Եվ այսպես` նախընտրական հիմնական բլեֆն արդեն հայտնի է. մինչեւ 2025թ. հայրենի կառավարությունը պատրաստվում է ստեղծել 250 հազար նոր աշխատատեղ: Այդ մասին երեկ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ կառավարությունը մշակել է «կայուն զարգացման նոր ծրագիր»: Թե իր վարչապետության հինգ տարիների ընթացքում քանի նման ծրագիր, ռազմավարություն ու հայեցակարգ է մշակել Տիգրան Սարգսյանը, դժվար է ասել, սակայն դրանցից հատկապես մի քանիսը` Գյումրին «նավահանգստային կենտրոն», Դիլիջանը` տարածաշրջանային Դավոս, իսկ Ջերմուկն էլ` երկրորդ Կուրշավեյլ դարձնելու ուտոպիկ զառանցանքները հանրությունը դեռ չի մոռացել: Այնպես որ, այս հերթական «ծրագրի» մասին դատողություններ անելիս արդեն իսկ պետք է հաշվի առնել Տիգրան Սարգսյանի մտքի անզուսպ թռիչքն ու անսպառ երեւակայությունը: Ընդ որում, կոնկրետ այս` 250 հազար աշխատատեղերի ծրագրի դեպքում, դա առավել քան անհրաժեշտ է, քանի որ եթե կառավարությունն ի վերջո իրականացնի այս ծրագիրը, ապա, փաստորեն, մինչեւ 2025 թվականը պետք է Հայաստան ներգաղթեն շուրջ 170 հազար սփյուռքահայ կամ օտարերկրացի գործազուրկներ: Բանն այն է, որ ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում այսօր կա ընդամենը 80 հազար գործազուրկ, հետեւաբար, նրանց աշխատանքի տեղավորման հարցը լուծելով` կառավարությունը ստիպված պետք է ձեռնամուխ լինի «Արի՛ գործի» նոր ծրագրի իրականացմանը, որպեսզի կարողանա ապահովել 250 հազար աշխատատեղի պահանջարկ: Աբսո՞ւրդ է: Ոչ ավելի, քան Տիգրան Սարգսյանի վերը նշված մնացած ծրագրերը:
Սակայն եթե փորձենք մի պահ, այնուամենայնիվ, լուրջ ընդունել Տիգրան Սարգսյանի ներկայացրած թվերը, ապա ստացվում է, որ 2014-2025թթ. ընթացքում կառավարությունը պետք է ստեղծի 240 հազար աշխատատեղ, քանի որ մնացած 10 հազարը, ինչպես արդեն գիտենք, ստեղծվելու է հաջորդ տարի: Եվ ստացվում է, որ ըստ կառավարության 2012-2017թթ. ծրագրի` 2014-2017թթ.` այսինքն չորս տարվա ընթացքում, ստեղծվելու է 90 հազար աշխատատեղ, իսկ ահա հաջորդող` 2018-2025թթ.` այսինքն` 8 տարվա ընթացքում, կառավարությունը ստեղծելու է ընդամենը 150 հազար աշխատատեղ: Եթե 150 հազարը բաժանում ենք 2-ի, ստացվում է 75 հազար, այսինքն` կառավարությունը գնալով ավելի վատ է աշխատելու ու ավելի քիչ աշխատատեղեր է բացելու: Բայց դա, վստահաբար, այս պահին Տիգրան Սարգսյանին այնքան էլ չի հուզում, մանավանդ որ դժվար թե շատերը խորանան նման հաշվարկների մեջ, կարեւորն այն է` որ ներկայացված 250 հազարը լավ է հնչում: Եւ հետո, մինչեւ 2025 թիվն ով մեռնի, ով կենդանի մնա:
«ԱՐԻ՛ ԳՈՐԾԻ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ