ԶԻՆՎՈՐԸ ՄԱՀԱՑԱՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս նոյեմբերի 5-ին Ռոմիկ Քոչարյանը «Ժողովուրդ»-ին պատմել էր, որ իր որդին՝ զորակոչիկ Արթուր Քոչարյանը, սույն թվականի սեպտեմբերից N զորամասում հիվանդացել էր դեղնախտով, այնուհետեւ` ջրծաղիկով: Նրան  Հայաստանում ապրելու հույս չէին տվել, ու  հարազատները մահամերձ զինվորին տեղափոխել էին Մոսկվա` հույս ունենալով, որ այնտեղ հնարավոր կլինի փրկել նրա կյանքը: Սակայն 20-ամյա Արթուր Քոչարյանը կիրակի օրը մահացել է հիվանդանոցում: Նրա դին գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում, պետք է տեղափոխեն Հայաստան:
Արդեն գրել ենք, որ զորամասում հետեւողական ու նորմալ բուժման կուրս չանցնելու պատճառով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրված զինվորին տեղափոխել են Արյան փոխներարկման ինստիտուտ, որտեղ արյան վարակը բուժելու հույս չեն տվել` խորհուրդ տալով շտապ տեղափոխել Մոսկվա: Բուժման համար անհրաժեշտ էր 67 հազար ԱՄՆ դոլար, սակայն ՊՆ բուժվարչության պետ Արտաշես Փարսադանյանն ու աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը զինվորի ծնողներին ասել էին, թե ՊՆ-ն չի կարող ֆինանսավորել, որպեսզի զինվորը բուժում ստանա:
Ստիպված Արթուրի ընտանիքը դիմել էր իր բոլոր ծանոթ-հարազատներին եւ խնդրել օգնել, որպեսզի զինվորին տեղափոխեն Մոսկվա՝ նրա կյանքը փրկելու համար, իսկ ՊՆ-ն խոստացել էր որոշ ժամանակ հետո պահանջվող գումարը փոխանցել: Տեղեկացրել էինք նաեւ, որ չնայած Արթուրին տեղափոխել էին Մոսկվա` հուսալով, որ ամեն ինչ լավ կլինի, բայց օր օրի նրա առողջական վիճակը վատթարանում էր: Կիրակի Արթուրի հարազատները «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ նա հիվանդանոցում մահացել է:
Երեկ զրուցեցինք զինվորի հոր` Ռոմիկ Քոչարյանի հետ: Վերջինս ասաց, թե իրենք ուղղակի անելանելի վիճակում են, չեն կարողանում հասկանալ, թե ինչպես տեղի ունեցավ դեպքը. «Նախ ասեմ, որ խնդիրն այն էր, որ մենք էրեխուն շատ ուշ տեղափոխեցինք, էն ժամանակ հլը տենց վարակ չկար, սնկային չկար, սկզբում 85 տոկոս ապրելու հույս էին տալիս, ախր դա էն հիվանդությունը չէր, որ չկարողանային փրկել, բայց մենք մոտավորապես 20-25 օր հետո ենք տեղափոխել»:
Արթուրի հայրը նշեց, որ 67 հազար դոլար չունենալու պատճառով իրենք չկարողացան փրկել իրենց զավակի կյանքը. «Չնայած մինչեւ վերջին օրն էլ այդ գումարը չի փոխանցվել, անգամ եթե էդ գումարն էլ հիմա փոխանցեին, մեկ ա, մենք շատ ուշացրինք էրեխուն Մոսկվա տեղափոխելը, մենք Արթուրին մահամերձ ենք տվել բժշկին, ու ինքը Աստված չէր, որ կարողանար փրկել: Ախր ամենացավալին այն էր, որ իր հիվանդությունը բուժվող էր: Իսկ հիմա` թե էդ գումարը տվեցին, թե չտվեցին, դա արդեն մեզ համար դարձել է երկրորդական: Ուղղակի մի բան ասեմ, ո՞վ կասի՝ ով ա մեղավոր, որ էսքան զինվորներ մահանում են, իմ որդին հիվանդացել է հենց բանակում, հիմա ես ի՞նչ պետք է անում, ասե՛ք` անեմ»:
Երեկ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի հիվանդության հայտնաբերման առաջին իսկ օրից ՊՆ-ն ձեռնամուխ է եղել նրա առողջությունը վերականգնելուն եւ կյանքը փրկելուն: Հաղորդագրությունում նշվում է. «ՌԴ ք. Մոսկվայի Դ. Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության եւ իմունոլոգիայի կենտրոնի պրոֆեսոր բ.գ.դ. Ա. Մասչանի եզրակացության համաձայն՝ ոսկրածուծի համատեղելի արյունակից դոնորի բացակայության պայմաններում որպես բուժման առաջին փուլ գերադասվում է կոմբինացված իմունոսուպրեսիվ բուժումը ցիկլոսպորինի եւ հակալիմֆոցիտար գլոբուլինի կիրառմամբ… Բուժման ընթացքում վերը նշված կլինիկայի եւ ՊՆ-ի միջեւ կնքվել է միջպետական պայմանագիր՝ Արթուրի բուժման համար անհրաժեշտ գումարը փուլ առ փուլ վճարելու նպատակով:
Կենտրոնը ՊՆ-ին հայտնել է, որ զինվորի մահը բուժման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունից չի եղել…»:
Իհարկե, այսքանից հետո ՊՆ-ն պետք է ամեն կերպ արդարանար, բայց այս անգամ որեւէ արդարացում չի փրկելու ՊՆ-ին, քանի որ փաստը մնում է փաստ, որ ի սկզբանե ՊՆ-ն հրաժարվում էր գումար հատկացնել զինվորի բուժման  համար: Եւ ուշացման պատճառով զինվորը մահացավ: Ստացվում է, որ ծնողն իր առողջ զավակին ուղարկում է բանակ` ծառայության, սակայն զորացրվելուց մեկ ամիս առաջ ծայրահեղ ծանր վիճակով նրան «տալիս» են ծնողների ձեռքը: Ու այսքանից հետո էլ հորդորում են ՊՆ-ին չվատաբանել:
Հ.Գ. Տեղի ունեցածի կապակցությամբ երեկ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Որևէ մեկին չի հետաքրքրում, որ դու փաստեր կներկայացնես, կհիմնավորես, որ իրավաբանորեն մենք չէինք էլ կարող մեր երկրում ինչ-որ այլ բան անել, որ առանց որևէ մեկի վայնասունի մենք այդ երեխային տանում էինք Մոսկվա կամ հարցումներ էինք կատարում, որ ծնողները մեր մոտ շնորհակալությունների հորձանք էին թափում, իսկ ոմանք պնդում են, որ ՊՆ-ն նրանց թշնամին է: Որևէ մեկին, իհարկե, հետաքրքիր չէ, որ մենք արել ենք շատ բան, որ ուղղակի մարդկայնորեն ենք արել՝ առանց պարտականության ու իրավունքի»:
Քոչարյանների ընտանիքը եւս երեկ հայտարարություն է տարածել. «Պաշտպանության նախարարությունն ու նրան ամեն կերպ պաշտպանելու հաշվին սեփական գոյությունը քարշ տվող ,հայրենասերներըե համացանցով մեկ ցինիկաբար տարածում են այն տեսակետը, թե Արթուր Քոչարյանի մահվան հարցում ՊՆ-ն որևէ մեղք չունի:
Սա այն դեպքում, երբ ՊՆ-ի կողմից գումարի տրամադրման շուրջ մեկամսյա ձգձգման պատճառով Արթուրի վիճակը չափազանց սրվեց: Արթուրին բուժող բոլոր բժիշկներն ասում են, որ եթե նա տեղափոխվեր Մոսկվա գոնե 2 շաբաթ շուտ, նրան հնարավոր կլիներ ապաքինել:
Մեր որդու մահը ՊՆ-ի խղճին է: Եթե, իհարկե, այն առհասարակ խիղճ ունի»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս