախոսով զրուցում էի Ձեր ընկերներից մեկի հետ եւ լսեցի «Անցիր, այ գետակ» երգի Ձեր կենդանի կատարումը: Որքանով հասկացա` հին ընկերներով հավաքվել, իրարից կարոտն էիք առնում: Ձեր ընկեր Ռուբեն Հախվերդյանն ասում է, թե լավագույն տղերքը հեռանում են… Այստեղ Ձեր ընկերներից դեռ մնացե՞լ են…
-Այստեղ իմ ընկերները շատ չեն, երկու-երեք հոգի են, իրենց, իրենց զավակների հետ եմ շփվում, մեկ էլ մի քանի կոլեգաների: Մնացած ընկերներս Լոս Անջելեսում են, նույնիսկ իմ թաղի` Նոր Արեշի պատանեկության ընկերներս այնտեղ են: Ռուբենի այդ երգի խոսքերը մեծ մասամբ ճիշտ են: Թեպետ, օրինակ, Լոս Անջելեսում հայերը շատ են, ու այնպիսի տպավորություն է, թե չես լքել Երեւանը: Այնուամենայնիվ, հարազատ քաղաքն ուրիշ է:
-Տարիների ընթացքում ի՞նչն է փոխվել Ձեզ հարազատ Երեւանում եւ ի՞նչն է մնացել. այն հին մթնոլորտը, շունչը զգո՞ւմ եք:
-Կասեմ, որ իմ իմացած Երեւանը փոխվել է. ճարտարապետական առումով անհեթեթ բաներ եմ տեսնում, լավի կողքին սխալ բաներ եմ նկատում: Դասական շինությունների կողքին տեսնում եմ ճարտարապետական ոչ մի արժեք չներկայացնող կառույցներ. դա ինձ շատ է տխրեցնում: Ասենք` Օպերայի շենքի կողքին տեսնում եմ ցածրարժեք քյաբաբանոցներ. դա ինձ նեղացնում է: Այդ նույն Օպերայի շենքի բակում նախկինում շատ նստարաններ կային, որոնց վրա ես նստում էի սիրածս աղջկա հետ, իսկ հիմա տեսնում եմ բաներ, որոնք կապ չունեն մեր մթնոլորտի հետ: Ամեն դեպքում, ինչ էլ լինի, սա իմ քաղաքն է` իր լավ ու վատ կողմերով: Հո չե՞նք կարող չամիչներն ուտել, իսկ բուլկին դեն նետել… Դժվար օրերը, կարծում եմ, պետք է անցնեն: Ես լավատես եմ, հավատում եմ մեր ժողովրդին:
-Բայց այդ ժողովուրդն այսօր հուսահատ է, սոցիալ-տնտեսական խնդիրների մեջ թաղված…
-Դա ինձ էլ է նեղացնում, հուզում, հնարավոր չէ անտարբեր անցնել նման երեւույթի կողքով, բայց ես աշխատում եմ խառնվել այնպիսի գործերի մեջ, որոնցից գլուխ եմ հանում, իսկ քաղաքականություն չեմ սիրում…
-Թեեւ ինքներդ ժամանակին արտագաղթել եք, բայց այսօր ստեղծված իրավիճակում ելքը չարտագաղթելն ու պայքարելն է. համաձա՞յն եք:
-Իհարկե, իհարկե… Ես միշտ էլ դեմ եմ եղել դրան, պարզապես ես դեռ պատանեկությունից ապրել եմ մի ժամանակաշրջանում, երբ երազանքներս ու անելիքներս այստեղ իրականացնելն անկարելի էր… Ամեն դեպքում, ես այստեղ տեսնում եմ մի նոր երիտասարդ սերունդ, առաջադեմ ջահելներ, տաղանդավոր երեխեք եւ հույսս չեմ կորցնում:
-Ի դեպ, վերջին շրջանում երիտասարդ երգիչները Ձեզ հետ համագործակցելու ցակություն են հայտնում, անգամ զուգերգեր ձայնագրեցիք Սիրուշոյի, Արմենչիկի հետ: Ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ երիտասարդ կատարողներն իրենց ձեւով են մեկնաբանում տասնյակ տարիներ առաջ Ձեր երգած երգերը:
-Այդ միտումն ինձ շատ է ուրախացնում, ես ուրախ եմ, որ նրանք հետաքրքրված են, ասենք` երեսուն տարի առաջվա իմ երգերով, եւ նոր մոտեցում են ցուցաբերում: Այս պարագում շահում է երգը, քանի որ նրա կյանքը երկարում է, ուստի եթե համագործակցություն առաջարկողը տաղանդավոր է, ես չեմ մերժում:
Առհասարակ, որոշ ջահել կատարողների շրջանում մի քիչ պակասում են գիտելիքները: Ես ասում եմ` կարդացեք, շատ կարդացեք, ինձ ասում են` կարդալն ինչ կապ ունի երգելու հետ, ասում եմ` երբ կարդում ես, նախ՝ հոգիդ է հարստանում, հետո՝ այդ երգն արդեն ուրիշ կերպ ես հասկանում, հետեւաբար, ուրիշ կերպ էլ երգում ես… Լսում են, մտածում են, հասկանում են, որ ասածիս մեջ տրամաբանություն կա.. Ես ինքս 55 տարի է` երգում եմ, բայց զգում եմ, որ դեռ սովորելու բան ունեմ:
-Որքան էլ ժամանակավոր այցերով գաք, Ձեր կարոտը քիչ թե շատ առնեք, միեւնույն է` Ձեր երկրպագուներն ուզում են, որ Դուք հայրենիքում ապրեք: Ո՞ր դեպքում կվերադառնաք Հայաստան:
-Ես այս տարիների ընթացքում ապրել, աշխատել եմ Լոս Անջելեսում, սոցիալապես ապահովված եմ այնքան, որ կարող եմ չաշխատել, ուր ուզել գնալ: Բայց Լոս Անջելեսի հետ ինձ կապում են իմ հիշողությունները, կնոջս այնտեղ կորցրի, հարազատներիս մի մասն այնտեղ է թաղված… Չգիտեմ, թե ժամանակի ընթացքում կյանքն իմ առջեւ ինչ կբերի, կգամ, թե չեմ գա… Բայց Երեւանը մնում է իմ քաղաքը, որը շատ սիրում եմ…
-Սիրելի կնոջ կորստից հետո ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ապավենը…
-Ես ունեմ տղա, նա է ինձ տիրություն անում, ես տարիքով մեծ եմ, բայց մնում եմ երեխա, ուզում եմ մեկն ինձ տիրություն անի, եւ ուրախ եմ, որ այդ մեկն իմ որդին է… Ուզում եմ նրան ամուսնացնեմ, որ աղջիկ ունենա, անունը կնոջս` Ռուզիկիս անունը դնեմ…Այդպես նա նորից կապրի…

 

 

 

 
ՍԵԶՈՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ` ԸՍՏ ԴԻԶԱՅՆԵՐԻ

«Ժողովուրդ»-ն արդեն գրել է այս ամռանը տարածված նորաձեւության միտումների, սեզոնային թրենդների մասին: Այժմ արդեն դիզայներ Դիանա Շատվերյանի օգնությամբ ներկայացնում ենք այս սեզոնին նորաձեւ երեւալ փորձողների մի քանի տարածված սխալներ:

Առաջինը վերաբերում է կազմվածքին ոչ համապատասխան հագուստի ընտրությանը: Այս սեզոնին հաճախ կարելի է հանդիպել կիսատաբատների, կիսաշրջազգեստների ոչ ճիշտ կիրառման. «Նմանատիպ զգեստներ կրելիս պետք է շատ զգույշ լինել, հարկավոր է գեղեցիկ կազմվածք ունենալ, հակառակ դեպքում կարելի է դիմել այլընտրանքային միջոցների: Ի վերջո, կարելի է կրել երկար զգեստներ, որոնք ե՛ւ հարմարավետ են ու հով, ե՛ւ գեղեցիկ»,-նկատեց դիզայները` հավելելով, որ կարճահասակներին խուրհուրդ է տրվում երկար զգեստները կրել ոչ տափակ տակացուներով կոշիկների հետ` ընտրելով բարձրակրունկ կամ պլատֆորմով կոշիկներ: Ընդ որում, զգեստը պետք է ծածկի կոշիկները:
Հաջորդ տարածված սխալը սպիտակ տաբատի, կիսատաբատի հետ ոչ համապատասխան ներքնազգեստի կիրառումն է: «Սպիտակ շորերի տակից ներքնազգեստն, առհասարակ, չպետք է թափանցի: Եվ հետո` սպիտակ զգեստ կրելու համար էլ պահանջվում է համապատասխան կազմվածք»,-ասաց Դ. Շատվերյանը:
Սեզոնին տարածված մեկ այլ սխալ էլ վերաբերում է զգեստների բացվածքներին: Դիզայների խոսքով` նեղ բացվածքները միշտ շատ ավելի գեղեցիկ են, քան լայները. «Խորհուրդ չի տրվում կարճ կիսաշրջազգեստը կամ կիսատաբատը առօրյայում համադրել փորի, մեջքի մասում լայն բացվածքով շորերի հետ. սա չի կարող ճիշտ ընկալվել»,-զգուշացրեց նա:
Ամռանը կարեւոր է նաեւ հագուստի գույների ճիշտ ընտրությունը: Տարածված սխալներից մեկն ամռանը սեւ գույնից խուսափելն է, այնինչ Դ. Շատվերյանն այն կարծիքին է, որ սեւը կարելի է արդյունավետ կիրառել նաեւ այս սեզոնին. «Սեւն անչափ գեղեցիկ է նայվում արեւայրուք ընդունած մաշկի վրա: Տարօրինակ կերպով մարդիկ խուսափում են, օրինակ, սեւ լողազգեստից` արեւայրուքն ընդգծելու համար ընտրելով սպիտակը, այնինչ հակառակն ավելի էֆեկտիվ է: Արեւայրուք ընդունած մաշկի դեպքում գեղեցիկ են նաեւ մուգ դեղինի եւ կարմիրի երանգները»:
Դիզայները զրույցի վերջում հիշեցրեց, որ ցանկացած պարագայում շատ կարեւոր է չափի զգացումը պահպանելը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
Երեւանում հունիսի 19-ին կյանքի 73-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ Վառլեն Ալեքսանյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի գրողների միությունից: Վառլեն Ալեքսանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 20-ին, իսկ վերջին հրաժեշտը` հունիսի 21-ին, ՀԳՄ դահլիճից:
Նշենք, որ Վ. Ալեքսանյանը բանաստեղծական տասնյակ գրքերի հեղինակ է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, սլովակերեն, վրացերեն: Նրա գրական գործունեությունն արժեւորվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալներով, «Թեքեյան» մշակույթի միության, ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան եւ այլ մրցանակներով:

 

ՆՈՐ ՍԻՐԱՎԵ՞Պ
Այն բանից հետո, ինչ դերասան Արման Նշանյանին ու ռադիոհաղորդավարուհի Մարիաննա Ոսկանյանին միասին են տեսել «Վրիժառուի օրագիրը» ֆիլմի պրեմիերային, ESem.am-ի ընթերողները ցանկացել են պարզել` արդյոք նրանք դեռ ընկերություն են անում (նախկինում պտտվում էին նրանց հնարավոր սիրավեպի մասին խոսակցություններ): Արման Նշանյանը, բավարարելով հետաքրքրասերների պահանջը, նշել է, որ ինքն ու Մարիաննան տարիներ առաջ ունեցել են «ռոմանտիկ շփում», բայց արդեն շատ վաղուց պարզապես լավ ընկերներ են: «Նա յուրահատուկ, գեղեցիկ անձնավորություն է, որին որպես հարազատ մարդ կորցնելը հանցագործություն կլինի»,-ասել է դերասանը: Իսկ Մարիաննան չի ցանկացել պատասխանել այդ թեմայի շուրջ իրեն ուղղված հարցերին:

 

ՀԱՂԹԵԼ Է ՀԱՅ ՄԱՍՆԱԿԻՑԸ
Այս օրերին Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվում է «VIVA – ITALY-RIMINI-2015» միջազգային ամենամյա երաժշտական փառատոնը: Վերջինիս շրջանակներում տեղի է ունեցել 6-8 տարեկան ջութակահարների մրցույթ: Երեւանից մրցույթին մասնակցել եւ հաղթող է ճանաչվել 7-ամյա Ալեքսանդր Խաչատրյանը:
Ալեքսանդրը սովորում է Երեւանի Ա. Չեխովի անվան դպրոցում, իսկ ջութակի դասերի հաճախում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանի եւ հայկական ջութակի դպրոցի նահապետներից մեկի` Պետրոս Հայկազյանի մոտ:




Լրահոս