Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը իրավապահների ուղեկցությամբ քիչ առաջ շրջեց Բաղրամյան պողոտայով:
Ստուգվեցին աղբամանները, ինչպես նաև վրանատիպ կառույցները: Վերջիններս Վալերի Օսիպյանը կոչ արեց քանդել:
«Վրանի տեսք ունի, հազար բան կարող է տեղի ունենալ և աչքից հեռու է»: Վ. Օսիպյանը օգտվեց քաղաքացիների առաջարկած քաղցրավենիքից և ասաց.«Որ դուք չնեղանաք»: Նա նաև կոչ արեց պառկած երիտասարդներից մեկին վեր կենալ և մարզվել:
Երևանի փոխոստիկանապետը հայտնեց, որ ոստիկանության մոտ հայտնվել է տեսանյութ, որում նկատվում են երիտասարդներ` երեք փայտ ձեռքներին:
«Դրանք կարճ, մահակի տեսքով էին: Տեսանյութում երևում է, որ կանգնել են հարթակի վրա և ոստիկաններին կարծես ցույց են տալիս, որ մահակ ունեն, թափահարում էին»,-նշեց Օսիպյանը` հավելելով, որ դեռ նշված փայտերը դեռ չեն հայտնաբերվել: Երևանի փոխոստիկանապետը պատրաստակամություն հայտնեց ցույց տալ այդ տեսանյութը, որում երևում են մահակներով հարթակին կանգնած քաղաքացիները:
Բաղրամյան պողոտայում է նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: