Արդեն 10 օր է` քաղաքացիական ակտիվիստները պայքարում են էլեկտրաէներգիյաի թանկացման դեմ: Նրանք մեկ շաբաթից ավել փակել էին Բաղրամյան պողոտան` պահանջելով Սերժ Սարգսյանից կասեցնել թանկացման որոշումը:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Բաղրամյան պողոտայում օրուգիշեր խաղաղ ակցիայի միջոցով ներկայացնում էին իրենց պահանջները, սակայն հունիսի 23-ին նրանց խաղաղ ակցիան դադարեցվեց ոստիկանության բռնությունով ու ջրցան մեքենայով: Դրանից հետո Բաղրամյան պողոտայում հավաքվեցին ավելի մեծ թվով քաղաքացիներ, հայտնի ու անհայտ մարդիկ, պատգամավորներ, հոգևորականներ, ովքեր խաղաղության կոչեր էին անում: Դրան ի պատասխան` Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ՀԷՑ-ում կիրականացվի աուդիտ, իսկ մինչ դրա ավարտը Կառավարությունն իր վրա կվերցնի ֆինանսական բեռը: Երևանում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքում էին ամեն տեղից, բոլորը, սակայն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն լուռ էր:
Կաթողիկոսի մամլո դիվան Տեր Վահրամ Քահանա Մելիքյանից փորձեցինք ճշտել` ինչու Կաթողիկոսը չի արձագանքում և որևէ կերպ չի փորձում կանգնել իր ժողովրդի կողքին: Մեր հարցին ի պատասխան` մամլո դիվանը ուղարկեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցը, որում, նրա խոսքով, դրան ևս անդրադարձ կա: «Գիտեք, այս օրերի ընթացքին իմ կողմից բազմիցս նշվել է, որ հոգևորականներս մեր առաքելությունն այստեղ իրականացնում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, և մեր ծառայությունն արդեն արտահայտում է այն դիրքորոշումը և ըմբռնումները, որ ունի Նորին Սրբությունը ծավալվող զարգացումների վերաբերյալ:
Առիթից օգտվելով՝ ուզում եմ մի դիտարկում ևս կատարել: Տարօրինակ է, որ տարբեր անձեր փորձում են Եկեղեցին հարմարեցնել իրենց պատկերացումներին, մի կողմից` ոստիկանապետը Եկեղեցու սպասավորներին հարցադրում է կատարում նրանց մոլորված լինելու մասին, մյուս կողմից` որոշ ակտիվիստներ մեղադրում են եկեղեցականներին իշխանություններից պատվիրակված լինելու մեջ, շատ հաճախ խոչընդոտում են նրանց հովվական գործունեությունը և այլն: Ոմանք էլ իրենց պատկերացումներից ելնելով, ինչպես արդեն իսկ Ձեր հարցադրման մեջ արտահայտում եք, պահանջում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսի, այս կամ այն գործողությունները ձեռնարկի: Այս ամենի մեջ ես տեսնում եմ մի կարևոր բացթողում. հավանաբար անդրադարձ չի կատարվում, որ Եկեղեցին ունի իր գործելակարգը, սկզբունքներն ու մոտեցումները և գործում է համապատասխանաբար: Հոգևորականները նստացույցերին առաքելությունն իրականացնում են Կաթողիկոսի օրհնությամբ. կարող ենք ասել, որ Մայր Աթոռը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մինչև այս պահը անհրաժեշտը իրականացրել է և շարունակելու է իրականացնել»,- ասել է Վահրամ քահանան:
Ամեն դեպքում` Կաթողիկոսը կարող էր օրինակ վերցնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինից, ով արձագանքեց և իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին, և ոչ թե հոգևորականներին Բաղրամայն պողոտա ուղարկելով` իր առաքելությունը համարեր ավարտված: