ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՐՑԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն երեկ համաձայնեց ԱԺ-ում մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությանը: Սակայն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀԿ-ն առաջադրեց իր նախապայմանը՝ հանձնաժողովը ձեւավորվելու է նախագահական ընտրություններից հետո, որպեսզի քաղաքական շահարկումների չվերածվի: Այսպիսով ՀԱԿ-ը գնաց զիջման, ինչի արդյունքում ԱԺ մշտական հանձնաժողովում նախագծի քվեարկությունը հետաձգվեց մինչեւ մեկ տարի ժամկետով:
Լրագրողների հետ ճեպազրույցում նախագծի հեղինակներից ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, թե հանձնաժողովի խնդիրը շատ կարեւոր է, եւ ինքը նման փոխզիջման գնացել է գիտակցաբար. «Քանի որ իշխող կոալիցիան մեծամասնություն ունի բոլոր հանձնաժողովներում, ուզենք թե չուզենք՝ մենք հաշվի պետք է նստենք այդ հանգամանքի հետ: Ես նորմալ վերաբերվեցի այդ առաջարկությանը, հակառակ դեպքում հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տալու: Բնական է, նաեւ ԱԺ-ն չէր քվեարկելու հօգուտ այդ հարցի, եւ մենք ունենալու էինք տապալված նախաձեռնություն»:
ԱԺ քառօրյայի ժամանակ էլ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից իշխող մեծամասնության անունից նախագահի ընտրություններից հետո հանձնաժողովի ստեղծման երաշխիքներ պահանջեց: «Ուզում են հասարակության մոտ այնպիսի տպավորություն ստեղծել, որ մեծամասնությունը չունի ցանկություն՝ մարտի 1-ի դեպքերը բացահայտելու: Ուզում եմ հայտարարել, որ նախագահի գլխավորությամբ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բացահայտվեն մարտի 1-2-ի դեպքերը»,-խոստացավ Հ. Աբրահամյանը: Լ. Զուրաբյանը կարծում է, որ իշխանությունները հանձնաժողովի ձեւավորման հարցում ստիպված էին զիջումների գնալ այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն հայտարարեց, որ նախագծին կողմ է քվեարկելու ողջ խմբակցությամբ: Բացի այդ, ըստ նրա, նախագծին կողմ էին քվեարկելու նաեւ ոչ կոալիցիոն մյուս խմբակցությունները, ինչի արդյունքում հերթական անգամ կձեւավորվեր կոնսենսուս հանած ՀՀԿ տարբերակը:
Կատարվածից, սակայն, դժգոհ է ԲՀԿ-ն: Այս խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարեց, թե ՀԱԿ-ը չպետք է համաձայներ իշխանության առաջարկած տարբերակին: «ԲՀԿ-ն միանշանակ կողմ էր նման հանձնաժողով ստեղծելուն: Գաղտնիք չէ՝ հանրության մեջ կան բազում հարցեր` կապված մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքների հետ: Եւ եթե հանրության մեջ կա գոնե մեկ հարց` կապված այդ թեմայի հետ, բնականաբար, այդ մեկ հարցն անգամ պիտի իր հանգուցալուծումը ստանա»,-նշեց նա՝ հավելելով, որ այդ թեման զերծ պիտի լինի որեւէ քաղաքական շահարկումից, ուստի օպտիմալ լուծում կլիներ, եթե հարցը հանձնաժողովի նիստում քվեարկվեր, բայց քաղաքական որեւէ ռիսկից խուսափելու համար որոշում ընդունվեր, որ այդ հանձնաժողովը ստեղծվելու է նախագահական ընտրություններից հետո:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս