Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց մեծ աղմուկ բարձրացրած Մատաղիսի գործի քննությունը: Երկու զինծառայողների՝ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության գործը, որում մեղադրվում են երեք երիտասարդներ՝ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանն ու Ռազմիկ Սարգսյանը, հասել է վիճաբանությունների փուլին: Նախորդ դատական նիստին պետմեղադրողների կողմից ներկայացվել էր մեղադրական ճառի մի փոքր մասը, իսկ շարունակությունը ներկայացնելու համար նրանք խնդրել էին ընդմիջել նիստը: Երեկ՝ մինչ մեղադրական ճառի շարունակությունը ներկայացնելը, պետմեղադրողները դատաքննությունը վերսկսելու միջնորդություն ներկայացրին, քանի որ նրանց կողմից կայացվել էր որոշում մեղադրանքները փոխելու մասին: Ըստ այդ որոշման՝ մինչ այդ հարուցված մեղադրանքները` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին, 5-րդ եւ 7-րդ կետերով՝ դիտավորյալ սպանություն, պետք է փոխել 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 14-րդ կետերով՝ անզգույշ սպանություն ¥պատժվում է 5-10 տարի ժամկետով):
Այդ որոշման պատճենները մեղադրյալներին եւ տուժողների իրավահաջորդներին ներկայացնելու համար դատական նիստը նախ ընդմիջվեց 5 րոպեով, ապա 1 ժամով: Որոշմանը ծանոթանալուց հետո ամբաստանյալներն իրենց խոսքում նշեցին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում:
Մեղադրյալների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ այդ որոշմամբ փաստական կողմը փոփոխության չի ենթարկվել, փոփոխվել է միայն որակումը. «Մենք պատրաստ ենք դատական վիճաբանություններին: Ուզում ենք շարունակել դատավարությունը»:
Ի վերջո, մեղադրական կողմը ներկայացրեց մեղադրական ճառը՝ պահանջելով 7-8 տարվա ազատազրկում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ 2006թ. դեկտեմբերին ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացույցները բավարար չեն, եւ ազատ է արձակել տղաներին: Այսօր նույն այդ գործով հոդվածների փոփոխությունը նրա համար անբացատրելի է, քանի որ այս դեպքում եւս մեղադրանքի հիմք չկա. «Էս երիտասարդները սպանության, մահվան հետ առնչություն չունեն: Դատախազությունը, տեսնելով անհերքելի ապացույցները, որոնք հիմնավորում են, որ երիտասարդները անմեղ են, պետք է որոշակի փրկի իր դեմքը: Սա ոչ թե արդարադատություն է կամ իրավական գործընթաց, այլ զուտ առեւտրային մոտեցում, որով տղաների 3 տարի նստելու պատասխանը պետք է տան: Նրանց նստած լինելը կհիմնավորվի այս հոդվածով: Մյուս կողմից էլ դատարանը կորոշի տալ նվազագույն պատիժ, մարդիկ կգտնվեն փաստացի ազատություն մեջ, բայց որպես մեղավոր»:
Ա. Սաքունցի կարծիքով՝ այս ամենը արվում է նրա համար, որ Իվան Գրիգորյանին, որը այս գործի իրական մեղավորն է, հեռու պահեն պատասխանատվությունից. «Խոսել, որ մեղադրանքի ծավալը փոխեցին, հոդված փոխեցին, անմտություն է: Մենք չենք մտնի արհեստական, կեղծ դաշտ եւ սկսենք այնտեղ դատողություններ անել: Դատարանը պետք է տղաներին ճանաչի անմեղ, ինչպես անմեղ է ճանաչել ՀՀ վճռաբեկ դատարանը»:
Նշենք, որ մեղադրյալ Ա. Զարյանը հասցրել է ստանալ իրավաբանական կրթություն եւ այժմ աշխատում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակում:
Գյումրի