Հայաստանի շատ համայնքներում, այդ թվում նաեւ սահմանամերձ, եկեղեցիներ չկան: Բացի այդ, կցված քահանաները չեն հասցնում լինել տարբեր համայնքներում եւ զրուցել մարդկանց հետ: Սակայն դա կարծես թե չի հուզում Մայր աթոռին, որը, բացի քահանաների արագացված դասընթացներ կազմակերպելուց, համայնքներում եկեղեցիներ կառուցելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկում: Փոխարենը Երեւանում եւ Էջմիածնում ավելանում են նորաշեն եկեղեցիները:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում կա 792 հազար 600 ընտանիք: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 1000 ընտանիքին պետք է սպասարկի մեկ եկեղեցական, ապա մեր երկրում պետք է լինի շուրջ 7 հազար 900 հոգեւորական: Սակայն, պաշտոնական տվյալներով, նրանց թիվը ՀՀ-ում չի գերազանցում 2700-ը:
Այս առիթով զրուցեցինք Արմավիրի եւ Տավուշի մարզերի մի քանի համայնքապետերի հետ եւ պարզեցինք, որ տեղաբնակները եկեղեցու եւ հոգեւորականների կարիք են զգում: Արմավիրի մարզի Բագարան գյուղի համայնքապետ Գեւորգ Մարգարյանն անկեղծացավ՝ պատմելով, որ մի քանի օր առաջ մարդիկ են եկել, ներկայացել, թե եկեղեցուց են եւ ցանկացել են տանել 6-րդ դարի խաչքարերը, սակայն նա թույլ չի տվել: «Երկու խաչքար ունենք, որոնք տեղադրված են գյուղ մտնող ճանապարհին, բայց արի՛ ու տես, որ մի քանի օր առաջ եկել էին, որ տանեին դրանք: Ի՞նչ եք կարծում, այստեղ եկեղեցի կկառուցվի՞, թե՞ ոչ»,-վրդովված պատմեց գյուղապետը: Նա մեզ տեղեկացրեց, որ այս տարածքում Շուշան կոչվող եկեղեցի կա, միայն թե այն չի գործում, քանի որ կիսաքանդ է: Նրա խոսքով՝ գյուղացիները շատ են զգում եկեղեցու կարիք եւ ամեն անգամ ստիպված են հարսանեկան կամ մկրտության նպատակով հասնել Բամբակաշատ գյուղ կամ Արմավիր քաղաք: «Մեզ կպած քրդական գյուղեր են, ու ցավալի է, որ մենք ամեն անգամ ստիպված լսում ենք նրանց մոլլայի երգը: Դրա փոխարեն լավ կլիներ՝ լսեինք եկեղեցու զանգերի ղողանջը: Իսկ քահանա միայն թաղման արարողակարգերին ենք բերում»,-նկատեց Մարգարյանը:
Փաստորեն, այս գյուղին կա՛մ ոչ մի քահանա կցված չէ, կա՛մ էլ կցված է, բայց ֆիզիկապես երբեւէ չի հասցրել այցելել գյուղ` շփվելու, զրուցելու մարդկանց հետ:
Իսկ Բագարանի հարեւան գյուղի` Երվանդաշատի համայնքապետ Հովնան Ավետիսյանի խոսքով՝ համայնքում առաջիկայում եկեղեցի կկառուցվի: «Դրա մասին մտածում ենք, որովհետեւ ցանկացած հայ մարդ էլ եկեղեցու կարիք ունի: Իսկ հարսանեկան արարողությունների ժամանակ, եթե աղջիկը դրսից է, ապա բախտները բերում է, միանգամից մտնում են Բամբակաշատի եկեղեցի ու գալիս են: Կապ կա մեր թեմի հետ, եւ մկրտությունների ժամանակ քահանան անպայման գալիս է»,-ներկայացրեց Ավետիսյանը:
Տավուշի մարզի Ջուջեւան համայնքում եւս եկեղեցի չկա, սակայն գյուղապետ Ժորա Չիլինգարյանի խոսքով՝ մարդիկ դրա կարիքը այդքան էլ չեն զգում. «Շատ հին ժամանակներից էլ մեր կողմերում եկեղեցու դերն այդքան էլ չի գնահատվել: Բայց ինչո՞ւ ոչ, լավ կլիներ, որ լիներ»:
Խնդրի առնչությամբ զրուցեցինք նաեւ տեր Եսայի քահանա Արթենյանի հետ, որը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այդ բացը լրացնելու համար եկեղեցին կազմակերպել է քահանայի պատրաստման կուրսեր, դասընթացներ, որտեղ երկու-երեք ամսվա ընթացքում բարձրագույն կրթություն ստացած մարդիկ կարող են սովորել եւ դառնալ քահանաներ: «Ամբողջ Հայաստանի տարածքում, ամենուր, նաեւ սփյուռքում քահանայի պակաս կա: Պատճառներից մեկն էլ այն է, որ ճեմարանի դիմորդների թիվը պակասել է: Բացի այդ, բոլոր դիմորդները չէ, որ այն ավարտելուց հետո դառնում են քահանա: Շրջան չկա, որտեղ քահանա կցված չլինի, պարզապես հնարավոր է, որ մեկ քահանային բաժին հասնի 5, 10 կամ 20 գյուղ: Բնականաբար, այդ մեկ քահանան դժվար թե կարողանա ֆիզիկապես հասցնել ամեն շաբաթ բոլոր գյուղերում լինել, բայց փորձում են հնարավորինս, գոնե ամիսը մեկ կամ ինչքան ֆիզիկապես հնարավոր է, գյուղերում կամ հովվական տարածքներում անպայման լինել»,-պարզաբանեց տեր Եսային:
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՔԱՀԱՆԱՅԻ ԿԱՐԻՔ ԵՆ ԶԳՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ