ՇՐՋԱԿԱՅՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԱՏԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր պետություն պետք է համապատասխան ուշադրություն դարձնի շրջակա միջավայրի պաշտպանությանը, իսկ զարգացած պետություններն արդեն իսկ նկատելի հոգածությամբ են վերաբերում բնությանը: Հայաստանի պարագայում էկոլոգիական խնդիրները բազմաթիվ են, դրանց մի մասը սրվեց հատկապես վերջին տարիներին՝ զանգվածային ծառահատումների եւ բիզնես շահերը սպասարկելու հետեւանքով: Այսօր կառավարությունը ճամարտակում է շրջակա միջավայրի պաշտպանության անհրաժեշտության մասին, մինչդեռ գործնական որեւէ քայլ չի անում,  իսկ իրականացված ծրագրերի արդյունքների մասին էլ ավելի լավ է համեստորեն լռել:
ՀՀ 2011թ. պետական բյուջեի վերաբերյալ կատարողական-հաշվետվության շրջանակներում առանձնացված «Շրջակա միջավայրի պաշտպանության» ասպարեզում ընդհանուր առմամբ ծախսվել է 6,6 մլրդ դրամ: Ծրագիրը, սակայն, իրականացվել է 74,6%-ով, որի հիմնական պատճառը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ իրականացվող Սեւանա լճի բնապահպանական վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի, Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Հարավային Կովկասի տարածաշրջանում բնապահպանական դրամաշնորհային ծրագրի ցածր կատարողականներն են: Արտաքին աջակցության շնորհիվ այս ոլորտում ծախսերը ավելացել են 1.7 մլրդ դրամով:
Շրջակա միջավայրի պաշտպանության առանցքային ճյուղերից է աղբահանությունը, որի ուղղությամբ արված ֆինանսական հոսքերը կազմել են 43.1 մլն դրամ: Նշվում է, որ ռադիոակտիվ ծառայությունների սպասարկման ուղղությամբ վերոնշյալ գումարից հատկացվել է 29.2 մլն դրամ: «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ում ներդրումների համար նախատեսված 13.9 մլն դրամի ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է: Ստացվում է, որ աղբահանության գործում ծախսված գումարները հիմնականում հատկացվել են վնասակար թափոնների անվտանգության նորմերի պահպանմամբ ռադիոակտիվ թափոնների կենտրոնացված փոխադրման, ուսումնասիրման, տեղափոխման վնասազերծման, պահապանման ու թաղման նպատակներով: Այն դեպքում, երբ Երեւանում ու մարզերում աղբահանության խնդիրները բավական սուր են, փողոցներում հաճախ կարելի է տեսնել աղբի կուտակումներ, կառավարությունն աղբահանության ոլորտում ֆինանսական հիմնական հոսքերն արել է ռադիոակտիվ ծառայությունների սպասարկման ուղղությամբ:
Մեկ այլ խնդրի ենք բախվում ջրային օբյեկտների եւ օդային ավազանի աղտոտվածության վիճակի բարելավմանն ուղղված կառավարության գործունեությունն ուսումնասիրելիս: Պարզվում է, որ միայն ջրային օբյեկտների եւ օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի իրականացման վրա ծախսվել է 111,5 մլն դրամ: Բյուջեի հաշվետվության մեջ արձանագրված է, որ 2011թ. ընթացքում օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգային ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ վերցվել է 474,627 փորձանմուշ, կատարվել 518,275 անալիզ: Միայն մոնիթորինգի վրա հարյուր հազարավոր դոլարներ ծախսելով՝ արդյոք կառավարությունը լուծել է ոլորտում առկա որեւէ էական խնդիր: Իհարկե, մոնիթորինգ եւ խնդիրների համակողմանի ուսումնասիրություն կատարելը կարեւոր քայլերից է, քանզի առանց դրա խնդիրները հաջողությամբ լուծելն ուղղակի անհնար է: Սակայն պետք է միաժամանակ հասկանալ, թե միայն ուսումնասիրության վրա այդքան գումար ծախսելը որքանով է արդարացված: Վերջապես, որեւէ հստակություն չկա, թե ինչպես են կատարվել վերոնշյալ ուսումնասիրությունները եւ կոնկրետ որ կազմակերպության գործուն մասնակցությամբ:
Շրջակա միջավայրի պաշտպանության հարցում կառավարության ներկայացրած  ծրագրերի չավարտվող շարքում հայտնաբերեցինք, որ սույն ոլորտում քայլեր կատարելիս կառավարությունը խորհուրդների խիստ կարիք է ունեցել: Եւ ահա, ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող «Ինժեներիա, նախագծում եւ պայմանագրերի վերահսկողություն» դրամաշնորհային ծրագրի գծով իրականացվել են 159.9 մլն դրամի ծախսեր: Բացի այս, ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվել է «Հանրային մասնավոր համագործակցություն» դրամաշնորհային ծրագիրը, որի ծախսերը կազմել են 76.1 մլն դրամ: Այս երկու ծրագրերի շրջանակներում կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերով համապատասխանաբար «Ավագ Սոլյուշնս» եւ «Ֆիխտներ» խորհրդատվական ընկերությունների կողմից մատուցվել է տեխնիկական աջակցություն խորհրդատվական ծառայության տեսքով: Ընդհանուր առմամբ, այս երկու դրամաշնորհային ծրագրերով խորհրդատվություն ստանալու վրա ծախսվել է 236 մլն դրամ: Կրկին բախվեցինք անորոշության պատին, թե խորհրդատվության համար ինչպես են ընտրվել հենց այս կազմակերպությունները, միաժամանակ՝ թե այդ խորհուրդներով ինչ հաջողությունների է հնարավոր եղել հասնել: Արդյունքում՝ կառավարության խոսքի եւ գործի միջեւ եղած անդունդն ավելի է խորանում: Ի վերջո, խորհուրդ ստանալու համար վճարել միլիոններ, բայց հենց այդ ոլորտում պահպանել նույն անմխիթար վիճակը, մեղմ ասած, անթույլատրելի է: Թեեւ վերջին հանգամանքն այս կառավարությանը քիչ է անհանգստացնում, այլապես 2013թ. բյուջետային նախագիծը նույն ոգով չէին կազմի:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս