Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հրավերով` Լույսերի տոնին մասնակցելու նպատակով Լիոնում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը գործնական մի քանի հանդիպումներ է ունեցել, որոնց շրջանակում քննարկվել են երկու քույր քաղաքների միջեւ գործընկերային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները: Այս մասին armlur .am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես, դեկտեմբերի 6-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մեծ Լիոնի քաղաքային տրանսպորտի կառավարումն իրականացնող ,Սիտրալե տրանսպորտային ձեռնարկության նախագահ Բեռնար Ռիվալտայի հետ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ի ընդհանուր գծերով ներկայացրել է Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքի առկա վիճակն ու նշել, որ դաշտի կանոնակարգման ուղղությամբ ներկայում իրականացվող փոփոխությունների շրջանակում ողջունելի կլիներ լիոնյան հաջողված փորձի որոշակի մոտեցումների կիրարկումը: Բեռնար Ռիվալտան պատրաստակամություն է հայտնել երեւանցի գործընկերներին ծանոթացնել կառավարման իրենց մոտեցումներն ու հնարավորին նպաստել Երեւանում դաշտի կանոնակարգման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում մասնագիտական խումբ գործուղել Լիոն` տեղում աշխատանքների կազմակերպման մոտեցումներն ուսումնասիրելու եւ այն Երեւանում ներդնելու համար:
Մինչ այս հանդիպումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը տուրիզմի զարգացման հարցեր է քննարկել Լիոնի հայազգի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի հետ: Ներկայացնելով մայրաքաղաքի պատմամշակութային առկա ներուժը, Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երեւանն այսօր բաց եւ պատրաստակամ է քննարկել տուրիզմի խթանման ու զարգացման տարբեր առաջարկներ, այդպիսով նաեւ գործնական հենք ստեղծելով երկուստեք փոխշահավետ համագործակցության հեռանկարների ուղղությամբ:
Համաձայնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիտարկմանը, Ժորժ Կեպենեկյանը նշել է, որ որպես Լիոնի փոխքաղաքապետ համակարգելով նաեւ տուրիզմի ոլորտը, հնարավորության սահմաններում կփորձեն օժանդակել Երեւանում ոլորտի զարգացման աշխատանքներին, այդ թվում նաեւ մասնագիտական խորհրդատվության տեսքով: