ՀՅԴ-ն իր 7 կետանոց պլատֆորմով խաղեր չի խաղում. Արմեն Ռուստամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը խաղեր տալու համար չէ, որ մյուս քաղաքական ուժերին առաջարկում է իր 7 կետանոց պլատֆորմը, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
“Մենք չենք եկել խաղեր խաղալու, մենք փորձում ենք այս օրակարգով ներկայանալ ժողովրդին, որից հետո արդեն առաջնորդողը բնական եղանակով կձևավորվի”,- ասաց նա և ավելացրեց, որ իրենք հավատում են մեխանիզմներին և հասարակական շահը գերադասում նեղ անձնական շահից:
Հարցին, թե ինչո՞ւ նախորդ ընտրություններին ՀՅԴ-ն արագ կողմնորոշվեց թեկնածուի հարցում, իսկ այս մեկին՝ ոչ, Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրավիճակի փոփոխությունը հստակ է:
 
“Նախորդի հետ բացարձակապես համեմատելի չէ, քանի որ գնալով հասարակության վստահությունն ընտրական գործընթացների նկատմամբ ավելի ու ավելի է նվազում: Անվստահության մակարդակն աննախադեպ է, այս աստիճանի իրավիճակ որևէ ընտրությունից առաջ չի եղել”,- նշեց նա և ավելացրեց, որ իրենք շտապելու խնդիր չեն տեսնում:
 
“Ի՞նչ իմաստ ունի առաջ ընկնել, երբ շատ խնդիրներ չեն լուծվել: Եթե տեղի չի ունեցել համախմբում, չի կարող անձի շուրջ էլ համախմբում լինել”,- ասաց նա և հավատացրեց, որ իրենց համար ամենահեշտ բանն է թեկնածուի անուն տալը և կարող են այդ մասին հայտարարել նույնիսկ վաղը:
 
“Խնդիրն այն է, որ այս ժողովրդի համար ինչքանով են ընտրությունները օգտակար և ընդհանրապես, հարց է՝ մասնակցե՞լ նման ընտրություններին, թե՝ ոչ: Վատ չէր լինի, եթե կարողանայինք մեխանիզմ մտցնել և իմանալ, թե ժողովրդի ցանկությունը միասնական թեկնածուի շուրջ ինչպիսին է”,- ասաց նա:
 
Արմեն Ռուստամյանը համոզված է, որ եթե որևէ ուժ ընդունի իրենց առաջարկած ճանապարհային քարտեզը, ապա անկախ նրանից կընտրվեն, թե՝ ոչ, պարտավոր են ի կատար ածել այդ կետերը: “Անկախ նրանից, եթե 4-5 քաղաքական ուժ ընդունի այս օրակարգը և ճանապարհային քարտեզը, դրանից հետո անգամ միայնակ շարունակի, պարտավորված է այս օրակարգով շարժվել”,- ասաց նա:
 
Հարցին, որ եթե ԲՀԿ-ն անվերապահորեն ընդունի ՀՅԴ բոլոր կետերը, նրանք կսատարե՞ն Գագիկ Ծառուկյանին, Արմեն Ռուստամյանը նշեց, որ բոլորն էլ հավակնորդ թեկնածու են և որևէ մեկին չի կարող առանձնացնել: “Հենց օբյեկտիվ բաներից ենք խոսում, արագ սուբյեկտիվը առաջ եք բերում, որ ձախողվի: Եկեք չխոսենք և առաջ չընկնենք”,- ասաց նա:
 
ՀՅԴ պատգամավորը կրկնեց, որ իրենք որևէ անձի հետ թշնամանք չունեն և իրենց հետ համագործակցելու առաջարկը անձնավորված չէ, և դա նույնիսկ վերաբերվում է գործող նախագահին:
 
“Եթե Սերժ Սարգսյանը համաձայնվի, հարց չենք տեսնում, դա կնշանակի լայն կոնսենսուս, ազգային համաձայնության երաշխիքի գալ և հրաժարվել նախագահական համակարգից: Այս է չէ՞ մեր նպատակը”,- եզրափակեց նա:
 
tert .am




Լրահոս