Ոստիկանության աշխատակիցը ձերբակալվել է ապացույցները կեղծելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանը, հանդիսանալով հետաքննություն իրականացնող պաշտոնատար անձ, առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կեղծել է ապացույց:
 
Ըստ Ոստիկանության տարածած հաղորդագրության՝ նա որպես վկա է ներգրավել Ն. Հ-ին, ով վերջինիս ուղղորդմամբ տվել է ակնհայտ սուտ ցուցմունք այն մասին, որ ականատես է եղել 2010 թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Սահակ Սահակյանի կողմից Քաջարան քաղաքի զբոսայգում Գրիգոր Պապյանի հետ վիճաբանելուն, ինչպես և դանակի բռնակով Գրիգոր Պապյանի գլխին հարվածելուն, մինչդեռ Ն. Հ.-ն ոչ միայն ականատես չի եղել, այլև առհասարակ հանցագործության կատարման ժամանակ դեպքի վայրում չի գտնվել:
 
2012 թ. դեկտեմբերի 5-ին Գագիկ Դանիելյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Գագիկ Դանիելյանի լիազորությունները դադարեցվել էին դեռևս սեպտեմբերի 6-ին:
Նախաքննությունը շարունակվում է:
 




Լրահոս