Փոխշահավետ համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների հետ փոխշահավետ համագործակցության քայլեր է ձեռնարկում:

Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարությունը և «ԵրՄՄԳ» ՓԲԸ-ն նախաձեռնել են  «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի ստեղծման նախագիծ, որի նպատակն է ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը` առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում, սերտորեն համագործակցելով ոլորտի մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ՝ ներգրավելով դրանց կենտրոնի կառավարման գործընթացում: Կենտրոնը կգործի 2015թ. 4-րդ եռամսյակից:

Ս.թ. հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի շրջանակներում ձևավորել է որակավորման հանձնաժողով` համակարգչային ծրագրավորողի մասնագիտությամբ ժամկետային պարտադիր զինծառայողների տեսական և գործնական գիտելիքները ստուգելու, ինչպես նաև 2015թ. ամառային զորակոչի ենթակա առավել պատրաստված թեկնածուներից մասնագիտական ընտրություն կատարելու նպատակով:

Մասնագիտական հատուկ հանձնաժողովը կազմված է ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից և ՏՏ ոլորտի ընկերությունների («ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ն, Synopsis, Unicomp, Ucom, T&S Dynamics, MIC-կենտրոն, Maysis) բարձրակարգ մասնագետներից:  Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են նաև զորակոչի ենթակա երիտասարդների գործատու ընկերությունների ներկայացուցիչներ (ՀՀ ԿԲ, Mentor Graphics, PicsArt, Synergy, BetConstruct, Rafa Solutions, OneMarketData, Antel, ISPRAS, X-Tech):




Լրահոս