«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էլէներգիայի թանկացման դեմ ընթացող նստացույցի շուրջ վերջին երեք օրերին իրադարձությունները բավականին բուռն զարգացան: Նախ՝ շաբաթ օրր նախագահական նստավայրը տարածեց Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ տնտեսական ոլորտի գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ: Ըստ այդմ, պարզվեց, որ իշխանությունները ժամանակավոր լուծում են գտել.
«Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունում միջազգային աուդիտ անցկացվի` պարզելու՝ արդյոք արդարացվա՞ծ է էլէներգիայի սակագնի թանկացումը: Մինչեւ աուդիտի ավարտը էլէներգիայի սակագինը չի բարձրանա, իսկ 6,93 դրամ տարբերությունն այդ ընթացքում կփոխհատուցի Հայաստանի Կառավարությունը: Սերժ Սարգսյանի ելույթի հաջորդ օրը` կիրակի, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, որոնք փաստացի հանդես էին գալիս, որպես նստացույցի կազմակերպիչ եւ համակարգող, հայտարարեցին բողոքի ցույցը Ազատության հրապարակ տեղափոխելու մասին: Սակայն նրանց հետեւից նստացույցի մի քանի հարյուր մասնակից գնաց, դրա համար էլ երեկ որոշվեց դադարեցնել փողոցային պայքարը:
Նստացույցը մասնատվեց, բայց հիմնական մասը շարունակեց մնալ Բաղրամյան պողոտայում` արդեն առանց համակարգողների: Կողմերը սկսեցին իրար դավաճան անվանել: Եւ երեկ արդեն սկսեցին նշմարվել նոր «համակարգողները», որոնց 10 օր է՝ որեւէ մեկը չի տեսել: Երեկոյան արդեն մասնակիցների թիվը՝ նախորդ օրերի համեմատ, էապես նվազել էր: Եթե այսպես շարունակվի, ապա նստացույցը մեկ-երկու օրից ավել այլեւս չի տեւի, եւ բռնություն գործադրելու անհրաժեշտություն էլ չի առաջանա: Իշխանությունը գործեց իր ոճով՝ բաժանեց ցուցարարներին եւ տիրեց իրավիճակին՝ կոտրելով պայքարի ողնաշարը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: