ԹԶՈՒԿՆԵՐԻ ՀԱՐՍԱՆԻՔ
«Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի է ունեցել թզուկների հարսանիք»,-հայտնում է Daily Mail-ը: Ամուսնացող 7 զույգերը եղել են 21-27 տարեկան, որոնք միասին են աշխատում: Նորապսակներից ամենաբարձրահասակը 1 մ 30 սմ է, իսկ ամենացածրահասակը՝ 99 սմ: Բոլոր զույգերը փոխանակվել են ամուսնական մատանիներով եւ հավատարմության երդում տվել միեւնույն ժամանակ: Այնուհետ երջանիկ լիլիպուտները հեռացել են 7 կարմիր սպորտային մեքենաներով:
ՊԱՐՏՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Չինաստանի բնակչուհին ինքնահրկիզվել է պարտքի պատճառով: Կինը դյուրավառ նյութ է լցրել իր վրա, հանել կրակայրիչը եւ այրել հագուստը: Դեպքի վայր հասած շտապօգնության աշխատակիցները կնոջը հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ինչպես ավելի ուշ պարզվել է, չինուհին այդպիսի քայլի է գնացել՝ ֆինանսական խնդիրներից դրդված: Չկարողանալով վճարել 300 ԱՄՆ դոլարի պարտքը` նա դիմել է ընկերոջը: Մերժում ստանալուց հետո դիմել է ինքնասպանության:
ՕՁԸ՝ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ
Եգիպտական «Egypt Air» ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Հուրգադայի օդանավակայանում, երբ ուղեւորներից մեկի ճամպրուկում գտնվող կոբրան փախել է եւ մտել ուղեւորների սրահ: Տերը փորձել է բռնել վերջինիս, ինչի արդյունքում օձը կծել է տիրոջը: Ուղեւորները, տեսնելով, թե ինչպես է թունավոր օձը սողում, հարձակվել են օձի վրա եւ ոտքերով տրորել նրան: Օդաչուն ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել: Տուժածը, որը Հորդանանի քաղաքացի է, տեղափոխվել է հիվանդանոց: