ԱՆԵՐՈՐԴԻՆ ԱՎԵԼԻ ԶՈՐԱՎՈՐ Է, ՔԱՆ ՓԵՍԱ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցնդող կնիքներ, ընտրատեղամասերի տարածքներում կրիմինալ աշխարհի  խմբավորումներ, պատվեր կատարող տաքսու վարորդներ, վախվորած վստահված անձինք. դեկտեմբերի 2-ին այս մթնոլորտում անցան թիվ 1 ընտրատարածքի ընտրությունները:
Հիշեցնենք՝ թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել էին ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանը, որը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը եւ ինքնաառաջադրված ՀԺԿ-ական գործազուրկ Էդուարդ Պետրոսյանը:
«Հայաստանի իշխանությունները հաստատակամ են փետրվարին անցկացնել ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրություններ՝ հաշվի առնելով մայիսին միջազգային դիտորդների ներկայացրած առաջարկները»,-այս խոսքերը Սերժ Սարգսյանն արտաբերեց հոկտեմբերի 17-ին Բուխարեստում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում: Եւ ահա 1 ամիս անց Ավանում տեղի ունեցած արտահերթ  ընտրությունները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանի խոսքերն իրականության հետ որեւէ առնչություն չունեն, այն իսկական «գիտափորձ» էր՝ հասկանալու համար, թե ինչպես են անցնելու փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները: Միակ տարբերությունն այն է, որ եթե նախկինում կեղծարարությունները չէին խոստովանում, հիմա արվում են բացահայտ:
Ընտրական տեղամասերի բացվելուց ի վեր արձանագրվեցին ընտրախախտումներ, որ հետզհետե ձեռք բերեցին զանգվածային բնույթ: Նորից անձնագրերից անհետացող դրոշմակնիքներ, թաղային հեղինակություն վայելող տղաների՝ ընտրատեղամասի տարածքներում մարդկանց ուղղորդելու գործողություններ: Ավելին, այս անգամ Ավան-Առինջի N 5, 32, 15 երթուղային տաքսիներն ամբողջովին ծառայում էին քաղաքապետի աներորդուն. ընտրողներին կազմակերպված ձեւով ավտոմեքենաներով տանում էին տեղամասեր: Նույն գործին էին լծված նաեւ «Միլենա», «Էլենա», «Ավան», «Z» տաքսի ծառայությունները: «Ասել են՝ գնացե՛ք, տներից հավաքե՛ք, բերե՛ք, մենք էլ անում ենք, ի՞նչ անենք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանեցին վարորդները: Նշենք նաեւ, որ Նոր Նորք վարչական շրջան տանող ճանապարհին, ինչպես նաեւ թիվ 1 ընտրատարածքի մի շարք բակերում չէին հանվել ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանի պաստառները, ինչը ՀՀ ընտրական օրենսգրքի խախտում է:
Այսպիսով՝ 18 805 ձայնով պատգամավորի մանդատ ձեռք բերեց Ռոբերտ Սարգսյանը, իսկ Ստեփան Սաֆարյանը, որ 6 ամիս առաջ  9328 ձայն էր հավաքել, ստացավ ընդամենը 3680 քվե:
Այս իրավիճակը ֆեյսբուքյան իր էջում ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանն այսպես է բնութագրել. «Ինչ-որ մեկը կարող է իր ձին բերել եւ ասել` սա է ձեր պատգամավորը, եւ վե՛րջ»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս