«ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՊԱՀՈՂԸ ՆԱԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՍ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Լեւս Դավթյանը, ով հեռուստադիտողներին առավել հայտնի դարձավ «Եռաչափ սեր» սերիալից եւ «Yere1» ծրագրից, դեռեւս մեկ տարի առաջ հայտնել էր, որ հիասթափված է Հայաստանից` պատճառաբանելով, որ սեփական հայրենիքում դերասանը կարողանում է հազիվ գոյատեւել: Նա նույնիսկ նշել էր, որ պատրաստվում է հեռանալ հայրենիքից: Լեւսը, սակայն, ի ուրախություն երկրպագուների, այս ընթացքում մնաց Հայաստանում: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է` ինչն է փոխվել այս մեկ տարվա ընթացքում, եւ ինչն է նրան պահել հայրենիքում, արդյո՞ք նա ունի նոր առաջարկներ ստեղծագործական կյանքում եւ ինչ նոր անակնկալներ է պատրաստում իր հանդիսատեսի համար:

-Այժմ ինչո՞վ եք զբաղված, Ձեզ նոր դերերում կտեսնե՞նք: Կա՞ մի նոր ներկայացում կամ ֆիլմ, որի շրջանակներում աշխատում եք:
-Այժմ ռեժիսոր Սամսոն Մովսիսյանի հետ աշխատում ենք նոր մոնոներկայացման վրա` «Էդգար Պո». պրեմիերան կլինի սեպտեմբերին, հավանաբար, դերասանի տանը: Նոր եթերաշրջանում էլ ուսումնական թատրոնի բեմում կրկին կներկայացվեն «Գիշատիչների խնջույքը», «40 օր համբառնալուց առաջ» ներկայացումները: Ունեմ նաեւ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ, սակայն դերս դեռ հաստատված չէ, ուստի փակագծերը դեռ չեմ բացի:
-Դեռեւս մեկ տարի առաջ նշել էիք, որ հիասթափվել եք հեռուստատեսությունից եւ սերիալներում նկարահանվելու իմաստ չեք տեսնում: Այս ընթացքում Ձեր կարծիքը չե՞ք փոխել: Եթե առաջարկներ լինեն, կմերժե՞ք:
-Վերջին համագործակցությունս եղել է «Արմենիա» հեռուստաընկերության հետ` «Yere1»-ի սքեթչերի շրջանակներում: Դրանից հետո տարօրինակ կերպով առաջարկներ չեն եղել: Եթե լինի սերիալում նկարահանվելու նորմալ առաջարկ, կարելի է մտածել այդ ուղղությամբ:
-Որոշ ժամանակահատված առաջ Դուք շատ հիասթափված էիք, անգամ ասել էիք, որ պատրաստվում եք հեռանալ Հայաստանից` պատճառաբանելով, որ սեփական հայրենիքում դերասանը կարողանում է հազիվ գոյատեւել: Ձեր այս խոսքերից անցել է շուրջ մեկ տարի, սակայն Դուք դեռեւս հայրենիքում եք: Մենք, իհարկե, ուրախ ենք, որ Դուք չեք արտագաղթել, պարզապես հետաքրքիր է` այս ընթացքում ի՞նչն է փոխվել:
-Անկեղծ ասած` չեմ ուզում այդ թեմայով խոսել, քանի որ իմ արտահայտած մտահոգությունները տարօրինակ, ուրիշ կերպով են ընկալվում ժողովրդի կողմից եւ բացասական արձագանք են ստանում, չգիտես ինչու: Ես ունեի ծրագրեր, դեռ սպասում եմ դրանց ընթացքին: Իմ մնալը որոշ չափով էլ անձնական կյանքի հետ է կապված:
-Այսինքն` Ձեզ հայրենիքում պահողը անձնական կյա՞նքն է:
-Նաեւ` անձնական կյանքը:
-Դուք այն դերասաններից եք, որոնք չեն խուսափում իրենց անձնականի մասին խոսելուց: Որոշ ժամանակ առաջ նշել էիք, որ կորցրել եք Ձեր սիրելիին: Այժմ անձնականի հետ կապված կյանքի ի՞նչ փուլում եք:
-Հիմա թեեւ իմ կողքին կոնկրետ մարդ չկա, բայց կա շփում… Շփման փուլում ենք… Բայց դեռեւս չեմ ուզում այդ մասին խոսել…
-Կուզենա՞ք Ձեր ընտրյալը Ձեր ոլորտից լինի:
-Իմ ընտրյալը պարտադիր պետք է մեր ոլորտից լինի:
-Բայց «պարտադիր» բառը օգտագործելով՝ արդյոք չե՞ք սահմանափակում մյուս ոլորտի աղջիկների եւ ինչու ոչ` Ձեր շանսերը…
-Ոչ, պարզապես հասկացել եմ, որ մեր ոլորտի ներկայացուցիչների հետ ինձ համար ավելի հետաքրքիր է շփումը:
-Վերջին օրերին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ծայր առած բողոքի շարժմանը հետեւու՞մ եք: Որքանով տեղյակ ենք` Դուք եւս Ձեր մասնակցությունն եք ունեցել պայքարին:
-Երկու օր առաջ միացել էի իրենց, ինչ ասեմ.. Ցավում եմ, որ ժողովուրդը հասել է այս վիճակին… Ուղղակի կարծում եմ, որ պահանջը պետք է կոնկրետ մարդու, կոնկրետ մեղավորներին ներկայացնել, քանի որ իշխանության վերին օղակներից մինչեւ ներքեւի օղակներ բոլորը կամակատար են… Ամեն դեպքում` կարծում եմ եւ հուսով եմ, որ երիտասարդները կհասնեն ցանկալի արդյունքի:

 

 

 

 

ՈՐՏԵ՞Ղ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿՀԱՆԳՍՏԱՆԱՆ ԱՍՏՂԵՐԸ. ՄԱՍ 2

Շուտով ամառը կկիսվի, սակայն մեզնից շատերը չեն հասցրել ամառային հանգստի վերաբերյալ անգամ պլաններ կազմել, իսկ ոմանց էլ ամռան այս տապ եղանակին, ամեն դեպքում, հաջողվել է ժամանակ գտնել եւ կտրվել առօրյայից: «Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել, թե հայտնիներից ովքեր որտեղ եւ ինչպես են պատրաստվում անցկացնել իրենց ամառային հանգիստը:

Այսպիսով` երգչուհի Ալլա Լեւոնյանն արդեն հասցրել է տրվել հանգստին: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ հունիսի սկզբին ընտանիքի հետ եղել է Շարմ Էլ Շեյխում. «Հանգստացել եմ ամուսնուս, երեխաներիս, մայրիկիս եւ քույրիկիս հետ: Ինձ անչափ տպավորել է ծովը, այդ մաքրությունն ու խաղաղությունը: Այնքան լավ էի ինձ զգում, որ ցանկություն չեմ ունեցել դուրս գալ ծովային այդ տարածքից եւ ուրիշ տեղ շրջել»,-պատմեց երգչուհին: Նրա խոսքով` ինքն այս տարի շուտ է մեկնել հանգստի, քանի որ ամռանը գործնական ծրագրեր է ունեցել: Ալլա Լեւոնյանը նաեւ անկեղծացավ` նշելով, որ չի պատկերացնում հանգիստն առանց ամուսնու եւ երեխաների:
Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը եւս ծովափնյա հանգստի մեծ սիրահար է: Նա մեզ տեղեկացրեց, որ այս ամառ ինքն ընտանիքի հետ մտադիր է մեկնել Հունաստան. «Կփորձենք հիանալ այնտեղի տեսարժան վայրերով, պատմամշակութային կոթողներով, միեւնույն ժամանակ` կազմակերպել ծովափնյա հանգիստ»,-ասաց դերասանուհին:
Լ.Ղամբարյանի խոսքով` քանի որ ողջ տարին զբաղվածության պատճառով ընտանիքի անդամներով չեն հասցնում լիարժեքորեն շփվել միմյանց հետ, հանգստի պարտադիր մեկնում են միասին:
Դերասան Աբել Աբելյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս տարի ինքը մտադիր է ընտանիքի հետ մեկնել եվրոպական որեւէ երկիր, ամենայն հավանականությամբ` Ֆրանսիա:
Նրա խոսքով` ինքն, առհասարակ, պասիվ հանգստի սիրահար է. «Միեւնույն ժամանակ դա ինձ չի խանգարում ակտիվ զբաղմունքներով տարվել: Շատ եմ սիրում, օրինակ, ընկերներիս ընտանիքների հետ մեկնել հանգստի, նրանց հետ այցելել ակումբներ, պարել, ուրախանալ… Պարզապես վերջին շրջանում փոքր-ինչ բարդ էր այդ ամենը կազմակերպելը, քանի որ երկու փոքր երեխա ունենք, սակայն հուսով ենք, որ այս տարի, երբ նրանք արդեն քիչ թե շատ մեծացել են, հնարավոր կլինի վերականգնել լավագույն ավանդույթները»,-ասաց դերասանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում Փոքր թատրոնը` Միացյալ Թագավորության «Կանդուկ» ներառական պարային խմբի հետ համատեղ, բեմադրել է նոր ներկայացում Հայոց ցեղասպանության մասին: Վերջինիս պրեմիերան տեղի կունենա աշնանը: Բեմադրող ռեժիսորը Ջեմայմա Հոադլին է, գեղարվեստական խորհրդականը` Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը: Ներկայացման կազմում ներգրավված են Փոքր թատրոնի եւ հաշմանդամություն ունեցող դերասաններ: Նրանք, ի դեպ, ներգրավված էին նաեւ Փոքր թատրոնի «Մի լքիր ինձ» ներկայացման կազմում:

 

ՆՈՐ ՍԱՐԴ ՄԱՐԴ
Բրիտանացի դերասան 19-ամյա Թոմ Հոլանդը մարմնավորելու է Սարդ մարդու կերպարը: Պիտեր Պարկերի մասին պատմող նոր ֆիլմը էկրաններ կբարձրանա 2017 թ. հուլիսի 28-ին: Sony Pictures ընկերության ներկայացուցիչներն արդեն հաստատել են այս լուրը:
Ֆիլմի սյուժեի մասին շատ մանրամասներ հայտնի չեն: Նշենք միայն, որ Ջոնաթան Ուոթսի ֆիլմի սցենարային աշխատանքներով զբաղվում են 87-ամյա Սթիվ Դիտկոն եւ 92-ամյա Սթեն Լին:

 

ՆՈՐ ՍԻՐԱՎԵՊ
Հանգստյան օրերին Քայլի Մինոուգը British Summer Time փառատոնի շրջանակներում ելույթ է ունեցել Լոնդոնի Հայդ պարկում: Նույն օրը ավստրալացի երգչուհին նկարահանվել է Sloggy ներքնազգեստի ապրանքանիշի նոր հավաքածուի գովազդում: Իսկ վերջերս Մինոուգին «բռնեցրել են» Գվինեթ Փելթրոուի նախկին ամուսին, Coldplay խմբի մենակատար Քրիս Մարտինի հետ: Քայլին եւ Քրիսը ձեռք ձեռքի տված զբոսնել են Լոնդոնի փողոցներում: Նշենք, որ առաջին տարին չէ, ինչ Քայլի Մինոուգն ու Քրիս Մարտինը ճանաչում են իրար: Ավելին՝ անցյալ տարի նրանք միասին ելույթ են ունեցել Coldplay-ի` Սիդնեյում կայացած համերգի ընթացքում` կատարելով Where the Wild Roses Grow եւ Can՚t Get You Out of My Head հիթերը:




Լրահոս