«Սերժ Սարգսյանի ոճն է հարցերը հետաձգել և լուծումներ չտալ: Այդ աշխատանքն է, որ այդ ոլորտում բերել է այսպիսի իրավիճակի»,- անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ նախագահի` որոշման կասեցման մասին հայտարարությանը` երեկ այսպիսի մեկնաբանություն է արել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Վերջինիս խոսքով, ներկայիս լարված իրավիճակը ժամանակին միջոցներ չկիրառելու հետևանքն է:
Թերևս, Նիկոլ Փաշինյանը նման դիտարկմամբ հանդես չէր գա, եթե չլինեին վերջին տարիների ընթացքում իրար հաջորդող կասեցման մասին որոշումները: Եվ, կարելի է ասել, շատերի համար էր սպասելի նախագահի հայտարարությունը, քանի որ անհերքելի փաստ է` մեր երկրում ընդունված ցանկացած որոշում հանրության ըմբոստության հետևանքով ժամանակավորապես կասեցվում է:
Ընդամենը նախորդ տարի կասեցվեց «Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին ՀՀ օրենքի» որոշ դրույթների գործողությունը մինչև դրա սահմանադրականության վերաբերյալ հարցի քննարկումը։ Ապա` կրկին 2014-ին, կասեցվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը աճուրդի հանելու որոշումը:
Դեռևս թարմ է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությունը` կասեցնել ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին իր իսկ որոշումը:
Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, և բավական է` հանրությունը բարձրաձայնի, ոտքի կանգնի, ընդունված որևէ որոշումն անարդար համարող որևէ դրույթ առաջ քաշի և այն կասեցվում է:
Մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ: