Երևանի զարգացման ծրագրերում որպես գերակայություն առանձնացնելով վթարային շենքերում ապրող բնակիչների խնդիրը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատանքներում ներառվեց նաև 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ծրագիրը: Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սիսակյան 16 և Մարգարյան 45 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինհրապարակներ, որտեղ ընթացող աշխատանքներն արդեն ավարտական փուլում են:
Ներկայացնելով ծրագրի ընթացքը` պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն ընթնանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել աշխատանքների որակն ու գործն ավարտել նախատեսված ժամկետներում, որպեսզի վթարային շենքերում ապրող բնակիչներն օր առաջ տեղափոխվեն անվտանգ ու հարմարավետ բնակարաններ: Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետն ընդգծել է, որ չորս նոր շենքերի կառուցմամբ, ըստ էության, ամբողջությամբ լուծում է ստանում 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարաններով ապահովման խնդիրը:
«Մեր այս բնակիչների խնդիրը մշտապես եղել է քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում, ու հատկապես վերջին տարիներին այդ ուղղությամբ մենք հստակ քայլեր նախաձեռնեցինք: Նախ դեռ 2012 թվականին իմ որոշմամբ ստեղծվեց այդ շենքերի բնակիչների վերաբնակեցման հանձնաժողովը, որը տեղերում գույքագրեց առկա պահանջարկը և մենք հստակ պատկեր ունեցանք, թե ինչ ծավալներ են անհրաժեշտ խնդրին վերջնական լուծում տալու համար: Ըստ այդմ պարզ դարձավ, որ այդ պահի դրությամբ ավելի քան 650 բնակարանի անհրաժեշտություն կա: Խնդիրը նաև Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում էր, ու մենք կառավարության հետ համատեղ Սիսակյան 22 և Մարգարյան 37 հասցեներում բազմաբնակարան շենքեր կառուցեցինք և 2013-ին, ըստ էության, լուծեցինք առաջնահերթ վերաբնակեցման ենթակա 200 բնակարանների խնդիրը: Ի դեպ, Սիսակյան 22 շենքը կառուցվել էր բացառապես համայնքային բյուջեի միջոցներով:
Անցյալ տարի կառավարության հետ համատեղ նախաձեռնեցինք ևս 4 բազմաբնակարան շենքերի կառուցումը: Ձեզ հետ միասին մենք անցյալ տարի եղանք այս շինհրապարակներում, երբ աշխատանքները դեռ նոր էին սկսել և այսօր, ինչպես տեսնում եք, այդ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Ու մինչև տարեվերջ այս շենքերից շուրջ 450 նոր բնակարանները հանձնելով շահառու ընտանիքներին՝ մենք, ըստ էության, ամբողջությամբ լուծում ենք 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարաններով ապահովման խնդիրը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակում բնակարանները բնակիչներին հանձնվում են նորոգված, ջեռուցման անհատական համակարգով ապահովված ու բնակության համար պատրաստի վիճակում: