ՀԱՐՑ. Երբ մարզեր մեկնող միկրոավտոբուսների կայանատեղին «Այրարատ» կինոթատրոնի մոտակայքից տեղափոխվեց Կիլիկիա թաղամասի ավտոկայան, քաղաքապետարանի հասարակական տրանսպորտի վարչությունից հավաստիացնում էին, որ կբացվեն նոր երթուղիներ, որոնք մայրաքաղաքի հեռավոր թաղամասերը մի գծով կկապեն ավտոկայանի հետ: Մասնավորապես Ավանից չկա ուղիղ երթուղի. արդյոք նախատեսվում է եւ ե՞րբ կլինի:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման՝ աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ կենտրոնական ավտոկայարանը սպասարկվում է թվով 14 միկրոավտոբուսային երթուղիների եւ ավտոբուսային հ. 31 երթուղու միջոցով: Նոր երթուղային ցանցով նախատեսված է նշված 14 երթուղիներից 5-ը (հ. 15, 67, 75, 99, 100) փոխարինել ավտոբուսայինով:
Միաժամանակ նշվում է, որ գործնականում հնարավոր չէ մայրաքաղաքի բոլոր թաղամասերը կապել կենտրոնական ավտոկայարանի հետ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հասկանալի է, որ ավելի օրիգինալ պատասխան, քան «հնարավոր չէ»-ն է, քաղաքապետարանի պաշտոնյաները չկարողացան գտնել, բայց եթե նրանք թույլ տան իրենց մեկ-մեկ էլ իջնել սեփական կամ ծառայողական ավտոմեքենաներից ու օգտվել իրենց ղեկավարած տրանսպորտային միջոցներից, միգուցե լուծումնե՞ր գտնեն: Գիտակցո՞ւմ են նրանք, որ խոսքը մայրաքաղաքի միակ կենտրոնական ավտոկայանի մասին է, որտեղ հասնելու համար մարզեր մեկնող-վերադարձող հազարավոր ուսանողներն ու մնացած քաղաքացիները ստիպված են լինում մի քանի տրանսպորտ փոխել: