Վարչապետն ընդունել է հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերությունների ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր Հայաստան են ժամանել «Հաղորդակցվել` հաղորդակցության ոլորտի բարելավման նպատակով» թեմայով մեդիահամաժողովի շրջանակում:

Վարչապետը ողջունել է Երևանում նման համաժողովի անցկացումը և նշել, որ դա լավ հնարավորություն է հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի զարգացման նոր ուղիների մշակման, փորձի փոխանակման, համագործակցության ընդլայնման և նոր ներդրումների ներգրավման համար: Ընդգծելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպությունների գործունեությունը մեր երկրում:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ մեդիաֆորումը հնարավորություն կտա փոխանակվել լավագույն փորձով, քննարկել համագործակցության հեռանկարները և ստեղծել նոր գործարար կապեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՏՏ ոլորտում համագործակցության ընդլայնման և խորացման շուրջ: Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ տեղեկատվական, հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների բնագավառում իրականացվող ծրագրերը և նշել, որ կառավարությունը շարունակելու է ոլորտի հետագա զարգացմանն ուղղված քաղաքականությունը: Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքից և արդյունքներից: Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները վերահաստատել են արդյունավետ համագործակցությունը շարունակելու, նոր ներդրումներ կատարելու և համատեղ նոր ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամությունը:

Նշենք, որ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ և աջակցությամբ, Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցիացիայի Լոնդոնի հաղորդակցությունների միջազգային ինստիտուտի կողմից 2015 թ. հունիսի 29-30-ը Երևանում անցկացվում է միջազգային մեդիահամաժողով՝ «Հաղորդակցվել հաղորդակցության ոլորտի բարելավման նպատակով» թեմայով: Ֆորումին մասնակցում են հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի կարգավորող մարմինների, մեդիաոլորտի առաջատար ընկերությունների, միջազգային կառույցների, Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռուստատեսային, ռադիո և կաբելային հեռարձակում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ:




Լրահոս