ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԵՎՍ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՊԱՅՔԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են Բաղրամյան 26-ի դիմաց «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած նստացույցը: Հիշեցնենք, որ ցույցի մասնակիցները նախագահականի նստավայր էին ուղղվել Ազատության հրապարակում անցկացված եռօրյա նստացույցից հետո, որի ընթացքում այդպես էլ իշխանությունները չէին արձագանքել էլէներգիայի սակագնի թանկացման որոշումը չեղարկելու` ցուցարարների պահանջին:

Նստացույցի մասնակիցների թվում է եղել նաեւ երիտասարդ գրող Գոռ Հարությունյանը, որին, ինչպես ինքն է ասում, հաջողվել է «մի կերպ ճողոպրել» եւ բերման չենթակվել: Փոխարենը բերման է ենթարկվել նրա գրչակից ընկերը` բանաստեղծ Դավիթ Մշեցին: Գոռը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ կատարվածն ամենաթողության հետեւանք է. «Սա բռնության հերթական դրսեւորումն է մեր ապաշնորհ իշխանությունների ձեռամբ. համենայն դեպս, այս ամենը մեզ համար սպասելի էր: Մենք մեր կոնկրետ գաղափարն ունենք, իրենք` իրենց, որը, սակայն, չի ծառայում հանրային շահին: Մենք գործ ունենք ոչ ազգային իշխանության հետ»,-կարծիք հայտնեց նա:
Գրողն ընդգծեց քաղաքացիական հասարակություն ձեւավորելու հարցում մտավորականի դերի կարեւորությունը: «Մենք մի քանի գրողներով նոր էինք վերադարձել Ծաղկաձորում կայացած սիմպոզիումից եւ անմիջապես միացանք պայքարին: Շատ կուզենայի, որ այս պայքարը մասշտաբային բնույթ կրեր, ցանկալի կլիներ պայքարողների շարքում գրչակից ընկերների տեսնել: Դա բավական մեծ ոգեղենություն կհաղորդեր այս շարժմանը: Պետք չէ մոռանալ, որ գրողը նախ եւ առաջ քաղաքացի է, հետո նոր մշակութային գործիչ»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով այն կարծիքներին, թե արվեստագետները պետք է իրենց գործով զբաղվեն եւ չխառնվեն նման հարցերի, Գոռը նկատեց. «Այդ կարծիքն ունեցող մարդիկ պատեհապաշտ են: Եթե մտավորականն իշխանական կերակրատաշտակից չի սնվում եւ մտավախություն չունի, որ իր գաղափարների պատճառով այն կարող է փակվել, պետք է լինի ժողովրդի կողքին»,-ասաց նա:
Գնահատելով հասարակության պայքարող մասի տրամադրվածությունը` գրողը նշեց, որ ժողովրդի մոտ դանակն արդեն հասել է ոսկորին. «Բողոքի նման շարժումները նախադեպեր են, որոնք ցույց են տալիս, որ մենք խոնարհվող, համակերպվող ժողովուրդ չենք: Համենայն դեպս, նոր եկող սերունդը շատ զիլ է…»,-եզրափակեց նա:
Գրող, դերասան Հովհաննես Թեքգյոզյանն էլ, ով եւս մասնակցել է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած նստացույցին, մեզ հետ զրույցում կատարվածը որակեց բռնություն պայքարող հանրության նկատմամբ: Նրա կարծիքով` որպեսզի սկիզբ առած շարժումն ընթացք ստանա, անհրաժեշտ է, որ դրա շրջանակներում ներգրավվեն լայն մասսաներ. «Սա բավական երկարատեւ գործընթացի մի մասն է, որի շարունակականության դեպքում եմ հնարավոր տեսնում իշխանափոխության կազմակերպումը: Իսկ բողոքի այս միջոցառումները շարունակական են լինելու»,-կարծիք հայտնեց նա:
Ինչ վերաբերում է ոստիկանների պահվածքին, գրողը նկատեց, որ դա նոր երեւույթ չէ, եւ կատարվածն իրեն արդեն չի զարմացնում:
Ի դեպ, նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցների թվում է եղել նաեւ պարուսույց Գագիկ Գինոսյանը, ով եւս Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ իրականացված բռնությունների արդյունքում բերման է ենթարկվել: «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել Գ. Գինոսյանի հետ, սակայն նրա հեռախոսն անջատված էր:
Հավելենք նաեւ, որ մշակույթի մի շարք հայտնի հայ գործիչներ անդրադարձել են Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին: Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում կարծիք է հայտնել, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ամրապնդվում է: «Նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները»,-գրել է նա:

 

 

 

 
«ԵՐԵՎԻ ԹԵ ՉԿԱՐՈՂԱՆԱՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ»

Երգչուհի Աննա Արմենակյանը, ով տեւական ժամանակ է` բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, կյանքի այս փուլում ամբողջովին նվիրվել է երեխաներին: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծանալով նշեց, որ ստեղծագործական կյանքում իր մոտ այժմ լճացման շրջան է:

-Աննա՛, կար ժամանակ, երբ Ձեր անունը մշտապես հայտարարվում էր բեմերից, Ձեզնից անընդհատ նոր երգեր էին ակնկալում, այնինչ՝ վերջին շրջանում ամբողջովին նվիրվել եք ընտանիքին, իսկ երգարվեստի համար, կարծես, ժամանակ չկա…
-Վերջին մի քանի տարիների ընթացքում բացառապես զբաղվում եմ երեխաներիս խնամքով: Փոքրիկ աղջիկս շուտով կդառնա 11 ամսական, իսկ տղաս 3 տարեկան է: Նրանք դեռ փոքր են, եւ ժամանակս չի հերիքում` ուրիշ գործով զբաղվելու համար: Իմ կյանքում, առհասարակ, առաջնային տեղում ընտանիքս է: Քանի դեռ երեխաներս ունեն իմ խնամքի կարիքը, ճիշտ չեմ համարում երգարվեստով զբաղվել:
-Մի ժամանակ ԱՄՆ-ում երգեցողության եւ ձայնամշակման դասեր էիք տալիս, իսկ հիմա՞:
-Ցավոք, հիմա դրա համար էլ ժամանակ չունեմ, բայց վստահ եմ, որ ապագայում կվերսկսեմ դասավանդել, քանի որ կարեւոր եմ համարում գիտելիքների փոխանցումը երիտասարդ, օժտված սերնդին:
-Իսկ ստեղծագործելու համար ժամանակ մնո՞ւմ է:
-Այո՛, ստեղծագործելու գործընթացն ինձ համար մշտապես եղել է ինքնարտահայտման միջոց: Իմ գրած վերջին երգն, օրինակ, նվիրել եմ փոքրիկներիս: Անկեղծ ասած` մինչեւ ընտանիք կազմելս շատ երգեր եմ գրել սիրո մասին, սակայն վերջին տարիներին հոգիս խաղաղվել է, իսկ ընտանեկան ջերմ մթնոլորտում չես կարող գրել, օրինակ, անպատասխան սիրո մասին կամ տխուր, դեպրեսիվ տրամադրություն ունենալ: Կարելի է ասել՝ ստեղծագործական կյանքում այժմ փոքր-ինչ լճացման շրջան է:
-Իսկ երկրպագուները ե՞րբ սպասեն Ձեր մենահամերգին Հայաստանում, եւ հնարավո՞ր է արդյոք` վերադառնաք հայրենիք մշտական բնակության:
-Ինքս երազում եմ այդ մասին եւ հուսով եմ, որ կգա մի օր, երբ կկարողանամ կենդանի նվագակցությամբ մենահամերգով հանդես գալ Հայաստանի սիրելի հանդիսատեսի համար: Ինչ վերաբերում է հայրենիքում մշտական բնակություն հաստատելուն, ապա դժվարանում եմ ասել, թե 10 տարվա բացակայությունից հետո ինչ դրդապատճառներից ելնելով կդիմեմ նման քայլի: Երեւի թե մշտական բնակություն հաստատելու համար չկարողանամ վերադառնալ Հայաստան, բայց կցանկանայի գոնե տարին մեկ ընտանիքիս հետ այցելել, երեխաներիս ծանոթացնել հայրենիքիս հետ…

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է
«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի պահպանական գոտու, նաեւ բուն հուշարձանի տարածքում իրականացվել են գեոդեզիական հանույթի աշխատանքներ: Ինչպես տեղեկացնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, մինչ կստեղծվեն ենթակառուցվածքներ ու կշարունակվեն հնագիտական պեղումները, համալրվում է «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի հավաքածուն: Սյունեցիներն արգելոցի վարիչին են հանձնել մոտ 10 տարի առաջ հուշարձանի, այսպես կոչված, «գլխավոր դամբարանից» գտնված դաշույնը: Մասնագետների նախնական կարծիքի համաձայն՝ 27 սմ երկարությամբ երկաթե կեռ դաշույնը հնագիտական արժեք է: Այն պահվում է «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում եւ մասնագետների համակողմանի ուսումնասիրությունից հետո միայն պարզ կլինի դաշույնի պատմական ժամանակաշրջանն ու հնագիտական արժեքը:

 

ՍԻՐՏԸ ԶԲԱՂՎԱԾ Է
Երգչուհի Մարին տեւական ժամանակ է` ստեղծագործական դադարի մեջ է, իսկ որպես պատճառ նշվում է նրա` ընտրյալ ունենալու հանգամանքը: Խոսակցությունների ալիքը նոր թափ առավ պրոդյուսեր, հաղորդավար Ալեն Սիմոնյանի հարսանիքից հետո, որին երգչուհին ներկայացել էր Վահե անունով մի երիտասարդի հետ: BRAVO.am-ի հետ զրույցում Մարին չի հերքել, որ իր սիրտն արդեն զբաղված է, բայց չի շտապել նաեւ այլ մանրամասներ հաղորդել: «Շատ բաներ ասել չեմ ուզում, քանի որ նախընտրում եմ անձնական կյանքս չհանրայնացնել: Միայն կասեմ, որ այս տարի ո՛չ նշանվելու, ո՛չ էլ ամուսնանալու եմ»,-նշել է նա:

 

ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ
Բրիթնի Սփիրսը բաժանվել է իր ընկերոջից` պրոդյուսեր եւ գրող Չառլի Էբերսոլից: Այս մասին տեղեկացնում է US Magazine-ը: 33-ամյա հայտնի երգչուհու բաժանման պատճառները դեռ հայտնի չեն, իսկ նրա ներկայացուցիչները չեն մեկնաբանել կատարվածը: Բրիթնին անգամ ջնջել է Չառլիի հետ արված բոլոր լուսանկարները:
Նշենք, որ Էբերսոլը նույնպես ոչ մի մեկնաբանություն չի տվել, քանի որ հարաբերությունների սկզբում նա պայմանագիր էր կնքել իր եւ Բրիթնիի սիրավեպի մասին ոչինչ չխոսելու վերաբերյալ:




Լրահոս