Ո՞ՒՄ ԷՐ ՊԵՏՔ ԹԵՎՈՍԻԿԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՇՈՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 19-ին մեծ շուքով բերման ենթարկվեց քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանը՝ Թեւոսիկը, որը անձի առեւանգման մեղադրանքով նախորդ տարվա դեկտեմբերին էր ազատ արձակվել կալանավայրից՝ 1 տարի մնալով պատժախցում: Ու հասկանալի է, որ նրան կրկին բերման ենթարկելու մասին որոշումը չէր կարող պատահական լինել. հավանաբար Թեւոսիկն ինչ-որ հարցում սխալ է թույլ տվել:

Իհարկե, պաշտոնապես հայտարարվեց, որ ապօրինի հրազեն պահելու կասկածանքով է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունը բերման ենթարկել Թեւոս Սաֆարյանին, Կարեն Բագրատունյանին՝ Սամբիստ Կարենին, Հարություն Ալեքսանյանին՝ Քանաքեռցի Հարութին, եւ եւս 7 հոգու, որոնց մեջ է եղել նաեւ Թեւոս Սաֆարյանի որդին՝ 23-ամյա Նորիկ Սաֆարյանը: Եւ, պաշտոնական տեղեկության համաձայն, բերման ենթարկվածների անձնական խուզարկության արդյունքում «Բենթլի» ավտոմեքենայի մեջ գտնվող, Կարեն Բագրատունյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով: Իսկ ավտոմեքենայի վարորդ Արմեն Ղարիբյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է եւս 1 հատ առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 5 փամփուշտով: Ուղեկցող անձանցից մեկի մոտ էլ հայտնաբերվել էր շագանակագույն չորացված զանգված:
Նկատենք, որ ցանկացած քրեական հեղինակության եւ նրան ուղեկցող ավտոմեքենա, եթե ոստիկանությունը նույնիսկ պատահականության սկզբունքով կանգնեցնի, ապա հաստատ զենք եւ թմրանյութի նման ինչ-որ զանգված կհայտնաբերվի: Եւ այս իրավիճակում մի շատ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ ոստիկանությունը հենց հիմա հիշեց Թեւոս Սաֆարյանին: Չէ՞ որ նա ամիսներ առաջ էր կալանավայրից դուրս եկել ու կարծես թե հարթել էր իր հարաբերությունները քրեական ու քաղաքական այն շրջանակների հետ, որոնց հետ բախման արդյունքում հայտնվել էր ճաղերի հետեւում:
Բայց ինչպես երեւում է՝ իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ, եւ Թեւոսիկը կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Որտե՞ղ է նա սխալվել, առայժմ դժվար է ասել. գուցե եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության համար վրեժխնդիր լինելու մասով ինչ-որ հայտարարություննե՞ր է արել կամ ինչ-որ շրջանակների՞ է հայհոյել: Չի բացառվում: Բայց այն, որ Երեւանի փողոցում ի տես բոլորի կատարված «մասկի շոուն» կազմակերպված էր հենց Թեւոս Սաֆարյանին բերման ենթարկելու գործընթացը ցույց տալու համար, միանշանակ է: Օպերատիվ նկարահանում իրականացնող տեսախցիկը «զախվատի» օպերացիայից հատկապես ֆիքսել է Թեւոս Սաֆարյանի ձեռքերը ոլորելու պահը, եւ վերջ:
Հավելենք, որ բոլոր մասնակիցներին ՀՀ ոստիկանությունը բերման ենթարկելուց հետո հանձնել է ՀՀ քննչական կոմիտեին: Այստեղ էլ մեծ օպերատիվությամբ արագ կողմնորոշվեցին, որ ապօրինի զենք կրելու համար պետք է կալանավորել 2 հոգու, իսկ մյուսներն ազատ արձակվեցին՝ երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ:
Իսկ ովքե՞ր էին զենք կրողները. արդյո՞ք հենց նրանց էին պատկանում հայտնաբերված զենքերը, որոնք կալանավորվեցին, թե՞ պարզապես նրանք «իրենց վրա վերցրին» զենքերը, որպեսզի Թեւոս Սաֆարյանն ազատ արձակվի: Սրանք հարցեր են, որ դեռ պետք է պարզի օբյեկտիվ քննությունը: Տեղեկացնենք, որ ապօրինի զենք կրելու հատկանիշներով քննչական կոմիտեում քրեական գործ է քննվում:
Ինչպես հայտնի է՝ Թեւոս Սաֆարյանին տեղափոխող «Բենթլին» պատկանում է ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանին, որը երեկ խոստովանեց, որ Թեւոսն իր բարեկամն է, որից չի կարելի հրաժարվել: Եւ ինքն իր ավտոմեքենան տվել էր Մոսկվայից Հայաստան եկած Թեւոսին՝ իր մեկ այլ ընկերոջ՝ Արծվի կառուցած եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու համար: «Իրավունք չունեին 5-6 ավտոյով ման գան, խախտում են արել, դրա համար էլ բռնել են»,- փորձեց իրավիճակը թեթեւացնել Սեյրան Սարոյանը: Մինչդեռ Թեւոսին բերման էին ենթարկել ապօրինի զենք ունենալու կասկածանքով, ավելին՝ պատգամավորը ոչ մի խոսք չասաց այն մասին, որ իր վարորդ Արմեն Ղարիբյանն ապօրինի զենք եւ 5 փամփուշտ ունենալու մեղադրանքով արդեն իսկ կալանավորված էր: Արդյո՞ք Սարոյանի վարորդը պարզապես «անմեղ զոհ է» այս պատմության մեջ եւ ապօրինի զենքն «իր վրա է վերցրել», որպեսզի փրկի Սեյրան Սարոյանին (եթե զենքը նրանն է) կամ Թեւոսին (եթե զենքը վերջինիս է պատկանում): Ամեն դեպքում պատգամավոր Սարոյանը ինչ-որ բան ակնհայտորեն թաքցնում էր:
Տեղեկացնենք, որ այս գործով երկրորդ կալանավորվածը Սամբիստ Կարենն է, որը եւս զենք է ունեցել: Համենայնդեպս, պաշոնապես այդպես մատուցվեց:
Այս պատմության մեջ ուշագրավը ոչ միայն Թեւոս Սաֆարյանի գլխավոր դերակատարմամբ բեմադրված «մասկի շոուն» էր, այլ այն տխուր իրավիճակը, որ ՀՀ ԱԺ պատգամավորները ընկերություն ու բարեկամություն են անում քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ՝ չամաչելով այդ մասին բարձրաձայնել: Օրեր առաջ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշն էր գրեթե ծնկաչոք դիմավորում ԱՄՆ-ից Հայաստան եկած օրենքով գող Պզոյի՝ Արմեն Ղազարյանի 7-ամյա որդուն՝ ի տես բոլորի կռանալով եւ համբուրելով նրան: Երեկ էլ Սեյրան Սարոյանն էր իր ոճի մեջ հպարտանում, թե Թեւոսն իր պապենական բարեկամն է, նույն ակունքներից են սերում իրենց պապերը, եւ ինքը չէր կարող իր «Բենթլին» չտալ Թեւոսին, որպեսզի եկեղեցու բացմանը մասնակցեր:
Իսկ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անգամ ուշադրություն չի դարձնում նման երեւույթների վրա: Թեեւ մեղադրելու էլ չէ. ծերուկը հիմնականում քնած է լինում եւ ժամանակ չի ունենում ԱԺ պատգամավորի իմիջով հետաքրքրվելու:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

 

ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՍԱՐՔՈՎԻ ԷՐ

Հունիսի 20-ին Չարենցավանում երիտասարդ աղջկա նկատմամբ ավազակային հարձակումից մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ»-ին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ավազակային հարձակումը նախապես պլանավորված շոու է եղել:

Նշենք, որ երեկ տեղեկություններ էին տարածվել, որ Չարենցավանում ավազակային հարձակման է ենթարկվել 20-ամյա աղջիկ: Ըստ տեղեկությունների՝ դիմակավորված 3 անձինք ներխուժել են բնակարաններից մեկը, կապկպել 20-ամյա աղջկան, ատրճանակի սպառնալիքով պահանջել են հայտնել տանը եղած գումարի եւ ոսկյա զարդերի գտնվելու տեղը, ապա պոկել են աղջկա պարանոցից ոսկյա շղթան:
Ավելի ուշ հայտարարվեց, թե անհայտ անձինք բնակարանից հափշտակել են 5.000.000 դրամ եւ դիմել են փախուստի:
Այն, որ վերջին շրջանում բնակարաններում ավազակային հարձակումների արդյունքում անհայտ անձինք նախ կապում են տան սեփականատերերին կամ դաժանորեն ծեծի ենթարկում, գաղտնիք չէ: Տպավորությունն այնպիսին էր, որ Չարենցավանում տեղի ունեցած ավազակային հարձակումն էլ հերթական դեպքերից մեկն էր, սակայն պատկերը ճիշտ հակառակն է:
Մեզ հասած տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկված աղջիկը օրեր առաջ իր ընկերոջ հետ ծախսել է մորը պատկանող գումարը, սակայն, երբ մայրն ասել է, որ վիրահատության համար տան պահած գումարը պետք է ծախսեն, աղջկան այլ ելք չի մնացել, քան կազմակերպել ավազակային հարձակման շոուն: Արդյունքում, վերջինս ստեղծել է մի վիճակ, թե իբր գողերը մտել են իրենց տուն, կապկպել են եւ տարել են տան գումարը: Սակայն նա ընկավ իր փորած փոսը, եւ իրականությունը ջրի երես դուրս եկավ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՄՆՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՎԵՐՋ
Հունիսի 19-ից Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նախատեսված երթը վերածվեց նստացույցի: Պայքարի դուրս եկած ակտիվիստները իշխանություՆներին ժամանակ էին տվել՝ պահանջելով անվավեր ճանաչել էլեկտրաէներգիայի թանկացան մասին կայացված որոշումը, սակայն տեսնելով, որ այս կերպ պայքարը արդյունք չի տալիս, եւ լրացել է իշխանություններին տված ժամանակը, ակցիայի մասնակիցները որոշեցին բողոքի ակցիան շարունակել Բաղրամյան 26-ում` նախագահական նստավայրի դիմաց: Ու մինչ վերջիններս գործի կանցնեին, ՀՀ ոստիկանությունը վաղ առավոտվանից «զինում էր» Բաղրամյան փողոցը: Մեծ թվով զրահապատ ոստիկանական մեքենաները, մահակներով զինված ոստիկանները պատ էին կազմել գրողների միության մոտ: Երթով առաջ շարժվող ակտիվիստներին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրեց, որ երթն անօրինական է, բայց ոչ ոք չընկրկեց:
Ավելի ուշ փոխոստիկանապետը հայտարարեց, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտնում է, որ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ընդունել 3 ակտիվիստի եւ լսել նրանց: Սակայն երթի մասնակիցները չէին հավատում փոխոստիկանապետին եւ շարունակում էին առաջ շարժվել: Ավելի ուշ երթի մասնակիցները հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանը թող հայտարարի, որ կասեցնում է էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, եւ բոլորը կցրվեն, եթե ոչ, ապա իրենք խոսելու բան չունեն: Արդյունքում ակտիվիստները կարողացան հասնել մինչեւ գրողների միության շենքի մոտ, որտեղ եւ սկսվեց նստացույցը:
ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բազմիցս հիշեցրեց ակցիայի մասնակիցներին, որ նրանց ակցիան անօրինական է, եւ իրենք խախտում են լռության ժամը: Ըստ փոխոստիկանապետի՝ ժամը 23:00-ից հետո արգելված է աղմկել, սակայն ակցիայի մասնակիցները շարունակում էին երգել հայրենասիրական երգեր՝ ավելի ցածր տոնայնությամբ:
Նկատենք, որ այդ ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցները, խումբ-խումբ կազմած, քննարկում էին, թե ճիշտը Բաղրամյան 26 գնալը եւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելն է, իսկ, ահա, մի մասը պնդում էր, որ իրենք երեք օր շարունակ սպասել են եւ չեն պատրաստվում գնալ Բաղրամյան 26, թող նա գա եւ հայտարարի, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը կասեցված է:
Ի դեպ, բողոքի ակցիայում ոստիկանների եւ քաղաքացիների մեջտեղի հատվածում կանգնած էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւորականներ` հայր Ռուբենը, Բագրատ սրբազանը եւ Տեր Ասողիկը: Վերջիններս ակցիայի մասնակիցների հետ քննարկում էին ստեղծված իրավիճակը եւ ամեն կերպ հանգստացնում ներկաներին: Կես գիշեր անց ակցիայի մասնակիցների մի մասը հակված էր վերադառնալ Ազատության հրապարակ եւ բողոքի ակցիան շարունակել այնտեղ, բայց մեծ մասը չէր պատրաստվում հեռանալ. «Մնում ենք, մնում ենք»:

Ք. Մ.




Լրահոս