Չնայած հունիսի 23-ի առավոտյան էլէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ բռնի ուժի կիրառմանը, երեկ՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքը կրկնակի բազմամարդ էր:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանությունը ցուցարարներին հեռացրեց Բաղրամյան պողոտայից ջրցան մեքենաների եւ մահակների օգնությամբ: Արդյունքում 234 մարդ բերման ենթարկվեց, որոնք, սակայն, ժամեր անց ազատ արձակվեցին: Չնայած դատախազության տարածած հաղորդագրությանը` կատարվածի կապակցությամբ խուլիգանության հիմքերով քրեական գործ հարուցելու մասին, ավելի ուշ հայտնի դարձավ, որ բերման ենթարկված ցուցարարներից որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում:
Իսկ երեկ հայտարարված ժամին` 18:00-ին, Ազատության հրապարակը կրկնակի մարդաշատ էր, իսկ ցուցարարներն` առավել վճռական: Հավաքվածներն առանձնակի ոգեւորվեցին, երբ նրանց միացան վաղ առավոտյան բերման ենթարկված եւ ազատ արձակված ակտիվիստները: Սակայն չնայած ակտիվիստների` մինչեւ վերջ պայքարելու վճռականությանը, երեկ արդեն նկատելի էր, որ ցուցարարներն առաջնորդ չունեն, չկա նրանց ուղղորդող որեւէ մեկը, որի ասածներն ընդունելի կլինեին բոլորի համար: Այդ իսկ պատճառով էլ ցուցարարները մեկ անգամ փորձեցին շարժվել Բաղրամյան 26, սակայն վերջնական համաձայնության չգալով՝ նորից վերադարձան Ազատության հրապարակ:
Այստեղ նրանք սպասեցին այնքան, մինչեւ իրենց բերման ենթարկված բոլոր ընկերները ազատվեցին, որից հետո ժամը 20:00-ին միաձայն որոշում կայացրեցին շարժվել դեպի նախագահական նստավայր: Բայց ինչպես նախորդ օրը, այնպես էլ երեկ նրանց ճանապարհը փակ էր. ոստիկանությունն իր զրահամեքենաներով եւ հատուկ ստորաբաժանումներով պատնեշել էր դեպի Բաղրամյան 26 տանող հատվածը: Ցուցարարներն էլ իրենց հերթին ոստիկանների եւ իրենց միջեւ աղբամաններով պատ շարեցին` ի նշան բողոքի: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց պատասխանատուներին հեռացնել աղբամանները` նշելով, որ դա անօրինական քայլ է: «Հակառակ դեպքում ամբողջ պատասխանատվությունը կընկնի ակցիայի կազմակերպիչների վրա»,- զգուշացրեց Օսիպյանը, որին, սակայն, ցուցարարները ոչ միայն չանսացին, այլեւ աղբամաններով շարեցին երկրորդ պատը` դրանով փորձելով իրենց մեջ եղած սադրիչներին հետ պահել ոստիկանների նկատմամբ բռնության դիմելու փորձերից:
Նշենք, որ խաղաղ ակցիայի ընթացքում մի քանի անգամ ոստիկանների ուղղությամբ քարեր նետվեցին: Ուշագրավ էր նաեւ երկու երիտասարդ աղջիկների արարքը. նրանք վարդերի փնջեր էին իրենց հետ բերել Բաղրամյան փողոց եւ ծաղիկները շաղ տվեցին ոստիկանների վրա` գոչելով. «Դուք մեզ վրա ջուր եք ցփնում, մենք էլ ձեր վրա ծաղիկ ենք շպրտում»:
Ցուցարարների հետ բանակցող ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը խոստացավ որեւէ գործողության չդիմել, եթե նրանք մաքրեն իրենց մեջի սադրիչներին եւ չխախտեն խաղաղ ցույցի կանոնները: Մինչ Պողոսյանը ցուցարարների հետ քննարկում էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հնարավորությունն ու տարբերակները, ակցիայի մասնակիցները պահանջում էին այն ուղիղ եթերում կազմակերպել: Տեւական բանակցություններից հետո ցուցարարները համաձայնեցին ուղիղ եթերի առկայության դեպքում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Հավաքվածները երկար ժամանակ քննարկեցին Սերժ Սարգսյանի հետ բանակցելու գնացող խմբի անդամների ընտրության հարցը` հատկապես կարեւորելով, որ այդ խմբում չլինի որեւէ կուսակցության ներկայացուցիչ: Նրանք նաեւ պահանջում էին ապահովել հանդիպման գնացողների անվտանգությունը, ինչպես նաեւ կտրուկ պահանջ դրեցին այդ խմբի առաջ` որեւէ որոշում չընդունել առանց իրենց հետ համաձայնեցնելու:
Եվ չնայած երկար քննարկումներին, ցուցարարները ժամը 01-ի դրությամբ այդպես էլ չկարողացան համաձայնության գալ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու առաջարկն ընդունելու եւ այդ հանդիպմանը մասնակցող խմբի անդամների ընտրության հարցում: Նրանք որոշեցին այս գիշերը եւս լուսացնել Բաղրամյան պողոտայում` չընկրկելով ոստիկանության կողմից կրկին բռնությունների ենթարկվելու մտավախության առջեւ:
Ավելի ուշ Բաղրամյան պողոտա ժամանեցին Աժ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թեւան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Տիգրան Ուրիխանյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը, երգահան Եղիշե Պետրոսյանը, հեղինակ-կատարող Վահան Արծրունին, փաստաբան Հայկ Ալումյանը, լրագրող Արամ Աբրահամյանը, դերասան Աշոտ Ադամյանը, երգիծաբան Սերգեյ Դանիելյանը, «Վիտամին» ակումբի անդամներ Արամ MP3-ն, Գարիկ Պապոյանը, Վաչե Թովմասյանը, Արման Խաչատրյանը, Տիգրան Գեւորգյանը, տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, դերասաններ Հայկ Մարությանը եւ Հովհաննես Ազոյանը` ոստիկանության եւ ցուցարարների միջեւ կենդանի պատ կազմելու եւ հնարավոր բռնությունները կանխելու նպատակով:
Հ. Գ. 1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը: Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն է: Սա հաշվի առնելով՝ Սերժ Սարգսյանը կարող է հրամանագիր ստորագրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշումը կասեցնելու վերաբերյալ, բայց ոչ չեղարկման: Այսպիսով՝ Ս. Սարգսյանը կարող է ստեղծել նախադեպ` հարցի հետագա լուծումը թողնելով գործադիրի մարմնի վրա:
Հ. Գ. 2. Երեկ՝ կեսգիշերն անց, իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները, որոնց միացել էր նաեւ ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը, թեւ թեւի տված կանգնել էին ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ:
ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ
ԻՆՉ ԿԼԻՆԻ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՍՊԱՆՎԱԾ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՏԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Գյումրիում բնակվող Ավետիսյանների 7 անձից բաղկացած ընտանիքի դաժան սպանդից անցել է արդեն հինգ ամիս: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս ընթացքում Ավետիսյանների ընտանիքի հարազատները մտադրություն ունեն այն տունը, որտեղ տեղի է ունեցել ընտանիքի սպանդը, վերածել տուն-թանգարանի: Եւ այս առաջարկով նրանք դիմել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Այս հարցերի շուրջ ժողովուրդը զրուցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:
-Պարո՛ն Բալասանյան, Գյումրիում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ առաջիկայում Ավետիսյանների տունը կվերածվի տուն-թանգարանի: Տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը:
-Ճիշտն ասած, նման առաջարկություններով Ավետիսյանների ընտանիքի հարազատները դիմել են մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, բայց կոնկրետ ինձ հետ այդ մասին չեն խոսել: Ամեն դեպքում, իրենք ինչ պահանջներ ունենում են, մենք անմիջապես դրանք կատարում ենք: Այդպիսի խոսակցություններ կան, Ավետիսյանների ընտանիքի հարազատները ինձ մոտ հաճախակի գնում-գալիս են:
-Կոնկրետ ի՞նչ պահանջներով են Ձեզ դիմում:
-Պահանջեցին իրենց տան պատուհաններին ճաղավանդակներ դնել, դրեցինք: Հիմա այդտեղ ճանապարհի հետ կապված խնդիր կա. հարեւանը պահանջում է, որպեսզի պարիսպ քաշվի այդտեղ: Իրենց հորեղբոր աղջիկ Կարինեն, որ նույն բակում է ապրում, պահանջում է իր տան պատը մի փոքր բարձրացնել, որ հորեղբոր տունը չտեսնի, վատ զգա: Հիմա այս հարցի լուծման ուղղությամբ ենք աշխատում:
-Իսկ Դուք կոնկրետ ի՞նչ եք մտածում այդ տունը տուն-թանգարան վերածելու մասին:
-Այն տուն-թանգարան դարձնելու մասին որոշումը, հավանաբար, հանրային քննարկման պետք է դրվի, լուրջ պետք է մտածել, որովհետեւ այնտեղ սպանել են մի ամբողջ ընտանիքի՝ 7 մարդու: Բնակարանը որեւէ մեկին պետք չէ, եւ ոչ ոք չի գնի այն: Իհարկե, Ավետիսյանների ընտանիքի հարազատներն ինչ-որ սիմվոլիկ բան ցանկանում են անել: Կքննարկենք: Ամեն դեպքում, մենք իրենց կողքին կանգնած ենք, գիտակցում ենք, թե ինչպիսի ծանր իրավիճակում են գտնվում: Ամեն ինչ անում ենք, որպեսզի իրենց սրտով լինի:
-Ի՞նչ միջոցներով է կառուցվում Ավետիսյանների ընտանիքի գերեզմանոցը:
-Այն քաղաքային բյուջեի միջոցներով է կառուցվում, եւ ընտանիքի հարազատները մեզ հետ գալիս են ու հետեւում աշխատանքներին:
-Այնուամենայնիվ, եթե վերջնականապես Ավետիսյանների հարազատները պահանջեն տունը վերածել տուն-թանգարանի, ինչպե՞ս կընդունեք:
-Ես խուսափում եմ գնահատական տալուց, բայց որպես քաղաքացի՝ կարծում եմ՝ տրամաբանությունից դուրս է այնտեղ, որտեղ մարդիկ են սպանվել, վերածել տուն-թանգարանի:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՓՈՂԸ ՉԵՆ ՏՎԵԼ
Դեռեւս մեկ տարի առաջ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Բաղանիս եւ Պտղավան համայնքներում «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի»՝ ԻՖԱԴ-ի վարկային ծրագրով գազաֆիկացում է արվել, սակայն սահմանամերձ այդ համայնքների բնակիչները չեն կարողանում մայր գազատարից իրենց առանձնատներ գազատար ցանց անցկացնել, քանի որ ամեն ընտանիք Նոյեմբերյանի գազի ծառայությանը նշված ծառայության համար պետք է վճարի 80-100 հազար դրամ: Սոցիալական ծանր պայմաններում ապրող սահմանամերձ գյուղերի բնակիչները հույս ունեն, որ պետությունը կամ որեւէ բարեգործ իրենց փոխարեն կվճարի այդ գումարները: Մինչդեռ համայնքների գազաֆիկացման ծրագրերի իրականացման համար ամեն համայնք որոշակի ներդրում պետք է կատարեր: Վերոհիշյալ համայնքների գազաֆիկացման համար համայնքների ներդրումը պետք է կազմեր 48 միլիոն դրամ, սակայն մինչ այժմ նշված համայնքապետարանները ներդրել են ընդամենը 15 միլիոն դրամ: Բացի այդ, «Գյուղատնտեսության զարգացման միջագգային հիմնադրամի» վարկային ծրագրերով Տավուշի մարզի համայնքներում խմելու եւ ոռոգման ջրագծեր են կառուցվել, սակայն այս դեպքում եւս համայնքապետարանները դեռեւս չեն փոխանցել իրենց կողմից պահանջվող ներդրման գումարները:
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵ՞ՆՔ
2015թ. փետրվարի 4-ին՝ ժամը 11.30-ի սահմաններում, Ադրբեջանի հետ սահմանակից տարածքում գտնվող իր այգում աշխատելու ժամանակ ադրբեջանական դիպուկահարի գնդակից վիրավորվել էր Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչ, 1930թ. ծնված Լեւոն Անդրեասյանի ծունկը: Տեղում առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո նա տեղափոխվել էր Բերդի զինվորական հոսպիտալ: Ավելի ուշ Երեւան տեղափոխված Լ. Անդրեասյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում վիրահատվել էր, ընդ որում, նրա վիրահատությունը կատարվել էր ոչ պետական պատվերի շրջանակներում: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանից «Ժողովուրդը» տեղեկացավ, որ Լեւոն Անդրեասյանը ներկայումս գտնվում է Մովսեսում, նրա վիրահատության ծախսը կազմել է ավելի քան 200 հազար դրամ: Գյուղապետը հայտնեց, որ Լ. Անդրեասյանի վիրահատության եւ նրա հետագա բուժման ծախսերը խոստացել է հոգալ գործարար, նախկինում այդ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը: Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն չի կարողացել ապահովել սահմանամերձ գյուղի բնակչի, խաղաղ գյուղացու ֆիզիկական անվտանգությունը, այլեւ չի հոգում ազերիների գնդակից վիրավորված ծերունու բուժման ծախսերը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ