«Ռոբերտ Նազարյանի թույլտվությամբ Հայաստանի էներգետիկան չի զարգանում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ընթացող բողոքի ակցիաներին դիտորդի կարգավիճակում չի եղել, պայքարել է բոլորի հետ հավասար:

«Սա բոլորիս պայքարն է, և պատասխանատվության բեռը բոլորիս վրա է ընկած»,-ասաց նա` հավելելով՝ սա Հայաստանում տեղի ունեցող առաջին հասարակական շարժումն է, որտեղ չարություն չկա:

«Սա հասարակական առաջին շարժումն է, որտեղ ընդվզումը նոր ոգևորություն է առաջացրել. սա նոր Հայաստանն է, և ուզում եմ Հայաստանը միշտ այսպիսին մնա»:

Աբգար Ափինյանի կարծիքով, ցուցարարներից ոմանց մոտ անհոգություն է նկատվում: «Սա ժպիտի ու ուրախության հարց չէ, այլ լուրջ ազգային խնդիր է լուծվում: Կտրականապես դեմ եմ ծայրահեղական մոտեցումներին և ցավոք, շարժումը, կարծեք, թեքվում է այդ ուղղությամբ»,- ասաց նա` հավելելով՝ եթե ծայրահեղականությունը շարունակի իշխել, կարող է ամեն ինչ աղետով ավարտվել:

Ափինյանի խնդրանքը ոստիկաններին և ոստիկանապետին ցուցարարների նկատմամբ ուժ չկիրառելն է: Նրա գնահատմամբ, ամեն ինչ կարելի է խաղաղ ճանապարհով էլ կարգավորել:

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի հավաստմամբ էլ մենք կամաց-կամաց բարձրանում ենք դեպի վեր: «1988-ից հետո աստիճանաբար գահավիժեցինք ներքև, հիմա տեսնում եմ, որ նորից կամաց-կամաց բարձրանում ենք դեպի վեր: Ջահելների ակտիվությունը շատ բաներ փոխեց: Ես կարծում եմ` սա իրոք հաղթանակ է,- ասաց Սադոյանը:

Ըստ նրա, ինչ կատարվում է ՀՀ բաշխիչ ցանցերում խայտառակություն է տիրում. «Մենք որդեգրել ենք այնպիսի քաղաքականություն, որը թույլ չի տալիս Հայաստանի էներգետիկայի զարգացումը, և դա արվում է Ռոբերտ Նազարյանի թույլտվությամբ»:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ կարծում է, որ մեր էներգետիկ համակարգը կաղ է, և շատ շուտով մենք ապրելու ենք մոմի լույսի տակ, ինչի հետևանքները կրելու ենք մենք և մեր երեխաները. «Մեր երկրում չի մշակվել էներգետիկայի առումով հեռանկարային ծրագիր: Չկա այդ աղբյուրը, որով մենք հոսանք ստանանք»:

Արփինե Թովմասյան




Լրահոս