Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը «Երևանյան ամառ 2015» ծրագրի շրջանակներում հունիսի 28-ին ժամը 13:00–ից Լենինգրադյան «Հրազդան» մարզադաշտին հարակից հրապարակում կազմակերպել էր «Ավտո մոտո շոու- դրիֆտինգ Երևան» մրցաշարը:
Մրցութային մասում ներկայացվել են տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ. թյունինգապատ, սպորտային մեքենաներ, ինչպես նաև մոտոցիկլներ։
13:00-ին նախ ասպարեզ են դուրս եկել արագընթաց ձևավոր վարում մրցության մասնակիցները` մինչև 2 լ շարժիչի ծավալ ունեցող մեքենաներով: Այնուհետ մրցասպարեզը տրամադրվել է 2 լիտրից բարձր շարժիչի ծավալ ունեցող սիրողական դասի մեքենաներին, որից հետո նաև Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի արհեստավարժ թվով 10 ավտոմարզիկներին: Ժամը 17-00-ին մեկնարկել է դրիֆթինգի առաջնությունը, որին մասնակցել են նաև Վրաստանից ժամանած մարզիկներ: Հատուկ այս մրցումը դատելու համար Լիբանանից Երևանի է ժամանել ավտոսպորտի հայազգի մարզիկ, ներկայում նման մրցաշարերի դատավոր Գարո Հարությունյանը, ով նաև հանդես է եկել ցուցադրական ելույթով և իր փորձը կիսել մրցաշարի մասնակիցների հետ: Կայացել են նաև ցուցադրական այլ ելույթներ: Հաղթողները պարգևատրվել են հովանավորների կողմից սահմանված նվերներով և գավաթներով: