Ինձ համար ամենաանընդունելին այն պիտակավորումներն են, որոնք հնչում են «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների հասցեին, սա անթույլատրելի է: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը` անդրադառնալով երեկ Բաղրամյան-Ազատության հրապարակ բաժանմանը և «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների հասցեին հնչող քննադատություններին:
«Այն, ինչ անում են քաղաքացիական ակտիվիստները և այն, ինչին ականատես եղանք անցնող շաբաթվա ընթացքում, այլ մշակույթ է: ՀՀ ցանկացած քաղաքացի հպարտություն է զգում, անկախ նրանից` Հանրապետական է, թե ոչ: Ես չէի ցանկանա, որ մենք նորից գնայինք այն հին, տրորված ճանապարհով, որ մենք մեր մեջ սկսենք թշնամիներ փնտրել: Վաղ թե ուշ մարդիկ, ովքեր ամեն ինչ անում են, որ այդ ճանապարհով գնանք, որոշակի վերլություններ կանեն և ամեն ինչ կտեղափոխվի այն գեղեցիկ հարթություն, ինչին ականատես եղանք»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Դավթյանի խոսքով` հաղթանակն էլ պիտի բոլորինը լինի, եթե պարտություն կա, պարտությունն էլ. «Ես չեմ հասկանում` ինչ ասել է հաղթանակ կամ պարտություն: Պրոցեսներն այնպիսին են, որ կա´մ բոլորով հաղթանակած դուրս կգանք, կա´մ բոլորս կկորցնենք»:
Հիշեցնենք, որ երեկ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն ազատեց Բաղրամյան պողոտան և գնաց Ազատության հրապարակ` իրենց բողոքի ակցիան այնտեղ շարունակելու: Նախաձեռնության անդամների այս քայլը շատերի քննադատությանն արժանացավ, նրանց հետևից քչերը գնացին, մարդկանց մեծ մասը մնաց Բաղրամյան պողոտայում` համարելով, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը դեռևս հաղթանակ չէ: