Հայաստանում շուտով գործարկվելու է «Էլեկտրոնային հայցադիմում» համակարգը, որի ներդրման անհրաժեշտությունը բխում է 2012 թ. հունիսի 30-ին ՀՀ նախագահի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների միջոցառումների ցանկից»: Համակարգի ներդրման հիմնական նպատակը քաղաքացիական գործերով հայցադիմումների էլեկտրոնային ներկայացման հնարավորության ապահովումն է: Համակարգի միջոցով քաղաքացիները կկարողանան հայցադիմումը դատարան ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Այն էապես կբարելավի հանրությանը մատուցվող ծառայությունների որակը, կնվազեցնի թղթային փաստաթղթաշրջանառությունը, կխնայի հանրային և մասնավոր միջոցները` ժամանակի և ֆինանսական առումով:
«Էլեկտրոնային հայցադիմում» համակարգը նշանակալի է նաև այն առումով, որ անձը հնարավորություն է ստանում ոչ միայն հայցադիմումը դատարան ներկայացնել էլեկտրոնային եղանակով, այլ նաև ստանալ տեղեկություններ դատական գործընթացի վերաբերյալ: DataLex-ին (դատական տեղեկատվական համակարգ) կից գործող համակարգը նաև ունենալու է լրացուցիչ գործիքներ, ինչպիսիք են՝ հայցվորի անձնական տիրույթը, որում ներկայացված են լինելու հայցվորի կողմից ներկայացված հայցերի ընթացքը, դատական նիստերի ժամանակացույցը և այլն: