ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ ՑՐԵԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում կազմակերպված նստացույցի մասնակիցներին ուժով ցրելու գործողությունները նույնիսկ ամենաիշխանական եւ լղոզած ուղեղով իրավաբանների տեսանկյունից անգամ հնարավոր չի հիմնավորել: Հունիսի 23-ին Ազատության հրապարակից մեկնարկած երթը, իսկ այնուհետեւ Բաղրամյան պողոտայում շարունակված նստացույցն իր ողջ ընթացքում երբեւէ Հայաստանի օրենսդրության շրջանակներից դուրս չեն եկել:

Երեւանի փոխոստիկանապետ, տխրահռչակ Վալերի Օսիպյանը նախորդ օրը, այսինքն՝ նստացույցը ցրելուց մի քանի ժամ առաջ, նստացույցի մասնակիցների հետ բանակցությունների ընթացքում պարբերաբար հիշատակում էր «Հավաքների ազատության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը: Օսիպյանն այդ դրույթը պարբերաբար կրկնում էր իբրեւ հիմնավորում, թե իբր նստացույցի մասնակիցների գործողություններն անօրինական են: Այսինքն՝ կարելի է կարծել, որ ո՛չ Օսիպյանը, ո՛չ նրա անմիջական ղեկավար Աշոտ Կարապետյանը նշված դրույթը չեն ընթերցել կամ էլ ընթերցել, չեն հասկացել, թե այնտեղ ինչ է գրված: Իսկ գրված է. «Եթե հավաքն անցկացվում է սույն օրենքի 2-րդ գլխով նախատեսված իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ, ապա ոստիկանությունը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել, որ հավաքն անօրինական է, եւ որ մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության: Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին»: Թերեւս իմաստ ունի վերջին նախադասությունը եւս մեկ անգամ կրկնել Օսիպյանի եւ մնացած բոլոր ոստիկանների համար. «Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին»: Լավ կլինի, որ ոստիկանները «պարտավոր է» բառը մի հիսուն անգամ կրկնեն, եթե դրանից հետո նրանց մեջ կլինեն այնպիսիները, որ այդ բառի իմաստը չեն հասկանա, կարող են դիմել բացատրական բառարանների օգնությանը:
Կրկնում ենք՝ ՀՀ օրենսդրությունը ոստիկանությանը թույլ չի տալիս խաղաղ հավաքի նկատմամբ որեւէ ուժային գործողություն կատարել: Ավելին՝ նստացույցի մասնակիցները ոստիկանության բռնություններին հակադարձելու փորձ անգամ չեն արել: Ոստիկանության հարձակումից հետո եւ ջրցան ավտոմեքենայի ջրի շիթերի ներքո անգամ նստացույցի մասնակիցները շարունակում էին գետնին նստած մնալ:
Այն, որ ոստիկանությունը նստացույցը ցրելու իրավունք չուներ, ապացուցում է նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը, որտեղ երեկվա դեպքերի հետ կապված քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով, այն է «խուլիգանություն»: Իսկ խուլիգանությունը ենթադրում է. «դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով»: 10 ժամ տեւած նստացույցի ընթացքում չեք գտնի գեթ մեկ դրվագ, որտեղ ցույցի մասնակիցների կողմից ոչ միայն հասարակական կարգ խախտված լինի, այլ նաեւ դա «արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով»: Եթե նստացույցի ընթացքում եղել են մարդիկ, որոնք հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել, ապա դրանք եղել են միայն ոստիկանները: Մասնավորապես, մի քանի տասնյակ քաղաքացիական հագուստով ոստիկանների մասին է խոսքը: Ենթադրվում է, որ հենց նրանք էին հունիսի 22-ի երեկոյան անցել նստացույցի մասնակիցների կողմը եւ սկսել անկարգություններ հրահրել` հայհոյել ոստիկաններին եւ նրանց ուղղությամբ շշեր նետել: Բայց տեսնելով, որ իրենց գործողությունները նստացույցի մասնակիցների շրջանում արձագանք չեն գտնում, փոշմանած հեռացան:
Ի դեպ, թյուր է այն կարծիքը, որ ոստիկանության գործողությունների նպատակը եղել է Բաղրամյան պողոտան ազատելը: Եթե այդպես լիներ, ապա ոստիկանությունը նստացույցի մասնակիցներին չէր հետապնդի մինչեւ Ազատության հրապարակ, եւ չէին հարձակվի ծեծուջարդից հետո այնտեղ պատսպարված ցուցարարների վրա: Այսինքն՝ ոստիկանության նպատակը խաղաղ հավաքը ցրելն էր, որպեսզի այն դադարի եւ չշարունակվի: Բայց չհաջողվեց:
Հ. Գ. Անհասկանալի էր, թե ոստիկանները ինչու էին քաղաքացիներին հետապնդում մինչեւ Ազատության հրապարակ եւ այնտեղից բերման ենթարկում նրանց: Նկատենք, որ հրապարակում վայրի գործողությունները ղեկավարում էր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

Ո՞ՒՐ Է ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռեւս հունիսի 14-ին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով մի խումբ քաղաքացիների կողմից էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպած բողոքին, հայտարարել էր. «Փորձել եմ որոշակի միջամտություն ունենալ եւ որոշակի հարցադրումներ եմ ուղղել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հատկապես գործընթացի ու բովանդակային առումով: Գործընթացը մեզ համար կարեւոր էր, որ լիներ թափանցիկ եւ հրապարակային: Եվ, ահա, ստացել ենք հրավեր՝ մասնակցելու հունիսի 17-ի հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվելու է այդ հարցը, եւ իմ ներկայացուցիչը լինելու է այնտեղ: Մինչ այդ լսումների ավարտը, եկեք՝ ձեռնպահ մնանք բովանդակային գնահատականներ տալուց»:
Հանձնաժողովի նիստը կայացավ, եւ դեռ ավելին՝ նշված օրը, երբ հայտարարվեց, որ էլեկտրաէներգիան կթանկանա, մի խումբ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ ՀԾԿՀ-ի շենքի մոտ բախում տեղի ունեցավ: Սակայն Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այդպես էլ որեւէ գնահատական չտվեց քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերի առիթով:
Հունիսի 19-ին Ազատության հրապարակում նստացույց սկսվեց, որն հունիսի 23-ին շարունակվեց Բաղրամյան փողոցում՝ նստացույցով: Սակայն օմբուդսմենը այս օրերին որեւէ կերպ չանդրադարձավ Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցների պահանջին: Եւ միայն երեկ, երբ առավոտյան ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ 230 ակտիվիստների բերման ենթարկեցին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը որոշեց հեռվից գրավոր արձագանքել՝ իր գրավոր մտահոգությունը հայտնելով. «Լուսադեմին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ օմբուդսմենը հարցադրումներ է ուղղել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ հարցադրումներին պատասխանելու համար սահմանվել է նվազագույն 3-օրյա ժամկետ: Օմբուդսմենը եւ իր աշխատակազմը շարունակելու են ուշադրության կենտրոնում պահել միջադեպի հետ կապված բոլոր գործերը եւ իրենց լիազորությունների շրջանակներում գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ պաշտպանելու խաղաղ հավաքի մասնակիցների եւ լրագրողների իրավունքները»:
Իսկ ինչն էր խանգարում Կարեն Անդրեասյանին՝ անձամբ գնար եւ տեղում ծանոթանար իրավիճակին, լսեր քաղաքացիների պահանջը:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը գրեթե մեկ շաբաթ է, ինչ երկրում չէ, իսկ թե ուր է գնացել, ի՞նչ այցով, ինչո՞ւ, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մեզ պարզել չհաջողվեց: Այդ տեղեկությունը պետական գաղտնիքի պես մի բան էր կարծես թե:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ՈՒՆԵՆ
Հունիսի 22-ի լույս 23-ին զանգվածային միջոցառման ժամանակ վնասվածքներ ստացածներից ստացիոնար բուժօգնության է դիմել 15 անձ, որից 13-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, 2-ը` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Այս պահի դրությամբ ստացիոնար պայմաններում բուժում է ստանում 7 քաղաքացի, որոնք ունեն սալջարդեր, քերծվածքներ եւ թեթեւ այլ վնասվածքներ:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն դիմած երկու քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք, կատարվել է համակարգչային շերտագրում (ԿՏ), որի արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել: Մյուսին, ըստ ցուցման, կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ: Երկուսին էլ առաջարկվել է բուժում ստանալ ստացիոնար պայմաններում, սակայն քաղաքացիները նախընտրել են այն շարունակել տանը:

 

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ
Ոստիկանությունը կվերականգնի լրատվամիջոցներին հասցված վնասները, այս մասին Gala TV-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ «Հետեւել եմ ամբողջ գործընթացին։ Ոստիկանության աշխատանքները համաչափ էին, եւ դրա արդյունքն է, որ մենք այսօր չունենք լուրջ վնասվածքներ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ առկա թերությունները շատ կարճ ժամանակ անց կշտկվեն։ Վլադիմիր Գասպարյանը նաեւ ասել է, թե տեղյակ է, որ վնասվել է լրագրողների տեխնիկան, եւ խոստացել, որ ոստիկանությունը կփոխհատուցի հասցված վնասը։ Ուշագրավ է, որ իր 4 րոպեանոց խոսքում ՀՀ ոստիկանապետը 6 անգամ ներողություն է խնդրել ՀՀ քաղաքացիներից` ոստիկանության թույլ տված սխալների համար` հավաստիացնելով, որ իրենք ունեն կամք` շտկելու սխալները:

 

ԻՆՉՊԻՍԻ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ժուռնալիստների միությունը, փաստորեն, դեռ կա, եւ երեկ հարկ է համարել իր մտահոգությունը հայտնել հունիսի 22-ին ոստիկանության կողմից «իրենց մասնագիտական պարտքը կատարողների նկատմամբ բիրտ ուժ, վարչական ձերբակալում կիրառելու կապակցությամբ» եւ հույս հայտնել, որ «հանգամանալից քննության արդյունքում մեղավորները կպատժվեն»: Իշխանություններին մշտապես գովաբանող, Երեւանի ավագանու անդամ Աստղիկ Գեւորգյանի ղեկավարած այս կառույցը, այնուամենայնիվ, համարձակություն չի ունեցել դատապարտելու ոստիկանների գործողությունները:




Լրահոս