Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՈՎ ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-ն դժգոհ է իր առաջարկած քաղաքական օրակարգի շուրջ անցկացված խորհրդակցությունների առաջին փուլից. հատկապես խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու հարցում ՀՅԴ-ն առայժմ չի կարողացել ընդհանուր հայտարարի գալ ՀԱԿ-ի հետ: Սակայն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դեռ հույս ունի, որ ընդհանուր հայտարարի կգան:
-Որքան հայտնի է՝ ՀՅԴ-ն դժգոհ է իր անցկացրած քաղաքական խորհրդակցությունների առաջին փուլից: Ի՞նչն է խնդիրը:
-Բանակցությունների առաջին փուլից ստացված տպավորության արդյունքում մեր առաջարկած օրակարգի շուրջ լիարժեք համաձայնություն դեռ չի կայացել: Գործընթացն այս ընթացքում դեռ կարող է փոխվել, նոր էլեմենտներ առաջանան, բայց այս պահին տպավորությունը հետեւյալն է. առնվազն օրակարգի շուրջ լիարժեք համաձայնության չենք կարողացել հասնել: Հիմնական անհամաձայնությունը խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու դրույթի հետ է: Այն, որ իշխանությունները դեմ են այս համակարգին, հասկանալի է. դա իրենց համար կտրուկ փոփոխություն է ենթադրում: Բայց դրան դեմ է նաեւ ընդդիմությունից ՀԱԿ-ը: Մինչդեռ մենք վստահ ասում ենք՝ այս օրակարգով է հնարավոր երկրում իրավիճակ փոխել, շտկել: Եւ եթե գաղափարը չի ընդունվում, անիմաստ է խոսել մնացած հարցերի մասին:
-Խորհրդակցությունների երկրորդ փուլ անցկացնելո՞ւ եք, թե՞ ոչ, եւ հնարավո՞ր է՝ այդ հարցերը կրկին քննարկեք երկրորդ փուլում:
-Մենք բոլորին հստակ կերպով փոխանցել ենք մեր մոտեցումները, եւ հանդիպումների իմաստն էլ դա էր. մեր առաջարկած 7 կետերում վիճելու խնդիր չկա, մենք այդ հարցում չենք պատրաստվում որեւէ զիջման գնալ: Եթե համաձայն են այս օրակարգը ստանձնել որպես իրավիճակից ելք, կարող ենք միասին հայտարարել: Պետք է համաձայնությունը հայտարարել միասնականությամբ: Բայց նման պատրաստակամություն չի եղել: Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, մյուս բոլոր փուլերի մասին խոսելն անիմաստ է:
-Իսկ ի՞նչ եք անելու, եթե համաձայնությունը չկայանա:
-Եթե այդպես շարունակվի, մենք պարզապես կգնանք մեր ճանապարհով: Ինձ համար ի՞նչ տարբերություն՝ օրակարգն ով չի ընդունում: Իշխանություններն էլ չեն ընդունում մեր օրակարգը, դրա համար էլ ՀՅԴ-ն ընդդիմություն է իշխանություններին: ՀՅԴ-ն ընդդիմություն է՝ հենց այս օրակարգի հետ կապված: Օրակարգի շատ կետեր մենք պահանջել ենք, ամրագրել ենք, բայց դրանք մնացել են անկատար, ու այդ պատճառով մենք ընդդիմություն ենք:
-Այսինքն՝ միգուցե մնաք միայնա՞կ:
-Մենք հիմա էլ միայնակ ենք: Մինչեւ հիմա էլ մեր որդեգրած ճանապարհով միայնակ ենք գնացել: Իհարկե, ժամանակ առ ժամանակ, երբ իրավիճակը ստիպում է, շատերն ընկալում են, որ այս օրակարգը ճիշտ է: Այսօր էլ մասնակի հաջողություն կա: Չէի պատկերացնում, որ շատ ուժեր կարող են մեր օրակարգն ընդունել, գոնե մասնակի: Դա հույս է ներշնչում, որ այս գործընթացն առաջիկայում կհանգեցնի արդյունքների:
-Եթե այսօր խորհրդարանական կառավարմանն անցնելու հարցի շուրջ ոչ կոալիցիոն ուժերի միջեւ չկա համաձայնություն, արդյոք կարելի է ասել, որ ՀՅԴ-ն չի համագործակցի նրանց հետ:
-Առանձին հարցերում միշտ էլ հնարավոր է համագործակցություն: Մեր մոտեցումը հստակ է՝ սահմանում ենք մեզ համար գլխավոր օրակարգը, եւ դրա հետ կապված՝ եթե զուգամիտում, մոտեցումների համընկնում կա, կարող ենք այդ դաշտում համագործակցել: Մենք միշտ էլ դա արել ենք:
-Ձեր 7 կետերից ոչ մեկը չե՞ք պատրաստվում որոշ ժամանակ առկախել, զիջել, եթե տեսնում եք, որ կոնկրետ մի կետի շուրջ չկա համաձայնություն:
-Այստեղ սակարկելու բան չկա: Մենք ուզում ենք հարցերը սակարկման, հետկուլիսային վիճակից բերել ռացիոնալ դաշտ: Եթե այս հարցում մենք չենք կարողանում համաձայնել, երբ հրապարակ գան անձերը, ավելի մեծ տարաձայնություններ կառաջանան:
-Կարելի՞ է ասել, որ միասնական թեկնածուի գաղափարն արդեն օրակարգից դուրս է եկել, քանի որ արդեն իսկ նախնական փուլում կոնկրետ հարցերի շուրջ համաձայնություն չկա:
-Ո՛չ, չի կարելի այդպես միանգամից ասել: Ես այս պահի տպավորություններն եմ ասում: Վաղը կարող է պաշտոնապես որեւէ մեկն այս խնդրի հետ կապված այլ բան հայտարարի: Պարզապես ասում եմ, որ բանակցություններում հարյուրտոկոսանոց համաձայնություն չի եղել:

Զրուցեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ




Լրահոս