ՄԻԱՅՆ ՀԱՆՈՒՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ Է «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը երկրորդ ընթերցմամբ քվեարկության ներկայացրեց ազգային փոստային օպերատորի (Հայփոստ) մասնավորեցման օրինագիծը: Քվեարկության արդյունքները հետեւյալն են՝ 61 կողմ, 6 դեմ եւ 16 ձեռնպահ:
Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել Արման Սահակյանին:

-Պարո՛ն Սահակյան, արդեն հստակ է, որ «Հայփոստ»-ը մասնավորեցվելու է, սակայն խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները կասկածում են, որ այդ գործընթացը թափանցիկ ձեւով է կարգավորվելու: Դուք լինելով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ՝ կարող ե՞ք այդ թափանցիկությունն ապահովել:
-Մենք այսօր ընդամենը «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը ներառում ենք 2016-2017 մասնավորեցման փաթեթում: Այսինքն՝ այն խնդիրները, որոնք ժամանակին առաջադրում էին պատգամավորները, որ մասնավորեցնելիս պետք է սահմանադրական նորմը, օրենքները պահպանվեն եւ Ազգային ժողով մտնեն, նոր գնան մասնավորեցման, մենք այժմ այդ բոլոր նորմերը պահպանում ենք: Իսկ մասնավորեցումը գործընթաց է. երբ որ օրենքը վերջնական կընդունվի, մասնավորեցման երեք ձեւ կա, որոնք կարող են կիրառվել՝ ուղիղ վաճառք, մրցույթ եւ աճուրդ: Կառավարությունն արդեն օրենքն ընդունելուց հետո կորոշի, թե ինչ ձեւով կմասնավորեցվի «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը: Իսկ ինչ վերաբերում է պատգամավորների առաջարկին, որ դա լինի թափանցիկ եւ իրենց մասնակցությունը լինի, կարծում եմ, որ այն առաջարկությունը, որը կա հանձնաժողով ստեղծելու շուրջ` պատգամավորների մասնակցությամբ, Կառավարությունը կքննարկի: Կարծում եմ, որ խնդիրներ չեն առաջանա, ու «Հայփոստ»-ի մասնավորեցման հարցի հետ կապված ամբողջ ծավալով թափանցիկ քննարկումներ տեղի կունենան:
-Այնուամենայնիվ, ինքնին մասնավորեցման որոշումը որքանով էր տեղին. խորհրդարանական ընդդիմադիր ուժերը դեմ արտահայտվեցին «Հայփոստ»-ի մասնավորեցմանն առհասարակ: Ինչո՞ւ նման որոշում կայացրիք:
-«Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը այս պահին հավատարմագրային կառավարիչն է ղեկավարում, ես առաջին ընթերցման ժամանակ դրա մասին տեղեկացրել եմ, ասել եմ, թե հավատարմագրային կառավարիչը ինչ ներդրումներ է իրականացրել: Այսինքն «Հայփոստը, 2006 թվականից առաջ պետք է հիշեք, թե ինչ վիճակում էր, աշխատավարձի խնդիր կար, տարբեր սոցիալական խնդիրներ էին առաջացել ու այս տարիների ընթացքում, փաստորեն, «Հայփոստ» ՓԲԸ-ն բարելավվել է, եւ բնական է, որ բարելավված ընկերությունը մասնավորեցնելու շահագրգռվածությունը եւս մեծացել է: Այնպես որ, ես չեմ կարծում, թե այդտեղ խնդիր կա, մենք այսօր մտածում ենք ազգային օպերատոր ունենալու մասին, այսինքն՝ «Հայփոստ»-ը Հայաստանի Հանրապետությունից որեւէ տեղ չի գնալու: Իսկ որպեսզի մենք ավելի բարելավենք, մեծ ներդրումներ ներգրավենք մեր ազգաբնակչության համար «Հայփոստ»-ի ծառայությունները մատչելի դարձնենք, կարծում եմ՝ կարելի է այսօր «Հայփոստ»-ը մասնավորեցնել: Այսօր էլ ինքը 100 տոկոսանոց փակ բաժնետիրական ընկերություն է, որը տրված է հավատարմագրային կառավարման:
-Ներկայումս օպերատորը գտնվում է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»- ին վստահված ղեկավարության ներքո, որը վերահսկում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: Փոստի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է պետությանը, նշվում է, որ մասնավորեցումից հետո այն «հանձնվելու» է Էդուարդո Էռնեկյանին, ու այս նախագիծը մշակվել է հատուկ դրա համար: Արդյո՞ք դա այդպես չէ:
-Մասնավորեցումը չի ենթադրում տալ ինչ-որ մեկին: Ես վստահ եմ, որ Կառավարությունը կընդունի առաջարկությունը, որպեսզի Աժ պատգամավորները եւս մասնակցություն ունենան այդ մասնավորեցման նախապատրաստման գործընթացին: Նշեմ նաեւ, որ ինքը բավականին երկար ճանապարհ է, պրոցես է, պետք է օրենքը ընդունվի, դրանից հետո պետք է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը գնահատի, պետք է հասկանանք, թե փաթեթը ինչ է արժենալու, այսինքն՝ այս բոլոր գործընթացները ամբողջովին լինելու են թափանցիկ, ու բոլորը կարող են տեսնել, թե այս ամենը ինչ ձեւով է իրականացվելու:
-Ի դեպ, Դուք ինքներդ եւս պատրաստվում եք մի շենք մասնավորեցնել. խոսքը Երեւանի 200 դպրոցի 3-րդ մասնաշենքի մասին է: Ըստ մեր տեղեկությունների՝ Դուք այդ հարցը առաջիկայում ներկայացնելու եք ՀՀ Կառավարությանը, քանի որ այդ շենքը պատրաստվում եք վերակառուցել եւ դարձնել բնակելի տուն: Ի՞նչ կասեք:
-Նույնիսկ եթե նման հարց եք տալիս, ես ամաչում եմ այդ հարցից, որովհետեւ դա հնարավոր բան չի: Նախ` ցանկացած որոշում` մասնավորացման, սեփականաշնորհման, ընդունվում է ՀՀ Կառավարության կողմից, ու նման վերաբերմունք ես չեմ ունեցել ու չեմ էլ կարող ունենալ: Առավել եւս, որ ես ծնվել ու մեծացել եմ երկու կողմից էլ մանկավարժների ընտանիքում, դա բացառվում է, դա հնարավոր չի, դրանք ստահոդ լուրեր են:

 

 

 

 

«ԵԿԵՔ՝ ԲԱԿԵՐՈՒՄ ՀԱՎԱՔՎԵՆՔ, ԻՐԱՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵՆՔ»

Երեկ խորհրդարանում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Օրինագիծը հայրենի պատգամավորների կողմից արժանացավ լուրջ քննադատության եւ չընդունվեց:

Նշենք, որ Կառավարությունն այս նախագծով առաջարկում էր սահմանել, որ բարձրաստիճան պաշտոնական անձինք գիտական աստիճանի չեն կարող հավակնել: Երկրի շուրջ 500 պաշտոնյաները իրավունք չեն ունենա իրենց պաշտոնավարման ընթացքում գիտական աստիճաններ ստանալ, բայց կարող են շարունակել զբաղվել գիտական աշխատանքով:
Նախ՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ նախագիծը շատ սխալ է, քանի որ որեւէ մեկին չեն կարող արգելել, որպեսզի գիտական աշխատանքով զբաղվի կամ դոկտոր-պրոֆեսոր դառնա. «Գիտական ինստիտուտները պետք է հաշվի չառնեն՝ պաշտոնյա ես, մինիստր ես, տո չգիտեմ՝ ով ես, պատգամավոր ես: Գիտես, կարող ես, աջակցություն ես ցուցաբերում գիտության զարգացմանը, արի զարգացրու, ներդրում արա: Ի՞նչ է նշանակում, եթե պաշտոնյա ես, նախարար ես, իրավունք չունես»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, թե գիտնականը ազատ միտք ունեցողն է, նա չպետք է անընդհատ խոնարհվի վարչական ապարատի առաջ: Մինասյանը հորդորեց դեմ քվեարկել նախագծին: Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հավելեց, թե, գիտնական լինելը եւ կոչում ստանալը քաղաքական օժիտ չէ, որ պաշտոնյան դնի դարակում:
Ի պատասխան այս ամենի` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ մեր երկրի 500 բարձրաստիճան պաշտոնյաների մեջ ընդդիմադիր կարող են լինել առավելագույնը 70 հոգին, մնացած 430-ը իշխանության ներկայացուցիչներ են. «Եթե կարծում եք, որ պետական կառավարման մարմին պետք չէ, եկեք, մենք մեր բակերում հավաքվենք ու իրար կոչում շնորհենք: Վերեւի հարեւանը թող լինի ակադեմիկոս, ներքեւինը՝ դոցենտ: Իհարկե, պետք է պետական վերահսկողություն: 2-3 տարի աշխատում ենք այս նախաձեռնության վրա, խնդրեմ՝ աշխատենք միասին, կանոնակարգենք գիտական աստիճանաշնորհման ոլորտը»:
Իր հերթին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը սրամտեց, թե «Բարձրագույն պետական այն պաշտոնյաները, որոնք թաքնված լոմոնոսովներ են, կարող են շարունակել իրենց գիտական ուսումնասիրությունները եւ միանգամից ընտրվել ակադեմիայի անդամներ, օրենքը սա չի արգելում»: Ի վերջո, քվեարկության արդյունքներով նախագիծը չընդունվեց. կողմ էր քվեարկել 61 պատգամավոր, դեմ` 1, մյուսները չէին մասնակցել քվեարկությանը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԳՈՒՄԱՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռուսական որոշակի շրջանակներում ակտիվ քննարկվում է այն տեղեկությունը, ըստ որի՝ ՀՀ Կառավարությունը փորձում է «Եվրազես»-ի հիմնադրամից 1.5-2 մլրդ դոլարի չափով վարկ ստանալ: Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Կառավարությունը քննարկում է տարբեր վարկային ծրագրեր բոլոր դոնորների հետ: Բոլոր բանակցությունները տարվում են օրենքի տառին համապատասխան եւ չեն կարող գերազանցել օրենքով նախատեսված սահմանները, ինչը նշանակում է, որ 1.5 -2 մլրդ դոլար վարկ վերցնելու վերաբերյալ որեւէ խոսակցություն իսկ չի կարող լինել: ԵՏՄ վարկեր չի տրամադրում, առավել եւս նախարարները այդ առումով որեւէ գործառույթ չունեն: Հայաստանում տեղի են ունենում ինտենսիվ քննարկումներ ԵՏՄ հանձնաժողովի անդամների՝ նախարարների հետ իրենց գործունեությանը վերաբերող ոլորտներում»: Այլ կերպ ասած, գումար փնտրում են, բայց ոչ այնքան, որքան շրջանառվող լուրերում է նշվում:

 

ԾԻՐԱՆԸ ՏԵՂ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ
Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցները երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ իրենց մի քանի օր առաջ ասել են, թե հունիսի 20-ից սկսած հայկական խանութներից հնարավոր կլինի հայկական ծիրան գնել: Սակայն խանութներում դեռեւս հնարավոր չէ հայկական ծիրան գտնել: Կասկածներ կան, որ արտահանվող ծիրանը կուտակվել է Հայաստանի սահմանին եւ ինչ-որ խնդիրների պատճառով դեռ չի արտահանվել: Չնայած պաշտոնապես հայտարարվել է, որ հունիսի 22-ի դրությամբ Հայաստանից արդեն 2 հազ. 500 տոննայից ավել ծիրան է արտահանվել, հիմնականում դեպի Ռուսաստան: Տեղեկությունները ճշտելու համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, որտեղից հայտնեցին, որ ծառայության կողմից ո՛չ Բավրայի, ո՛չ Բագրատաշենի սահմանային հսկողության կետերում ծիրանի ոչ մի խմբաքանակ կամ բեռ արտահանման ընթացքում չի կանգնեցվել: ՀՀ ֆինանսների նախարարությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ այս օրերին չձեւակերպված բեռ չի եղել, եւ որեւէ խնդիր չկա: Կարելի է կարծել, որ Ռուսաստանում հայկական ծիրանի պահանջարկն այնքան մեծ է, որ արտահանված ապրանքը ճանապարհին սպառվում է եւ այդպես էլ չի հասնում ՌԴ մայրաքաղաք:

 

ԱՄՌԱՆԸ՝ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՆԻՎՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզպետարանը այս տարվա հունիսի 4-ին պայմանագիր է կնքել «Տուրբոլայն» ընկերության հետ: Ըստ այդմ, մարզպետարանը ձեռք է բերել ե՛ւ 30, ե՛ւ 35, ե՛ւ 45 հազար դրամ արժողությամբ, ընդհանուր 16 հատ ավտոմեքենայի անիվ, որոնց համար վճարել է 620 հազար դրամ: Ի դեպ, գնված անիվները ձմեռային են` «Mercedes-Benz C180», «Վազ 2121» եւ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենաների համար:




Լրահոս