Էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների տարածմանը զուգահեռ՝ հատկապես իշխանության ներկայացուցիչների շուրթերից վերջին օրերին հաճախ կարելի է լսել հարց, թե ինչպես կարելի է էլէներգիայի թանկացում թույլ չտալ: Նման հարց հնչեցնողները պնդում են, որ անկախ նրանից, թե ինչպես է գոյացել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 220 միլիոն դոլարի պարտքը, եթե այսօր էլէներգիայի սակագինը չբարձրացվի, ապա էներգամատակարարման համակարգը լուրջ խնդիրների առջեւ կկանգնի, այլ ելք էլ չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանություններին լուծման մի տարբերակ է առաջարկում. ՀՀ կենտրոնական բանկը կարող է պետական պահուստների հաշվին, օրինակ, տասը տարով 220 մլն դոլարի վարկ տրամադրել ՀԷՑ-ին` դիմացը որպես գրավ վերցնելով այդ ընկերության բաժնետոմսերը: Այս մոտեցումը լիարժեք տեղավորվում է ՀՀ Սահմանադրության 83.3 հոդվածի սահմաններում, որտեղ նշված են ՀՀ ԿԲ-ի գործառույթները: Ըստ այդմ, Սահմանադրությունը սահմանում է. «ՀՀ կենտրոնական բանկի հիմնական խնդիրը ՀՀ-ում գների կայունությունն ապահովելն է»: Իհարկե, որոշակի օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կլինի այս տարբերակը կիրառելու դեպքում, ինչը ՀՀ Կառավարությունը կարող է 1 օրում կազմակերպել: Դրանից 10 օր անց համապատասխան փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, ու օրենսդրական դաշտն արդեն հնարավորություն կտա գործարքը կնքել: Այդ գործարքով ե՛ւ ՀԷՑ-ի խնդիրը կլուծվի, ե՛ւ հնարավոր կլինի հմուտ քարոզչությամբ հակառուսական տրամադրությունները չեզոքացնել երկրում, ինչն այդքան ցանկանում են իշխանական կոնկրետ շրջանակներ:
Արդեն շուտով կլրանա մեկ շաբաթը, ինչ Երեւանի կենտրոնն ալեկոծված է բողոքի ցույցերից, երեք օր առաջ ոստիկանությունն ուժի գործադրմամբ ցրեց հիրավի խաղաղ նստացույցը, բայց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը չկա ու չկա: Մեկ շաբաթից ավել է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է պարզել, թե որտեղ է գտնվում Կարեն Անդրեասյանը, եւ ինչպես կարելի է նրա հետ կապվել, բայց ապարդյուն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ ՄԻ պաշտպանն ուղղակի անհետացել է եւ վիրտուալ մտահոգություններ է միայն հայտնում: Թեեւ մյուս կողմից էլ մինչ օրս նա իր ներկայությամբ մարդու իրավունքների պաշտպանության հարցում նույնիսկ չնչին օգուտ անգամ չի տվել, եւ իր գործունեության արդյունքը եղել է միայն այն, որ ՄԻՊ ինստիտուտը հիմնովին արժեզրկվել է: Կ. Անդրեասյանի անգործունակ կերպարը հերթական անգամ հաստատում է դեռեւս նրա նշանակման օրերին հնչող այն կարծիքները, որ նման անձին չի կարելի դարձնել օմբուդսմեն, այդ պաշտոնը զբաղեցնողը պետք է հանրության շրջանում հեղինակություն վայելող մարդ լինի:
ԵԽԽՎ-ում նախորդ օրը քվեարկության դրված «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցում տեղ գտած հակահայկական ձեւակերպումը՝ «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը» «Վեհաժողովը քաջատեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին» բառերով փոխարինելու պատմությունը, պարզվում է, լուրջ նյարդայնացրել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց. «Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը մոտենում էր այն պատգամավորներին, որոնց վրա իրենք ազդեցություն ունեն, ու նրանք հրաժարվում էին քվեարկել Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ուղղորդմամբ: Իսկ երբ քվեարկությամբ իրենց ձեւակերպումը մերժվեց, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն ընկավ բացարձակ հիստերիկայի մեջ եւ սկսեց գոռալ եվրոպացի պատգամավորների վրա»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր ռուսական «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը վերջերս հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի ֆինանսական տվյալները: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարվա առաջին եռամսյակում ՀԷՑ-ի, կամ ինչպես այդ փաստաթղթում է նշված՝ «Հայաստանյան սեգմենտի» եկամուտը կազմել է 5 միլիարդ 700 միլիոն ռուսական ռուբլի, որը անցած՝ 2014 թվականի առաջին եռամսյակի 2 միլիարդ 300 միլիոն ռուբլուց ավել է 65,3 տոկոսով: Ըստ հաշվետվության՝ եկամտի նման աճը պայմանավորված է անցած տարվա օգոստոսին էլէներգիայի սակագնի բարձրացմամբ, ինչպես նաեւ՝ ռուբլու նկատմամբ հայկական դրամի արժեւորմամբ: Սակայն հասույթը դոլարով հաշվարկելու դեպքում տեսնում ենք, որ աճը կազմել է մոտ 60 տոկոս` 65 մլն դոլարից դառնալով 105 մլն, ու սա հաստատ փոխարժեքի տատանումների հետ ոչ մի կապ չունի եւ բացառապես պայմանավորված է էլէներգիայի սակագնի` անցած տարվա օգոստոսի բարձրացման փաստով: Հետո էլ ասում են, թե վնասով են աշխատում:
ԴԵՏՈՆԱՏՈՐԱՅԻՆ
Այս օրերին թե՛ ռուսական, թե՛ արեւմտյան լրատվամիջոցների կողմից Երեւանում ընթացող բողոքի ցույցերի լուսաբանումը եւս մեկ անգամ ի ցույց դրեց, թե ինչպես կարող են մեր երկրի ներքին խնդիրները շահարկվել եւ ծառայեցվել օտարների շահերի սպասարկմանը: Թե՛ արեւմտյան լրատվամիջոցների եւ թե՛ առավել եւս ռուսական քարոզչամեքենայի կողմից իրականության այն տոտալ խեղաթյուրումը, որին ականատես ենք լինում այս ընթացքում, ստիպում է մտածել, թե որքան խոցելի է ճշմարտությունը ժամանակակից տեխնոլոգիաների, թվում է թե, գերթափանցիկ այս աշխարհում:
Հատկապես ուկրաինական լրատվամիջոցների կողմից «երեւանյան մայդանի» մասին ծրագրավորված ապատեղեկատվությանը հետեւած ռուսական քարոզչամեքենայի վայնասունը, որը մեզ` Բաղրամյան պողոտայում բողոքի ելած եւ կամ այդ ամենին ուղիղ եթերով հետեւող ՀՀ քաղաքացիներիս, ցնդաբանության պես մի բան է թվում, իրականում բավականին մտահոգիչ քաղաքական գործընթաց է` հեռուն գնացող նպատակադրումներով: Ընդ որում, թե՛ եվրոպացիներն ու նրանց հրահանգով գործի գցված ուկրաինական մեդիան, թե՛ ռուսական քարզչամեքենան ու Պուտինի մերձավոր Սերգեյ Մարկովները քաջ գիտեն, որ Երեւանում ծավալվող գործողությունները կրում են բացառապես սոցիալական բնույթ` զերծ քաղաքական ուղղորդումից, սակայն դա կարեւոր չէ. առկա է առիթ, հնարավորություն, որից պետք է առավելագույնս օգտվել:
Եվ այս իմաստով հատկապես մտահոգիչ է Ռուսաստանի քաղաքական վերնախավում Հայաստանի հետ կապված մոտեցումների երկակիությունը եւ այդ երկրի քաղաքական էլիտայի տարբեր մրցակցող խմբերի կողմից առաջ տարվող քաղաքականությունը: Առաջին խմբի ներկայացմամբ` ՀՀ իշխանությունները փորձում են շանտաժի ենթարկել Ռուսաստանին, եւ այս ցույցերը հենց դրա դրսեւորումն են: Երկրորդ խմբի մոտեցումն այն է, որ ստեղծված իրավիճակի թիվ մեկ մեղավորը տարիներ շարունակ համակարգը թալանած ՀԷՑ-ի ռուսական ղեկավարությունն է, եւ անհրաժեշտ է լիովին վերանայել Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեության որակն ու արդյունավետությունը: Առայժմ, սակայն, դատելով ռուսական քարոզչամեքենայի մեկնաբանություններից՝ կարծես թե գերիշխում է հենց առաջին մոտեցումը, ինչը, թերեւս, բնական է` Ռուսաստանում հայկական գրագետ լոբբինգի իսպառ բացակայության պայմաններում:
Ամեն դեպքում, Հայաստանում ծայր առած առայժմ զուտ սոցիալական այս ընդվզման շուրջ քաղաքական կենտրոնների այսպիսի մեծ անհանգստությունը ցույց է տալիս, թե որքան կարեւոր նշանակություն ունի մեր փոքրիկ երկիրը աշխարհաքաղաքական գործընթացներում, եւ այստեղ կատարվող յուրաքանչյուր փոփոխություն ինչպիսի դետոնատիվ հետեւանքներ կարող է ունենալ այդ գործընթացների իրագործման ճանապարհին: