Ողջ Հայաստանն այսօր ապրում է էլէներգիայի սակագնի խնդրով: Միակ հարցը, որը բոլորին հուզում է այսօր, այն է՝ արդյոք ՀՀ իշխանությունները կզիջեն եւ կհրաժարվեն էլէներգիայի սակագինը բարձրացնելու մտքից: Մինչեւ Հայաստանի լրատվական դաշտի «հոսանքահարումը», առնվազն երկու խնդիր կար, որոնք նույնպես կարեւոր էին, եւ մինչ այս, այդ թեմաները հայաստանյան լրահոսի հիմնական թեմաներն էին:
Մասնավորապես, այս տարվա մայիսին գազալցակայաններում տեղի ունեցավ 5 պայթյուն, որոնց արդյունքում երեք մարդ զոհվեց: Ակնհայտ դարձավ, որ այս ոլորտում լուրջ խնդիրներ կան, քանի որ ավտոմեքենաների վրա տեղադրված եւ շահագործվող գազի բալոնների տեխնիկական վիճակի վերահսկման գործող կանոնները հիմնականում ձեւական բնույթ են կրում: Գազի բալոնները շահագործման սահմանափակ ռեսուրս ունեն եւ վարորդների կողմից անուշադրության մատնվելու դեպքում դրանք վառոդի տակառի պես մի բան են դառնում:
Լրագրողները ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հանդիպելիս այնքան էին գազալցակայանների մասին հարցրել, որ մի պահ թվում էր, թե նա ճարը կտրած վեր է կենալու եւ գնա, անձամբ ստուգի բոլոր գազի բալոնները եւ գազալցակայանները: Բայց, ի ուրախություն Արմեն Երիցյանի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն այնքան համը հանեց, որ գազի բալոնների եւ պայթյունների մասին բոլորը մոռացան եւ իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացրին «հոսանքահարումների» վրա: Մի խոսքով, Արմեն Երիցյանը կարող է սրտանց շնորհակալություն հայտնել Բիբինին: Ի դեպ, բարեբախտաբար արդեն 25 օր է՝ գազալցակայաններում այլեւս պայթյուն չի հնչել: Ենթադրվում է, որ գազալցակայաններում կիրառվող նոր մոտեցումը` լիցքավորելուց առաջ գազի բալոնների փաստաթղթերը ստուգելը, հստակ իր արդյունքները տալիս է: Ի վերջո, վարորդները եւս, երբ տեղեկանում են, որ իրենց գազի բալոնը վտանգավոր է եւ լիցքավորման ենթակա չէ, ինքնակամ դիմում են համապատասխան մասնագետի:
Հաջորդ կարեւոր խնդիրը, որը վերջին շրջանում հայաստանյան լրահոսի հիմնական թեման էր, սահմանադրական փոփոխությունների հարցն է: Սահմանադրական փոփոխությունները պատրաստող մասնագիտական հանձնաժողովը հենց այս օրերին վերջնական տեսքի է բերում բուն փոփոխությունների տեքստը: Ինչպես գիտենք՝ մոտ 10 օր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ ԲՀԿ,ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ ու սահմանադրական փոփոխությունների հետ կապված ինչ-որ հարցեր էին քննարկել: Այնպես ստացվեց, որ այս հանդիպման մասին լուրերի տարածվելուց անմիջապես հետո սկսվեց «հոսանքահարման» գործընթացը, եւ այդպես էլ չպարզվեց, թե ոչ իշխանական խմբակցություններն ու Սերժ Սարգսյանն ինչ համաձայնության են հանգել:
Այսինքն՝ այն ժամանակ, երբ Հայաստանի հանրությունը զբաղված է իր համար կենսական խնդիր լուծելով` էլէներգիայի սակագնի բարձրացումը թույլ չտալու համար, ՀՀ իշխանություններն այս ընթացքում վերջնական տեսքի են բերում երկրի մայր օրենքում կատարվելիք փոփոխությունները: Մյուս կողմից էլ հայկական իրականությունը հաշվի առնելով՝ պետք է արձանագրենք, որ ՀՀ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների տեքստը ամեն դեպքում կազմելու են այնպես, ինչպես իրենց է նպատակահարմար, եւ այս հարցում հասարակական ակտիվությունը էական դերակատարություն չի կարող ունենալ: Այս դեպքում հասարակական կարծիքը կարող էր որոշակի զսպել իշխանությունների հետ պարբերաբար գործարքների գնացող քաղաքական ուժերին, ոչ ավելին:
«Հոսանքահարման» շրջանում ՀՀ իշխանությունները հասցրին նաեւ առանց լուրջ աղմուկի խորհրդարանում «անցկացնել» մի քանի կարեւոր նախագծեր, որոնցից մեկով կընդլայնվեն արտաքին պարտք վերցնելու սահմանները, իսկ մյուսով էլ հող է նախապատրաստվում «Հայփոստի» սեփականաշնորհման համար: Բացի այս՝ իշխանությունները ԱԺ-ով «անցկացրին» վարկային պայմանագրերի հերթական խմբաքանակը:
Իհարկե, հետապնդման մանիայով տառապող, ամեն ինչում իշխանությունների ուղղորդում տեսնող եւ հիվանդ երեւակայություն ունեցող մարդիկ կարող են այս ամենի մեջ միտում տեսնել: Իսկ իրականում ՀՀ իշխանությունները «հոսանքահարվելուց» հետո իրենց սփոփված կզգան այն բանի համար, որ հասարակությունն այս ընթացքում մնացած բոլոր խնդիրների մասին մի պահ մոռացել է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԲԻԲԻՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ ԳՆԱՑԵԼ Է
«Ժողովուրդ»-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանից փորձեց պարզել, թե իրենց տնօրինությունն ինչպես է վերաբերվում մի քանի օր շարունակ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող նստացույցերին, ու արդյո՞ք այն կարող է նպաստել, որպեսզի իրենք ինքնակամ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հայտ ներկայացնեն: Սակայն Սարջանյանը չկարողացավ մեր հարցին պատասխանել: Պարզվում է՝ ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը անժամկետ մեկնել է Մոսկվա: Նատալյա Սարջանյանն ասաց, որ Եվգենի Բիբինը Մոսկվայում մասնակցում է տնօրենների խորհրդի նիստին: «Գործուղման է մեկնել, ու ես չեմ կարող ասել, թե երբ կվերադառնա»,- ասաց ՀԷՑ մամուլի խոսնակը:
ԵՏ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ
Երեւանում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները երեկ այցելել էին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ նստացույցի վայր: Նրանք ցուցարարներից իրենց աղբամանները ետ էին պահանջում: Հիշեցնենք, որ աղբամաններով ակտիվիստները Բաղրամյան պողոտայում անվտանգության պատնեշ են կառուցել: Նստացույցի մասնակիցները «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչների առաջարկը մերժեցին` խոստանալով աղբամաններն նստացույցի ավարտից հետո անվնաս վերադարձնել: Ավելի ուշ ընկերության ներկայացուցիչները ակտիվիստներին առաջարկեցին հետ վերադարձնել բոլոր աղբամանները՝ փոխարենը խոստանալով նույն տեղում կանգնեցնել երկու բեռնատարներ՝ առանց անվադողերի: Սակայն այս առաջարկը նույնպես չընդունվեց ակտիվիստների կողմից: «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչ Արա Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ստեղծված իրավիճակում իրենց աշխատանքները դժվարացել են: «Պատկերացրեք, թե ինչ կլինի, երբ մեկ-երկու օր Փոքր կենտրոնի աղբը չհավաքվի: Ավելի քան 50 աղբաման այս պահին իրենց մոտ է»,- ասաց Կարապետյանը: «Ժողովուրդ»-ը ընկերության ներկայացուցչից տեղեկացավ, որ ակտիվիստների կողմից վերցրված աղբամաններին փոխարինողները դեռ տեղադրված չեն, բայց այդպիսիք առկա են: «Եթե տեղադրենք, նորից կվերցնեն: Իմաստ չկա: Խնդրում եմ, որ չկոտրեն աղբամանները, դա մեր սեփականությունն է: Դրանց համար մենք վճարել ենք»,- ասաց Կարապետյանը: Ի դեպ, նստացույցի մասնակիցները խոստացել են, որ նոր աղբամաններ այլեւս չեն վերցնի:
ԿԳԱ ԵՎ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե հույս ունի, որ ՀՀ գործող օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը կվերադառնա եւ իր գնահատականը կտա հունիսի 23-ին Բաղրամյան փողոցում նստացույցը ցրելու դեպքին: «Պետք է սպասենք, պաշտպանը կգա եւ կտա հարցերի պատասխանը»,- ասաց Ալավերդյանը՝ պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչո՞ւ է լռում ՄԻՊ-ը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՏԱՏԻՆ ԷԼ ԷՐ ԵԿԵԼ
Երեկ Բաղրամյան պողոտայում է եղել նաեւ հայտնի ՀՀԿ տատին, ով amlur.am-ին ասել է, թե օրեր առաջ եղել է Լեռնային Ղարաբաղում, որտեղ զրուցել է Ալիկ Սարգսյանի հետ: «Ամեն մեկի գրպանը քանի հատ հեռախոս կա, օրը քանի հազար դրամ մենակ հեռախոս են լիցքավորում: Եթե լույս են ուզում, թող բարձրանան պլանի գլուխ՝ «Օրինաց երկրի» 12-հարկանի սեփական շենքը, եւ այդ բոլոր գումարները մուծեն լույսի վարձը: Այստեղ դեբիլ մարդ չկա, հանրապետականի ցավը տանեմ», – ասել է նա:
ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ
ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինիկինը, անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ չդադարող բողոքի ակցիաներին, «Ազատությանն» ասել է.«Այս իրավիճակը պետք է կարգավորվի միայն բանակցությունների սեղանի շուրջ, որը բազմիցս առաջարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ Երեւանում եւ ընդհանրապես Հայաստանում կայուն իրավիճակ լինի, որ այստեղ որեւէ հակամարտություն չլինի»: Նշենք, որ ի տարբերություն ՀՀ-ում ԱՄՆ, ԵՄ, Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ներկայացուցչությունների, որոնք երեկ տարածած հայտարարություններում մտահոգություն էին հայտնել ոստիկանության կողմից ցուցարարաների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման եւ լրագրողների դեմ գործադրված բռնությունների կապակցությամբ, Ռուսաստանի դեսպանատունը այդպես էլ չարձագանքեց բռնություններին: Այդ մասին չի ցանկացել խոսել նաեւ Վոլինկինը:
ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ
Երեկ դերասան Վարդան Պետրոսյանը հացադուլ է սկսել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ ի զորակցություն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցի մասնակիցների: Այս մասին «Ազատության»-ը փոխանցել է դերասանի քույրը` Աշխեն Պետրոսյանը: «Քանի որ նա այս պահին ազատության մեջ չէ, քանի որ նա ներկա չէ այսօր մեր կյանքին, նա միայն այսպես կարող է մասնակցել բողոքին: Սա ինձ շատ է մտահոգում, քանզի Վարդանի առողջական վիճակը լավ չէ», – ասել է դերասանի քույլրը:
ԹԻԹԵՌ ՆԿԱՐԵԼՈՒ
Երեկ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Բելգիա՝ մասնակցելու հունիսի 25-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որի ընթացքում հանդես կգա ելույթով:
ՀԱՐԲԱԾ ՄԱՐԴ ՉԻ ԵՂԵԼ
Հունիսի 23-ի առավոտյան բերման ենթարկված 237 անձանցից 106-ը տեղափոխվել է Երեւանի նարկոլոգիական կենտրոն՝ ալկոհոլի եւ թմրամիջոցների հայտնաբերման փորձաքննության ենթարկվելու: Կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմիրջյանի փոխանցմամբ` 44 ցուցարար անցել է ե՛ւ ալկոհոլի, ե՛ւ թմրամիջոցների բացահայտման փորձաքննություն, 48-ը՝ միայն թմրամիջոցի, 14-ը՝ միայն ալկոհոլի։ Ըստ Սեմիրջյանի՝ ալկոհոլի բացահայտման փորձաքննություն անցած ցուցարարների մոտ ալկոհոլի պարունակություն չի հայտնաբերվել, իսկ թմրամիջոցների փորձաքննության ենթարկված ցուցարարների անալիզների պատասխանները պարզ կլինեն շաբաթ օրը՝ հունիսի 27-ին:
ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ԹՈՒՅԼ ՉՏԱԼ
«Բոլորն են դեմ բոլոր տիպի թանկացումներին։ Ես այստեղ եմ մեր հոգեւոր հոր հետ, որ ինչ-որ չափով լինենք մեջտեղում, որովհետեւ ներսում շատ պրովոկատորներ կլինեն, որոնք կցանկանան բախումների գնալ։ Աշխատենք այդ բախումները թույլ չտալ»,-երեկ ասել է կոմպոզիտոր Արա Գեւորգյանը, ով եւս միացել է Բաղրամյան փողոցում նստացույց անողներին:
ՆՈՐ ԿՈՄԻՏԵ
Հայաստանի քաղաքական եւ հասարակական միավորումներն ստեղծում են քաղաքական հալածյալների իրավունքների պաշտպանության կոմիտե, որը կկոչվի «Հայաստանի Ստրասբուրգյան կոմիտե»: Այդ նպատակով երեկ հրավիրված «Հիմնադիր ժողովի» որոշմամբ ընդունել են Կոմիտեի ձեւավորման հիմունքները, որոնց հիման վրա կմշակվի Կոմիտեի կանոնակարգը, եւ կընտրվեն նրա անդամները: