Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել են «Եռաբլուր» պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին: Այցելուները ծաղիկներ են դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Զորավարի շիրիմներին:
Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառմանը ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանն ընդգծել է, Արցախյան գոյամարտն այն պայքարն էր, որով հայ ժողովուրդը կարողացավ պահպանել իր արժանապատվությունն ու հայրենի հողի վրա ապրելու և արարելու իր իրավունքը: Նշելով, որ ցավոք, պատերազմում մարդկային կորուստներն անխուսափելի են, նախարարը հավելել է, որ մարտական գործողությունների ժամանակ եղել են նաև անհայտ կորածներ, որոնց ճակատագրերը մինչ օրս պատված են անհայտության մշուշով: Սեյրան Օհանյանը ներկաներին վստահեցրել է, որ իբրև ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ՝ ինքն անձամբ ու հանձնաժողովի անդամներն արել և անելու են առավելագույնը՝ լրացնելու համար անհայտ կորած ազատամարտիկների ճակատագրի բաց էջերը, սփոփելու և հնարավորության սահմաններում աջակցելու նրանց հարազատներին։
Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Սեյրան Օհանյանն այցելել է նաև 23 տարի առաջ անհայտ կորած ազատամարտիկներից մեկի՝ Արթուր Ղարիբյանի հարազատներին։ Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է ազատամարտիկի ընտանիքի հոգսերով ու խնդիրներով, խոստացել հնարավորինս աջակցել դրանց լուծմանը:
Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ պաշտպանական գերատեսչության ուշադրությունը լինելու է շարունակական, իսկ անհայտ կորած անձանց որոնման աշխատանքները, նրանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ տարվող որոնողական աշխատանքները չեն դադարելու, մինչև չպարզաբանվեն նրանց ճակատագրերին առնչվող բոլոր մանրամասները։