ՄԻՐԶԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԿՎ ՊԵՏԻ ԳՈՐԾԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսների ընթացքում Հայաստանում որոշակի գործընթացներ են տեղի ունենում` կապված Մոսկվայում կատարված մի սպանության, իսկ հետո Երեւանում աղմկահարույց քրեական գործ դարձած պատմության հետ: Խոսքը 6 տարի առաջ Մոսկվայում սպանված Ահմադ Հոտոյի Շարոյանի եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի դեմ հարուցված քրգործի մասին է, որը կարծես սկսել է տեղից շարժվել` պայմանավորված ինչ-ինչ հանգամանքներով:
Միմյանցից հեռու կատարված այս երկու դեպքերի միջեւ կապի մասին տեղեկանում ենք 2006-ին «Առավոտ»-ում տպագրված մի հրապարակումից: Ըստ այդմ` ՌԴ ՆԳՆ նախարար Ռ. Նուրղալիեւը հայաստանյան ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հիշատակել էր 2006թ. Ռուսաստանում շահադիտական նպատակներով կատարված սպանությունների մասին, այդ թվում` Ահմադ Շարոյանի. ապրիլի 20-ին Մոսկվայի Կեչերսկայա 15 ա հասցեում գտնվող շուկայում՝ իր աշխատատեղում, բազմաթիվ մարդկանց աչքի առաջ դանակահարել էին ՀՀ քաղաքացի 48-ամյա Ահմադ Շարոյանին: Դանակը 6 սմ խորությամբ մխրճել էին սիրտը, ինչի հետեւանքով ՀՀ ոստիկանության նախկին աշխատակիցը, արցախյան ազատամարտի մասնակիցը տեղում մահացել էր: Ու թեեւ ռուս իրավապահները պարզել էին, որ նրա վրա հարձակվողները եւ սպանողները եղել են 5 հոգի` Ռուստամ, Զադա, Ջամալ, Մրազ, Ամեն Սլոյանները, սակայն մեղավորներին չէին բռնել: Թերթը, հղում անելով իր աղբյուրներին, այդ հանգամանքը բացատրել էր Սլոյանների ազդեցիկ հորեղբոր` Միրզա Սլոյանի կապերով, որը նույն շուկայի տնօրենն էր եւ հաճախ էր իր եղբոր որդիների միջոցով շուկայի տարածքի վարձակալներից «նալոգներ» պահանջել: Այդ մասին թերթին հայտնել էր սպանվածի եղբայրը` նշելով, որ դեպքի օրն Ահմադի մոտ 30 000 դոլար է եղել, իսկ մինչ այդ հանցաշխարհի հետ կապ ունեցող Սլոյաններին եղբայրը մի քանի անգամ գումարներ է տվել, որպեսզի չանհանգստացնեն իրեն:
Սպանվածի հարազատները բողոքել էին, որ իրավապահները նույնիսկ սպանության գործիք դանակը չեն առգրավել: Ի դեպ, դանակի հետ կապված ուշագրավ առաջարկ էր արել Էջմիածնի Մուսալեռ գյուղում գտնվող Սլոյան ավագը. ըստ թերթի` նա իր ազգականների միջոցով հայտնել էր Շարոյաններին, թե «դանակն իմ մոտ է, կհանձնեմ ձեզ, որ ձեր ձեռքով սպանեք մեղավորին, պայմանով, որ մնացած 4-ին ձեռք չեք տա»: Սակայն տուժողները պատասխանել էին, որ չեն ուզում՝ «արյունն իրենց դռանը լինի»: Սակայն ՀՀ ԱԱԾ-ում ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի դեմ հարուցված քրգործից պարզ է դառնում, որ Շարոյանները, այնուամենայնիվ, ցանկացել են վրեժ լուծել Սլոյաններից, բայց Ս. Հովհաննիսյանի միջոցով: Այն ժամանակ Ջամալ Սլոյանը գտնվել է վերջինիս հսկողության տակ «Արթիկ» ՔԿՀ-ում: Եւ ըստ քրգործի տվյալների ու մամուլի հրապարակումների` Ս. Հովհաննիսյանը ստանձնել է սպանության պատվերն իրականացնելու միջնորդի դերը. նախկինում դատապարտված իր ծանոթի միջոցով նա գտել է մեկ այլ բանտարկյալի` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պատիժը կրող Ա. Խուրշուդյանին, որը համաձայնել է 7500 դոլարով կատարել պատվերը. այնպիսի խտության թմրանյութ պատրաստել եւ ուղարկել «Արթիկ» ՔԿՀ` Ջ. Սլոյանին, որ նա թունավորվի: Նման մահվան դեպքերը սովորաբար սպանության կասկած չեն առաջացնում, եւ դրանցով չեն էլ հետաքրքրվում:
Բայց, փաստորեն, ծրագիրը ձախողվել է, եւ չգիտես ինչու, այդ մասին հայրենի իրավապահները հիշել են 5-6 տարի անց, երբ Ս. Հովհաննիսյանն արդեն վաղուց ՔԿՎ պետ չէր: Նրան ձերբակալեցին ս. թ. հունիսին եւ մեղադրանք առաջադրեցին մի խումբ անձանց հետ պատվերով սպանություն նախապատրաստելու համար: Հետո որպես վկա ԱԱԾ հրավիրեցին «Առավոտ»-ի հրապարակման հեղինակ Ռ. Մինասյանին: Նոյեմբերի կեսերին էլ ԱԱԾ-ն հետախուզում հայտարարեց սպանված Ահմադի եղբայր Մրազ Շարոյանի նկատմամբ Ջ. Սլոյանի մահափորձը կազմակերպելու համար:
Իսկ օրեր առաջ ԱԱԾ-ն տեղեկացրեց սույն գործով անցնող ՔԿՀ նախկին աշխատակից Արկադի Սուքիասյանի մասին. ԱԱԾ-ն ավարտեց Ա. Սուքիասյանի կողմից ապօրինի կերպով զենք ձեռք բերելու եւ պահելու մասով քննությունը, նրա վերաբերյալ գործն անջատեց առանձին վարույթ եւ ուղարկեց դատարան: Նրա դերակատարությունը մեղադրանքում հստակ չի երեւում. չի բացառվում, որ նա ՔԿՀ-ում մահափորձի հետ կապված կազմակերպչական գործողություններն իրականացնողներից լինի: Այդ գործընթացները տեղի ունեցան եզդիների համար կարեւոր իրադարձության ֆոնին. սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում տեղի ունեցավ «Եզդիների սրբատեղի» նորակառույց տաճարի բացումը: Տաճարի հովանավորը մոսկվայաբնակ գործարար Միրզա Սլոյանն էր, ում շուրջն էին հավաքվել հայ պաշտոնյաներ, նաեւ աշխարհի եզդիները` տարբեր երկրներից: Եզդիների հոգեւոր առաջնորդ Միր Թասիմ Բեկը բարեմաղթանքի խոսքում նշել էր նաեւ Մ. Սլոյանի՝ Հայաստանում կատարած վերջին բարեգործությունների մասին:
Հ.Գ. 2006-ին մամուլում տեղեկություններ կային, որ Միրզան ունի 30-ից ավելի բնակարաններ, ամառանոցներ, ավտոմեքենաներ եւ սերտ կապեր Մոսկվայում` Բորիս Բերեզովսկու մերձավորագույն շրջանակների հետ: Չի բացառվում, որ Մ. Սլոյանի հենց այս կշիռն ու միջոցառումներն էլ ճակատագրական են դարձել Ս. Հովհաննիսյանի դեմ քրգործ հարուցելու հարցում: ՔԿՎ բոլոր պետերի պաշտոնավարման ժամանակ էլ եղել են դատապարտյալների կասկածելի մահեր, բայց Ս. Հովհաննիսյանի տրամաչափի ոչ մի պաշտոնյա չի ենթարկվել պատասխանատվության:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս