Ճնշումը մեծանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Պուտինի՝ Թուրքիա կատարած այցին, հայտարարել է, որ Մոսկվան ուրախությամբ կընդուներ Մաքսային միությանն անդամակցելու Թուրքիայի հնարավոր ցանկությունը: Ու թեեւ ռուսական իշխանամերձ փորձագետները կարծիք են հայտնում, որ այս փուլում  նման հեռանկարը, մեղմ ասած, իրատեսական չէ, եւ այդ հայտարարության նպատակն ընդամենը թուրքերի վերաբերմունքը շոշափելն է, այնուամենայնիվ, մեր շահերի տեսանկյունից սա բավականին կարեւոր հայտարարություն է: Հաշվի առնելով Աշխաբադում Ուկրաինայի եւ Հայաստանի նախագահների հետ Վլ. Պուտինի ունեցած առանձնազրույցների մասին տեղեկատվական արտահոսքերը, ըստ որոնց՝ Պուտինը զգուշացրել է, որ Եվրասիական միությանը չանդամակցելու դեպքում այդ երկրները լուրջ կորուստներ կունենան,  կարելի է  ենթադրել, որ նշված հայտարարությունը, բացի թուրքերի  զոնդաժից, նպատակ ունի նաեւ ՀՀ-ի վրա լրացուցիչ ճնշում բանեցնել: Եւ այս առումով ուշագրավ է, որ նշված առանձնազրույցի հաջորդ իսկ օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Գերմանիա, որտեղից էլ կուղեւորվի ԱՄՆ: Ինչպես հիշում ենք, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն այս հարցի հետ կապված  բավականին կոշտ հայտարարություն էր արել` դեմ արտահայտվելով Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարին: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը, կարծում ենք՝ այն ավելորդ պարզաբանման կարիք չունի: Իսկ մինչ եվրոպական  շահերի  ներկայացուցիչը համարվող Տիգրան Սարգսյանը մեկնեց արեւմուտքի քաղաքական կենտրոններում կոնսուլտացվելու, Հայաստանում Սերժ Սարգսյանն ընդունեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին, որի հետ, ըստ  պաշտոնական հաղորդագրության, քննարկվեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի փոխգործակցության հնարավոր ձևաչափերը: Դրան զուգահեռ, Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն հարցադրմանը նախօրեին տարբեր ամբիոններից  անդրադարձան  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ վարչապետ  Տիգրան Սարգսյանը: Մասնավորապես ԱԳ նախարարը “Ինտերֆաքս”-ին տված հարցազրույցում հարկ համարեց եւս մեկ անգամ արձանագրել Ռուսաստանի   անփոխարինելիությունը Հայաստանի համար: «Երբ ասում ենք, որ Ռուսաստանի հետ դաշնակցային ռազմավարական հարաբերություններ ունենք, այդտեղ ավելորդ խոսքեր պետք չեն, դրանով ամեն ինչ ասված է,-շեշտեց Նալբանդյանը` համենայնդեպս հավաստիացնելով,-Հայաստանը երբեք չի հայտարարել եւ չի հայտարարի, որ  առաջնայնությունը տալիս է եվրաատլանտյան կողմնորոշմանը եւ որ մնացած ուղղություններից գերադասում է եվրաատլանտյան համագործակցությունը”: Այս ամբողջ  աժիոտաժը  ցույց է տալիս, որ  Ռուսաստանը որոշել է առավելագույնս կարծրացնել դիրքորոշումն  ու Հայաստանի իշխանություններից մինչեւ ընտրությունները ստանալ սպառիչ ու վերջնական պատասխան: Իսկ եթե ոչ` Սերժ Սարգսյանին կսպասվի շատ ավելի բարդ ու անակնկալներով լի ընտրապայքար: 




Լրահոս