ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հրավիրված Կառավարության նիստում հայտարարեց, որ իշխանությունները չեն պատրաստվում չեղարկել էլէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը:
Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ եթե էլէներգիայի սակագինը չբարձրանա, ապա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կշարունակի չվճարել արտադրող կայաններին: «Արդյունքում` կունենանք շղթայական ռեակցիա, որը տնտեսության վրա կունենա անդառնալի հետեւանքներ: Այսօր անցյալում թվացող հովհարային անջատումները շատ արագ կդառնան առօրյա»,- սպառնում է վարչապետը: Իսկ ո՞վ է ստեղծված իրավիճակի համար մեղավոր, ո՞ւմ աջակցությամբ է ՀԷՑ-ը անկաշկանդ թալանել համակարգը: Բայց այս պահին մի կողմ թողնենք պատասխանատուի հարցը եւ անդրադառնանք Հովիկ Աբրահամյանի հնչեցրած տվյալներին: Նա ասում է, որ 2007 թվականից առ այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ի կողմից ներկայացված ծախսերից ավելի քան 22 մլրդ դրամը չի ընդունել եւ սակագների հաշվարկների միջից հանել է: Բայց անկախ նրանից՝ ՀԾԿՀ-ն այդ ծախսերն ընդունել է, չի ընդունել, սակագնի հիմքում հաշվել է, չի հաշվել, միեւնույն է՝ անարդյունավետ ծախսը կատարվել է, եւ հենց դրանով է պայմանավորված խոշոր պարտքեր կուտակելու փաստը: Այսինքն՝ այդ 22 միլիարդ դրամը, որը իբր թե չի հաշվարկվել, իրականում ՀԷՑ-ի ներկա վիճակի, հետեւաբար նաեւ այսօրվա բարձր սակագնի պատճառներից է:
Հաջորդը՝ Հովիկ Աբրահամյանն ասում է. «Մեկ այլ օրինակ՝ սպառողի եւ տեսուչի միջեւ հանցավոր համաձայնության հետեւանքով առաջացած կորուստները եւս չեն ընդգրկվում սակագնի հաշվարկում»: Այս հավաստիացումը, մեղմ ասած, կատարյալ սուտ է: ՀԷՑ-ը, որպես կանոն, վերջին տարիներին ներկայացնում է 13-ից 14 տոկոս կորուստ, որից ՀԾԿՀ-ն սակագնի հիմքում հաշվարկում է 12 տոկոսը: Վարչապետը համոզված է, որ այդ 12 տոկոս կորուստի, ասենք, 2 կամ 3 տոկոսը հենց սպառողի եւ տեսուչի հանցավոր համաձայնության հետեւանք չեն: Կամ վարչապետն ասում է՝ հանցավոր համաձայնությանը դեմ են, իսկ դատարաններում եւ ոստիկանությունում ամեն ինչ անում են, որպեսզի ՀԷՑ-ը հնարավորություն ունենա՝ առանց պայմանագրի, կանխիկով «լեվի» էլէներգիա վաճառի: Այսինքն՝ վարչապետի հայտարարությունն ու իրականությունն իրար հետ ընդհանրապես կապ չունեն:
Վարչապետը որպես սակագնի բարձրացման հիմնավորում կրկնում է ՀԷՑ-ի կուտակած պարտքերից 23 միլիարդ դրամի վերաբերյալ հայտնի պատմությունը, այն է, որ այդ գումարը գոյացել է 2013 թվականի սակավաջրության եւ նույն տարում «Հայաստանի ատոմային կայանի» սովորականից 88 օր ավել կանգնելու պատմությանը: Հովիկ Աբրահամյանը մատնանշում է օրենսդրության այն դրույթը, ըստ որի՝ օբյեկտիվ գործոններով պայմանավորված վնասները պետք է փոխհատուցվեն: Բայց ողջ խնդիրն այն է, որ ՀԷՑ-ի, այսպես կոչված, «օբյեկտիվ գործոններով պայմանավորված» վնասները պետք է փոխհատուցվեն 3 տարում: Ի սկզբանե այդ վնասը կազմել է 37 մլրդ դրամ, էլէներգիայի 2014-ի թանկացումից հետո այդ վնասից մոտ 14 մլրդ-ը փոխհատուցվեց: Այսինքն՝ գործող, չբարձրացված սակագնով այդ վնասը առաջիկա երկու տարում կփոխհատուցվեր: Այլ կերպ ասած՝ այս դեպքում էլ Հովիկ Աբրահամյանը, մեղմ ասած, խաբում է Հայաստանի հանրությանը՝ փորձելով այդ կերպ հիմնավորել էլէներգիան թանկացնելու իրենց որոշումը:
Հովիկ Աբրահամյանն իր խոսքի վերջում հպարտությամբ հայտարարել էր, թե իրենք հաշվել են եւ եկել են այն եզրակացության, որ սակագնի բարձրացման արդյունքում էլէներգիայի մասով ընտանիքի ծախսը կավելանա 1400 դրամով: Իրենք էլ որոշել են այդ ծախսը փոխհատուցել՝ անապահովության նպաստը 2 հազար դրամով ավելացնելով: Անապահովության նպաստը 17 հազար դրամից կդառնա 19 հազար դրամ: Բայց ողջ խնդիրն այն է, որ էլէներգիայի թանկացման արդյունքում Հայաստանում շղթայական ամեն ինչ կթանկանա, եւ դժվար թե Հովիկ Աբրահամյանն այս մասին չգիտի: Էլէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում ընտանիքի մինիմալ ծախսերը կավելանան ոչ թե 1400 այլ 30-ից 40 հազար դրամով: Սակայն վարչապետն այս թեմային ընդհանրապես չի անդրադարձել` շրջանցելով այն:
Սակայն այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ եւս մեկ անգամ արձանագրում ենք, որ ՀՀ իշխանությունները ՀԷՑ-ից, մեղմ ասած, վախենում են եւ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի այդ ընկերության ցանկությունն իրագործեն: Կարող է թվալ, թե այս երեւույթը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀԷՑ-ը ռուսական ընկերություն է: Սակայն կարծում ենք, որ այստեղ այլ պատճառներ կան: Կապ չունի՝ ՀԷՑ-ը ռուսական է, թե հայկական, եթե ՀՀ իշխանություններն անմասն լինեին այդ ընկերության կողմից մոտ 200 մլն դոլար փոշիացնելու պատմությանը, ապա նրանք հաստատ իրենց այսպես վախվորած չէին պահի: Նույն Հովիկ Աբրահամյանը եւ մյուս պաշտոնյաները չեն հերքում, որ ՀԷՑ-ի կողմից վատնումներ են եղել, բայց բոլորը խուսափում են դրանց առարկայական անդրադառնալ: Նույն Հովիկ Աբրահամյանը, չգիտես ինչու, ՀՀ գլխավոր դատախազին չի հանձնարարում քննել եւ պարզել, թե ՀԷՑ-ի տնօրինության գործունեության արդյունքում որքան վատնում է եղել, եւ ով է դրա համար պատասխանատուն: Պատճառը շատ պարզ է: Եթե ՀՀ իշխանությունները «բզբզեն», ապա ՀԷՑ-ը կարող է փակագծերը բացել եւ պատմել, թե ում հետ եւ ինչպես են գումարները փոշիացրել, որից հետո կպարզվի, որ Հայաստանի բազմաթիվ պաշտոնյաների դերակատարությունը թալանի գործում ավելի նշանակալի է եղել, քան պատկերացնում ենք:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԻՐԵՆ Է ԳՈՎՈՒՄ
ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը երեկ, սովորության համաձայն, սկսեց կայքերով տարածել ինքն իր հետ անցկացրած հարցազրույցները: Այդ տեքստերով նա փորձում էր իրեն գովել: Բանն այն է, որ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցում ի սկզբանե նշված էր, թե «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը», ինչը ԵԽԽՎ նիստում քվեարկության միջոցով վերափոխվեց: Հակահայկական ձեւակերպումը նշված զեկույցում տեղ էր գտել հենց Հերմինե Նաղդալյանի պատճառով: Եւ Հայաստանի դիվանագետներին մեծ դժվարությամբ հաջողվեց լուծել խնդիրը: Սակայն Նաղդալյանը փորձում է այնպես ներկայացնել, թե իբր հակահայկական ձեւակերպումը զեկույցի վերջնական տեքստից հանելը հենց իր ձեռքբերումն է եղել: Մինչդեռ բոլորին է հայտնի, որ Հերմինե Նաղդալյանի միակ ձեռքբերումն այն է, որ նա պետբյուջեի միջոցների հաշվին տարեցտարի միլիոնավոր դոլարներ է կուտակում:
ԷԼԻ ԿՀԱՄՈԶԻ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն պատրաստվում է այսօր գործադիր մարմնի նիստ հրավիրել: ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստերը սովորաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին, բայց օրը փոխվել է, քանի որ Սերժ Սարգսյանն այս օրերին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ նիստին: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվելու է արդեն մեկ շաբաթ Երեւանում շարունակվող նստացույցի հարցը: Բացառված չէ, որ նիստից հետո Սերժ Սարգսյանը կրկին ցանկանա հանդիպել նստացույցի մասնակիցների հետ:
Հիշեցնենք, որ մինչեւ Բրյուսել մեկնելը նստացույցի մասնակիցների եւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը վերջինիս համար այդքան էլ «հաճելի» չստացվեց, քանի որ ցուցարարները հայհոյախառը վանկարկումներով նրանից պահանջեցին հեռանալ:
ԴԵՌ ՉԻ ԽՈՍՈՒՄ
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն բավական ժամանակ է՝ վերադարձել է Արեւմտյան Հայաստանից: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա իր կուսակիցներին դեռ չի տեղեկացրել, թե ինչ է որոշել. կրկին կվերադառնա Արեւմտյան Հայաստա՞ն, թե՞ կմնա այստեղ եւ կզբաղվի ներկուսակցական գործերով: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից, որն ասաց. «Պարոն Հովհաննիսյանն արդեն Հայաստանում է, իսկ մնացած բոլոր հարցերին կպատասխանի ինքը»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին, որի ընթացքում քննարկվել են Ռիգայի գագաթնաժողովից հետո Արեւելյան գործընկերության ծրագրում առկա զարգացումները, ինչպես նաեւ՝ Եվրոպական խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերի շուրջ մոտեցումները: Երեկ՝ ուշ երեկոյան, Ս. Սարգսյանը վերադարձել է Հայաստան:
ՑԱՎԱԿՑԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան կապակցությամբ:
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: Կողմերն անդրադարձել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ տնտեսական կապերի սերտացմանը վերաբերող հարցեր:
ՉԵԽԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԲԱՑՎԵՑ
Հունիսի 24-25-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստանում գտնվող Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ երեկ կայացել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը:
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ Ստրասբուրգում հանդիպել է մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիքսի հետ։ Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները եւ հատկապես ընդգծել է հանձնակատարի կողմից ցուցարարների եւ լրագրողների դեմ կատարված բռնություններին տրված գնահատականների կարեւորությունը։ Զուրաբյանը Մուժնիքսին տեղյակ է պահել 14 իրավապաշտպան եւ հասարակական կազմակերպությունների եւ 7 կուսակցությունների կողմից Հայաստանի Ստրասբուրգյան կոմիտեի հիմնադրման մասին, նկարագրել այդ կոմիտեի ստեղծման նպատակները։
ԿՎԱՐԿԱՎՈՐԵՆ
Երեկ ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման բանկի (ՎԶԵԲ) միջեւ 2015 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Երեւանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագրին, որով ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի չորս միլիոն դոլար վարկ՝ Երեւանում էներգախնայող եւ անվտանգ արտաքին լուսավորության ցանց ունենալու համար։ Աշխատանքը կավարտվի 2018 թվականի երկրորդ եռամսյակում: